Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՍԿ

Փետրվար 17,2005 00:00

«ԻՍԿ Ո՞Վ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ» Հարցնում է նախագահի ներկայացուցիչ, իրավագիտության դոկտոր Արմեն Հարությունյանը Սահմանադրական փոփոխությունների շուրջ ընթացող քննարկումներին մասնակցում է նաեւ ՀՀ նախագահի ներկայացուցիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հարությունյանը, որը դեռեւս որեւէ կերպ չի միջամտում քննարկումներին: Առայժմ ասում-խոսում են կոալիցիան, ՄԱԿ-ը եւ Արշակ Սադոյանը: Նախագահի ներկայացուցչի կարծիքով՝ դժվարությունները դեռ առջեւում են. «Ավելի դժվար կլինի նախագահ-ԱԺ-կառավարություն հարաբերակցության քննարկումների փուլը, քանի որ հակազդեցությունների զսպման էական տարբերություններ կան նախագծերում: Բայց եթե ուշադիր լինենք, ապա քննարկվող երկու նախագծերը՝ կոալիցիայինը եւ ՄԱԿ խմբակցությանը, հիմնականում հիմնված են նախագահի կողմից ժամանակին ներկայացված նախագծի վրա՝ որոշ տարբերություններով: Սա ցույց է տալիս, որ ուղղվածությունը մոտավորապես նույնն է, լուծման մեխանիզմներն են տարբեր»: Ընդդիմությունը հայտարարում է, որ Սահմանադրությունը խախտող իշխանությունը իրավունք չունի փոփոխել այն եւ որ հարկավոր է առաջին հերթին հարգել Սահմանադրությունը: Այս կապակցությամբ մեր հարցին պատասխանելով՝ նախագահի ներկայացուցիչը ասաց. «Դրանք փիլիսոփայական խոսքեր են, մեկը մյուսի հետ կապ չունեցող բաներ: Իսկ ո՞վ է ասում, որ Սահմանադրությունը չի կատարվում: Այդպիսով, հարցը տարվում է քաղաքական ոլորտ, իսկ ես միշտ խուսափել եմ դրանից, որովհետեւ, եթե Սահմանադրությունը շատ քաղաքականացվեց եւ հարմարեցվեց կոնյունկտուրային, մենք կկորցնենք առկա տրամաբանական կորիզը: Այսօր քննարկումներում պահպանվում է դրականը, հարցերը չափից դուրս շատ չեն քաղաքականացվում, եւ սա շատ կարեւոր է: Իսկ ընդհանրապես, Սահմանադրությունը եւ պետք է կատարվի, եւ եթե արդիականացման խնդիր կա, պետք է արվի: Դրանք մեկը մյուսին չհակասող բաներ են»: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ չեն ներկայացված Սահմանադրության անցումային դրույթները, եւ արդյո՞ք փոփոխությունները կատարվելու են այնպես, որ գործող նախագահը հնարավորություն ստանա կրկին առաջադրվել: Ըստ Արմեն Հարությունյանի. «Չի կարող այդպիսի բան լինել, որովհետեւ իրավական ռեժիմ չի փոխվում, նոր Սահմանադրություն չի ընդունվում, գործողն է փոփոխվում: Եվ եթե քննարկվող նախագծերը դառնան հիմնական բազան, ուրեմն անցումային դրույթներն էլ մոտավորապես այն են լինելու, ինչ որ հանրաքվեի էր դրվել նախագահի կողմից»: Պրոֆեսոր Հարությունյանի կարծիքով՝ հնարավոր է, որ խորհրդարանի քննարկմանը ներկայացվի ոչ թե մեկ, այլ միանգամից բոլոր երեք տարբերակները: Ի դեպ, այս մասին խոսել էր նաեւ Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը: Տպավորություն կա, որ այս անգամ սահմանադրական փոփոխությունների հարցում ՀՀ նախագահը կարծես թե չի ուզում առաջին պլանում երեւալ: Արմեն Հարությունյանը մեր այս դիտարկմանը համաձայն չէ. «Բացարձակապես համաձայն չեմ, որովհետեւ, եթե այդպիսի վիճակ լիներ, նախագահն ընդամենը մեկ տարի առաջ էր նախաձեռնությամբ հանդես եկել եւ հանրաքվեի դրել նախագիծ: Այդպիսի պատասխանատվության տակ մտնելուց հետո սա ի՞նչ պատասխանատվություն է, երբ ինչ-որ նախագծի մասին կարծիք է դրսեւորվում, երբ դու հեղինակն էլ չես: Եվ չմոռանանք, որ նախագահի ստորագրելուց հետո են սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դրվելու: Ամեն դեպքում այդ պատասխանատվությունը կա: Պարզապես տվյալ դեպքում հեղինակներն ուրիշներն են, նրանք թող դրսեւորեն արդյունավետ մոտեցում, որ ընտրվի հնարավորինս լավագույն տարբերակը: Իսկ լավագույնն ընտրելու համար այսպիսի կառուցողական մթնոլորտ է հարկավոր»: Սակայն որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ հանրաքվեի կդրվի այն նախագիծը, որը կուզի նախագահը, եւ ընթացող քննարկումները պարզապես ձեւական են: Բնականաբար, մեր այս դիտարկմանը եւս ՀՀ նախագահի ներկայացուցիչը համաձայն չէր։ Պրն Հարությունյանը մասնավորապես բարձր գնահատեց ՄԱԿ-ի նախագիծը, որի մասին դրվատանքի խոսքեր է ասել նաեւ Վենետիկի հանձնաժողովը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել