Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 17,2005 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ երկրորդ

Երբ Բութանիայի մեր ժամանակավոր կացարանից տեղափոխվեցինք Կրիվոյ ու Գնունի, ինձ վրա մորս վերահսկողությունը ոչ թե պակասեց, այլ ընդհանրապես վերացավ նախ այն պատճառով, որ մորս աշխարհագրական գիտելիքները չափազանց նվազ էին, եւ իր կարծիքով՝ իր որդու համար Մետաքսից ու Շիլաչուց ավելի վտանգավոր գոտիներ չկային, եւ երկրորդ՝ մայրս ինձ վերահսկելու ժամանակ այլեւս չուներ, քանի որ Կրիվոյի նեղայինների ոստայնում բոլորի համար անսպասելի բուսնած միակ շենքը, ուր մենք արդեն ապրում էինք, մանկավարժների կոոպերատիվ էր, այսինքն՝ յուրաքանչյուր ընտանիքում առնվազն մեկ մանկավարժ կար, ու մորս համար դա ամենացանկալի մտավորական միջավայրն էր, եւ ուսուցչուհիներով մինչեւ ուշ գիշեր նստում ու իրենց տնօրեններից, գործընկերներից, չար կամ գերազանցիկ աշակերտներից, դրույքներից ու պատուհաններից էին խոսում եւ հաջորդ օրը կիսատ թողած տեղից շարունակում էին, ու եթե շարունակություն չէր գտնվում, նորից մի քիչ փոփոխելով՝ նույնն էին սկսում ու շարունակում, ու հոգնել-ձանձրանալ չունեին, որովհետեւ տարիներ շարունակ երազած կյանքի ու միջավայրի մեջ էին, եւ ճակատագրի բարեհաճ կամքով հենց իրենց էր վիճակվել լինել ու հանդիսանալ Կրիվոյի ու Գնունու սահմանագծին բուսնած առաջին ու դեռեւս միակ շենքի երջանիկ բնակիչները, եւ եթե առավոտները դպրոց գնալու պարտականությունը չլիներ, իրենք մինչեւ լույս կասեին ու կխոսեին եւ հնարավորինս երկար կվայելեին իրենց հանդեպ ճակատագրի միանշանակ համակրանքը:

Մի խոսքով՝ ես մորս վերահսկողությունից միանգամայն դուրս ու միանգամայն Մայոյի տրամադրության տակ էի, ու երբ մորս հայտնեցի Թերլեմեզյանը թողնելու մտադրությունս, մայրս ոչ զայրացավ եւ ոչ էլ նույնիսկ զարմացավ, որովհետեւ իր ներսում իմ նկարիչ դառնալու երազանքն ու կերամիստի ցեխոտ իրականությունն արդեն ոչ մի կերպ իրար չէին համընկնում ու ագուցվում, եւ, բացի այդ, մորս սիրտն ընդհանուր առմամբ կախ էր, որ իր որդին, ի տարբերություն մյուս ուսուցչուհիների որդիների, սովորական ու պարտադիր միջնակարգը չպիտի ավարտի, եւ երբ ես իրեն հայտնեցի ուսումնարանը թողնելու մտադրությունս, ինքը ներքուստ նույնիսկ ուրախացավ, եւ Նալբանդյան դպրոց տեղափոխվելուս իմաստուն գաղափարն իրենն էր, ու էդ գաղափարը հավասարապես երկուսիս սրտով էր, որովհետեւ երկուսս էլ համոզված էինք, որ Գորկու դպրոցից հետո Նալբանդյանում սովորելս պարզապես խաղուպար է լինելու:

Էդպես էլ եղավ: Նալբանդյանում ես ոչ միայն հիմնականում հինգեր ու երբեմն նաեւ չորսեր էի ստանում, այլեւ, որպես օրինակելի աշակերտ, լեզվի ու գրականության գծով մասնակցում էի շրջանային, քաղաքային ու հանրապետական օլիմպիադաներին, իսկ այն բանից հետո, երբ Հանրապետական օլիմպիադայում իմ գրած ազատ շարադրությունն արժանացավ բրոնզե մեդալի, Նալբանդյանում ինձ գերազանց գնահատականներ սկսեցին նշանակել նույնիսկ մաթեմատիկայից, բայց ամենակարեւորն այն էր, որ ինձնից վաղուց երես թեքած էդ հինգերն ինձ նշանակում էին առանց դաս հարցնելու, այսինքն՝ իմ առաջադիմության կտրուկ ու շեշտակի բարձրացումից իմ ազատ ժամանակը ոչ միայն չպակասեց, այլեւ, ընդհակառակը, էապես ու շոշափելիորեն ավելացավ, եւ ես ակամա ու ինքնաբերաբար շարունակում էի համագործակցել Մայոյի հետ վերստին կես դրույքով, բայց Աստծո կամոք ձմեռներ էլ կային, այսինքն՝ եղել էր ու կար տարվա էդ ցուրտ ու չորրորդ եղանակը, որի ընթացքում ֆուտբոլ չկար ու չէր էլ կարող լինել, ու եթե ձմեռն ամենաանհարմար եղանակն էր ֆուտբոլի իմաստով, ապա ամենահարմարն էր տանը նստելու ու երազելու առումով, եւ էդ տարվա ձմեռն ու հանրապետական օլիմպիադայի իմ հաջողությունն էապես նպաստեցին, որ մորս մտահորիզոնում միանգամայն նոր երազանք ընձյուղվի, ու էդ նոր երազանքը մեկին մեկ համընկնում էր բանասիրականում կրթությունս շարունակելու չափազանց տրամաբանական հեռանկարին, ու էդ հեռանկարն իսկապես չափազանց տրամաբանական էր, որովհետեւ էդ տարիներին մայրս բարեկամ կամ հարեւան աբիտուրիենտների հետ ձրի հայերեն էր պարապում, այսինքն՝ ինձ հետ պարապողը տնից էր լինելու, եւ, բացի այդ, արդեն իսկ պարզ էր, որ ազատ շարադրության գծով որեւէ բարդություն չեմ ունենալու, իսկ բանավորի, պատմության ու անգլերենի առումով դեմներս տարուց ահագին ավելի կար, եւ գլխավորը մորս որոշումն էր, ինչպես նաեւ՝ իմ լուռ համաձայնությունը:

Բայց օրերն ու ամիսները սովորականից արագ էին անցնում, եւ, մինչ մորս երազանքն առավել շոշափելի կդառնար, արդեն վաթսունիննի աշունն էր, եւ արդեն Գագոն ու Ալիսը կային:

Գագոն իմ համադասարանցի ընկերն էր, իսկ Ալիսը մեզ բարեկամ էր գալիս, եւ երեքիս հետ մայրս աշնանից սկսած՝ լեզու ու գրականություն էր պարապում, բայց Ալիսը հավասարապես շեղում էր ինձ ու Գագոյին, եւ Ալիսի ու իմ բարեկամ լինելը բնավ էլ իմ շեղվելուն խոչընդոտ չէր, որովհետեւ մեր բարեկամությունն արյունակցական չէր, այլ ընդամենը՝ խնամիական, ու էդ արդարացումը բավական էր, որ ես լրջորեն սիրահարվեի:

Ալիսն իմ երկրորդ լուրջ սերն էր ֆուտբոլից հետո: Երբ սկսեցի ֆուտբոլով փող աշխատել, ֆուտբոլի հանդեպ սերն իմ հոգում արագորեն մարեց, ու շատ շուտով ես հասկացա, որ այնտեղ, ուր ֆինանսական հաշիվներ կան, սիրո մասին խոսք անգամ չի կարող լինել:

Մի խոսքով, իմ ներսում ֆուտբոլից ազատված տարածքը թեեւ շատ խորն ու ընդարձակ էր, բայց Ալիսը շատ շուտով ամբողջովին զբաղեցրեց այն: Պարապմունքների ժամերին ու դրանցից հետո էլի ահագին ժամանակ մեր ճաշասենյակը լեցուն էր իր սքանչելի բուրմունքով, եւ ինքը պարապմունքների ժամանակ մշտապես իմ ու Գագոյի նեղլիկ արանքում էր նստում՝ պատահաբար ու շարունակաբար անփույթ քսվելով հավասարապես երկուսիս, եւ ես ու Գագոն հավասարապես երազում էինք սեփականել ու մշտապես ունենալ էդ, ուրեմն, աննախադեպ ու աննկարագրելի բուրմունքը, բայց Գագոն կարծես թե տրամադրվում էր զիջել ինձ, որովհետեւ մայրս իր հետ էլ էր միանգամայն անվճար պարապում, չնայած Ալիսի բուրավետ ներկայությունն արգելում էր մորս բացատրածից ու պարապածից որեւէ արդյունք քաղել, եւ մայրս, որ էդ ամենն զգում ու հասկանում էր, ի վիճակի չէր Ալիսին կտրել մեզանից, որովհետեւ, կրկնում եմ, խնամիական կապեր ու հարաբերություններ կային, բայց, մյուս կողմից էլ, մեր ընդունելության քննություններին չորս թե հինգ ամիս էր մնացել՝ դրանից էլ հանած տասներորդի մեր ավարտական քննությունններն ու այնօյինները, եւ երբ յոթանասունի գարնան գլուխ սարիթաղցի Հենդոն Ալիսին փախցրեց, ամենից շատ ու առաջին հերթին հենց մայրս էր ուրախացել, եւ մայրս, ուրախացած ու ոգեւորված, էդ տեղեկությունն ինձ ու Գագոյին հայտնելով՝ ասաց. «Պրծանք. հիմի արդեն մարդավարի կպարապենք»: «Չկա»,- զարմացած նայելով մորս՝ ասաց Գագոն: «Ասում եմ՝ փախցրել են. սարիթաղցիք փախցրել են»,- ասաց մայրս: «Հո՛տը չկա»,- ասաց Գագոն: «Ի՞նչ հոտ»,- հարցրեց մայրս: «Ալիսի հոտը չկա»,- ասաց Գագոն: «Էդ իրա հոտը չէր, ա՛յ խելոք. էդ իրա դուխու հոտն էր»,- ասաց մայրս: «Ի՞նչ դուխի»,- զարմացավ Գագոն: «Տեղական էժանագին դուխի,- ասաց մայրս,- վայ թե վեդրոյով էր վրեն լցնում. վայ թե սարիթաղցուն էդ ձեւով ա խելքահան արել»:

Ինչեւէ, մայրս շատ գոհ էր, ու Գագոն էլ էր երեւի ներքուստ շատ գոհ, որ Ալիսը ոչ իրեն բաժին հասավ եւ ոչ էլ ինձ, ու եթե ասեմ, որ Ալիսի անակնկալ անհետացումն ինձ առանձնակի տառապանքներ պատճառեց, չհավատաք, որովհետեւ ես արդեն լրջորեն էի բանասիրականին տրամադրվել եւ տառապելու իրավունք ու ժամանակ պարզապես չունեի, քանի որ պարապմունքներս, քննություններս ու տասներորդի զանազան այնօյինները կային, եւ, այդ ամենից բացի, նաեւ Մայոյի տոմսերը դեռեւս կային, ու ես դեռեւս էդ տոմսերից չէի հրաժարվել, որովհետեւ արդեն օրական մի տուփից ավել էի ծխում, ու ինձ փող էր պետք, ու ես մինչեւ հունիսի կեսերը համագործակցեցի Մայոյի հետ:

Ինչ վերաբերում է Ալիսին, ես էդ օրերին նրան շատ հաճախ էի երազներիս մեջ տեսնում, իսկ ցերեկները հազվադեպ էի իրեն հիշում՝ պարապմունքներից ու ֆուտբոլի տոմսերից ազատ րոպեներին միայն, ու հիմա, վերստին Ալիսին հիշելով, զուգահեռաբար նաեւ ենթադրում եմ, որ եթե էն օրերի իմ գերծանրաբեռնվածությունը չլիներ, միգուցե Ալիսի առիթով ահավոր տառապանքների մեջ հայտնվեի, ու զուգահեռաբար նաեւ մտածում ու ենթադրում եմ, որ առհասարակ սիրո հարցում պարապության աստիճանը չափազանց կարեւոր գործոն է:

Ինչ վերաբերում է կոնկրետ Ալիսին, ես նրան տեսա ուղիղ յոթ տարի անց՝ տատիս քրոջ՝ Սոնիչկայի թաղմանը: Ալիսն իր քաչալ ու նիհար սարիթաղցու հետ էր, ու հենց Թոխմախում՝ թաղման արարողությունից անմիջապես հետո տատս, արցունքները սրբելով, Ալիսի թեւից քաշելով, սարիթաղցուց հեռու տանելով ու սարիթաղցուն մատնացույց անելով՝ հարցրեց.

– Ախչի Ալի՞ս, էս ճլեզն է՞ր քեզի փախցրել:

– Հա՛, Օսան մոքիր,- ասաց Ալիսը:

– Խափես ես,- ասաց տատս:

– Ինչի՞ պիտի խաբեմ,- զարմացավ Ալիսը.- ըտեղ ի՞նչ կա խաբելու, Օսա՛ն մոքիր:

– Քու էս ջան ու ջանդակիդ տասը խատ դրա նմանին կարայիր փախցնեիր,- ասաց տատս:

– Էն վախտերն էս ջանս ու ջանդակս չկային,- ասաց Ալիսը.- էն վախտերը ես շատ նուրբ ու բարակ աղջիկ էի, Օսա՛ն մոքիր:

– Յաման լոպպազն ես, խա՜,- ասաց տատս:

– Էրեւում ա՝ ինձ շատ վատ ես հիշում, Օսա՛ն մոքիր. հեն ա՝ թող Արմոն ասի,- ասաց Ալիսն՝ ինձ վկա բերելով:

– Ալիսը ճիշտ ա ասում, տա՛տ. էն վախտերն ինքը շատ նուրբ ու շատ սիրուն աղջիկ էր,- գլուխս կախելով՝ հաստատեցի ես:

Գլուխ երկրորդ

ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ՈՒՐԻՇ ՋՐԵՐ

Իմ ու Մայոյի միջեւ ամենավերջին խոսակցությունը տեղի ունեցավ յոթանասուն թվականի հունիսի տասնվեցին՝ «Արարատ»-«Զարյա» խաղից անմիջապես հետո: Ես այդ օրը երեք ռուբլով հինգ տոմս էի ծախել ու ողջ գումարը՝ տասնհինգ ռուբլին Մայոյին հանձնելով՝ ասացի.

– Պըրծ, Մայո ջան, քննություններիս ամիսուկես ա մնացել. էլ վայ թե չկարենամ էս գործն անեմ:

– Նայի հարմարությանդ, Արմո ջան,- ասաց Մայոն:

– Հա,- ասացի ես.- էլ վայ թե տոմս չծախեմ:

– Էլի եմ ասում՝ հարմարությանդ նայի,- ասաց Մայոն:

– Ժամանակ չունեմ,- ասացի ես:

– Ժամանակի հարց վաբշե չկա,- ասաց Մայոն.- էս գործը քեզանից սաղ-սաղ մի ժամ ժամանակ ա խլում:

– Շեղվում եմ, միտքս շեղվում ա. էս ամիսուկեսը պիտի կպած պարապեմ,- ասացի ես:

– Քու գործն ա,- ասաց Մայոն, – Աստված տա՝ ընդունվես: Որ ընդունվես, էս գործն ըսենց թե ընենց պիտի թարգես. պրեստիժի հարց ա:

– Լավ էր, որ էսքան վախտ հերնումերս չիմացան ջուր ու տոմս ծախելուս մասին,- ասացի ես:

– Էս գործի մեջ ամոթ բան չկա,- ասաց Մայոն,- ուղղակի մերդ որ դպրոցի դասատու ա, մի քիչ էն չի. ինձ էլ ա, չէ՞, էրկու տարի գիշերայինում դաս տվել:

– Գիտեմ,- ասացի ես:

– Բայց, էլի եմ ասում, էս գործի մեջ ամաչելու բան հեչ չկա. ամեն մեկն իրա հացի փողը մի ձեւով ստեղծում ա,- ասաց Մայոն:

– Ամեն դեպքում՝ ես քեզանից շատ գոհ եմ,- ասացի ես:

– Ես էլ քեզանից եմ գոհ,- ասաց Մայոն ու գրպանի փողերի կույտից մի կարմիր տասանոց ջոկելով՝ խոթեց գրպանս:

– Էս ի՞նչ ես անում,- ասացի ես՝ գրպանիցս տասանոցը հանելով:

– Ջե՛բդ դիր,- խիստ տոնով ասաց Մայոն,- էս քու վերջին գործի փողն ա. վերջինը զակոնով լրիվ քեզ ա հասնում:

– Մերսի,- ասացի ես:

– Հաջող,- ասաց Մայոն:

– Հաջող,- ասացի ես:

– Աստված տա՝ ընդունվես. լրիվ սրտանց եմ ասում,- ասաց Մայոն:

– Չեմ կասկածում,- ասացի ես:

Ճանապարհին սիրտս, հիշում եմ, նվաղում էր: Ես հրաժեշտ էի տալիս երեք տարվա իմ կյանքին՝ ինքս ինձանից վերջնականապես ու ընդմիշտ հեռանալով:

Չնայած իմ ու Մայոյի ամենավերջին երկխոսությունը չափազանց մարդկային եւ նույնիսկ սրտաճմլիկ էր, բայց իմ ու իր հետագա հանդիպումներն ու բարեւները չափազանց սառն էին, որովհետեւ երկուսս էլ աշխարհի անցուդարձերից հավասարապես անտեղյակ էինք ու դեռեւս չգիտեինք, որ Քոչինյանի չափազանց խիստ կարգադրությամբ ողջ հանրապետության շինարարները, արհեստավորներն ու բանվորներն արդեն քրտնմխած կոտորվում էին, որպեսզի ուղիղ ինն ամիս անց «Արարատն» արդեն «Հրազդանում» խաղեր տա: Այսինքն՝ տոմս ծախելու գործը ոչ միայն ինձ համար էր փակվում, այլեւ՝ Մայոյի ու Գնունու բոլոր տղերքի համար: Բայց, ցավոք սրտի, ես ու Մայոն դեռեւս այդ մասին չգիտեինք ու չափազանց սառն էինք իրար բարեւում, ավելի ճիշտ՝ սկզբում ինքը մի քանի անգամ ինձ սառը բարեւեց, եւ հետո նոր՝ ես իրեն, բայց ավելի հաճախ հեչ չէինք էլ բարեւում. ավելի հաճախ չտեսնելու էինք տալիս ու իրար կողքով առանց բարեւի-բանի անցնում-գնում էինք:

Սովետի օրոք մեր կյանքում անսպասելի ու անկանխատեսելի բաներ տեղի չէին ունենում, բայց Մայոյի ու տոմս ծախող տղերքի կյանքում անսպասելին ու անկանխատեսելին կատարվեցին ու տեղի ունեցան, եւ երբ յոթանասունմեկի մայիսին «Հրազդանն» իր դռները բաց արեց, Մայոն ու Գնունու տղերքից շատերը մեկից հայտնվեցին գործազուրկի կարգավիճակում: Իմ էս պատմության մեջ անկանխատեսելին նաեւ էն էր, որ ես, ֆուտբոլային իմ բիզնեսը թարգելով, անմիջապես ու վերստին սիրահարվեցի ֆուտբոլին, ու Մայոյի հետ իմ վերջին խոսակցությունից անմիջապես հետո ֆուտբոլը վերստին հորդեց ինձնից ներս, որովհետեւ հենց էդ օրերին Մեքսիկայում արդեն սկսվել էր ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, եւ ես ու աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունն ուղիղ եթերով Պելեի, Ժաիրզինիոյի, Տոստաոյի, Ռիվելինոյի ու մյուսների խաղն էինք ըմբոշխնում: Այնպես որ, ֆուտբոլը Ալիսի տեղը միանգամայն լցնելով ու զբաղեցնելով, չէր թողնելու, որ անգլերենս ու պատմությունս նորմալ պարապեի ու ներկայանայի բանասիրականի իմ ընդունելության քննություններին, ու էդ առաջնությունից ընդամենը մի քանի օր անց, երբ Բրազիլիան արդեն բացարձակ չեմպիոն էր, ես, առանց անգլերենի ու պատմության տարրական իմացության, հանդգնեցի ներկայանալ ընդունելության քննություններին:

Մայոյի ամեն սառը բարեւից սիրտս ճմլվում էր, մանավանդ որ՝ ինստիտուտ ընդունվելու հույսերն իմ մեջ արդեն մարած էին, ու ես, մորիցս թաքուն, մտովի ու հոգեպես իմ բանակին էի նախապատրաստվում, որովհետեւ մանկավարժականի բանասիրականում, ինչպես միշտ, չափազանց բարձր կոնկուրս էր, ու անցողիկ միավորն առնվազն տասնվեցն էր, այսինքն՝ առնվազն չորս հատ չորս պիտի ստանայի, բայց ես անգլերենից ու պատմությունից ուղղակի զրո էի: Այդուհանդերձ, չեմ կարող ասել, թե քննություններիս նախորդող օրերին ինձ առանձնապես դժբախտ էի զգում, քանզի Բրազիլիայի հաղթանակն ինձ համար կատարյալ երջանկություն էր, եւ Պելեի ու իր թիմակիցների ուրախությունը հավասարապես նաեւ իմ ուրախությունն էր՝ էնքան որ սիրահարված ու ներհյուսված էի իրենց էդ կատարյալ խաղուպարին, եւ երբ էդ հաղթանակից ընդամենը տասնհինգ օր անց հայոց լեզվի բանավոր քննության ժամանակ Մեծարենցի տոմսը քաշեցի ու սկսեցի արտասանել «Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական»-ը, եւ երբ քննող դասախոսն ինձ ընդհատեց ու հարցրեց, թե ինչպես եմ պատկերացնում անանձնական ուրախությունը, միտքս հանկարծակի պայծառացավ, ու ես քննող դասախոսին մարդկային ու հասկանալի լեզվով բացատրեցի ու նկարագրեցի տասնհինգ օր առաջվա իմ անանձնական ուրախությունը՝ Պելեի ու Բրազիլիայի հաղթանակի կապակցությամբ: Իմ բախտից՝ քննող դասախոս Մանուկյան Էդիկը, որ ընդամենը մի քանի օր անց արդեն իմ գրաբարի դասախոսն էր, ընդհանրապես ֆուտբոլ եւ մասնավորապես բրազիլական ֆուտբոլը շատ էր սիրում, այսինքն՝ իմ ու իր անանձնական ուրախությունները համընկան, եւ ինձ համար էդ ամենակարեւոր պահին ինքն ինձ միանգամայն ճիշտ հասկացավ եւ, ինձ ճիշտ հասկանալով, որոշեց բանավորս «գերազանց» գնահատել, իսկ «գերազանցի» համար հանձնաժողովի նախագահի՝ ակադեմիկոս Աշոտ Աբրահամյանի համաձայնությունն էր անհրաժեշտ, եւ երբ Աշոտ Աբրահամյանը ծանրումեծ մոտեցավ ու սկսեց քերականությունից հարցեր տալ ինձ, եւ երբ ես հեշտությամբ պատասխանեցի իր բոլոր հարցերին, ակադեմիկոսն ինձ հարցրեց. «Ձեզ հետ որեւէ մեկը պարապե՞լ է, թե՞ ինքնուրույն եք պատրաստվել»: Ես հենց էդ հարցին էի սպասում եւ անմիջապես պատասխանեցի. «Մայրս է պարապել. ինքը ձեր ուսանողուհին է եղել»: «Ո՞վ է ձեր մայրը»,- հարցրեց ակադեմիկոսը: «Փարվանյան Սեդան»,- ասացի ես: «Պարզ է»,- ասաց ակադեմիկոսն ու Վարդանյան Էդիկին դիմելով՝ ավելացրեց. «Բացարձակ գերազանց է, Էդուարդ»:

Հա՛, չմոռանամ ասել, որ էդ քննությունիցս երեք օր առաջ «Իմ հայրենիքը» թեմայով ազատ շարադրությունից ես արդեն մի «հինգ» ստացել էի, եւ երբ ակադեմիկոսն ինձ հարցրեց, թե գրավորից ինչ եմ ստացել, ասացի՝ գերազանց: Ակադեմիկոսը նստած տեղից վեր կացավ եւ իր ծանր ձեռքն ուսիս դնելով՝ ասաց. «Կընդգրկվեք իմ խմբում եւ ձեր մայրիկի սխալը կուղղեք»:

Մորս պատմածներից ես արդեն գիտեի, որ ժամանակին Աշոտ Աբրահամյանը շատ է պնդել, որ մայրս մնա ինստիտուտում եւ կրթությունն ասպիրանտուրայում շարունակի, բայց հայրս դեմ էր եղել ու չէր թողել, եւ երբ ակադեմիկոսն ասաց՝ «կընդգրկվեք իմ խմբում եւ ձեր մայրիկի սխալը կուղղեք», ես, ինձ չկորցնելով, ասացի. «Ես ընդունվելու ոչ մի հույս չունեմ, ընկե՛ր Աբրահամյան»: «Ինչպե՞ս թե՝ ոչ մի հույս չունեք. չէ՞ որ արդեն երկու «հինգ» եք ստացել»,- զարմացավ ակադեմիկոսը: «Պատմությունից ու անգլերենից բացարձակ զրո եմ»,- ասացի ես: «Ե՞րբ եք հանձնելու այդ երկու քննությունները»,- հարցրեց ակադեմիկոսը: «Քննաթերթիկում նշված են, ընկեր Աբրահամյան,- ասաց Վարդանյանը.- առաջինն ամսի տասնմեկին է, երկրորդը՝ տասնհինգին»: «Ինձ անպայման նախապես կհիշեցնեք, Էդուա՛րդ»,- ասաց Աբրահամյանը: «Անպայման կհիշեցնեմ»,- ասաց Վարդանյանը: «Տեսեք՝ չմոռանա՛ք»,- ասաց Աբրահամյանը: «Չե՛մ մոռանա, ընկեր Աբրահամյան»,- ասաց Վարդանյանը՝ իր դիմաց դրված թղթի վրա նշելով քննություններիս օրերը:

Ես էդպես էլ չիմացա՝ Վարդանյանը հիշեցրե՞ց Աբրահամյանին, թե՝ ոչ, բայց, բոլոր դեպքերում, մենք ձեռքներս ծալած չէինք նստելու ու սպասելու, թե երբ պիտի Վարդանյանն Աբրահամյանին հիշեցնի, եւ երբ քննությունիցս անմիջապես տուն սլանալով՝ ամենայն մանրամասնությամբ մորս պատմեցի իմ ու Աբրահամյանի միջեւ տեղի ունեցած խոսակցությունը, մայրս նույն այդ երեկոյան զանգահարեց, գտավ ու ամբողջովին մոբիլիզացրեց Դեղձիկին:

Դեղձիկը մորս ամենամտերիմ ընկերուհին, համակուրսեցին ու ողջ մանկավարժականի գործերի կառավարիչն էր, եւ Դեղձիկը, որ իմ բանավորից ընդամենը երկու օր առաջ կոպիտ ձեւով մորս խնդրանքը մերժել ու հանձն չէր առել իմ հաշվով Աբրահամյանին խնդրել, մորիցս իմ ու Աբրահամյանի խոսակցության մասին տեղեկանալով ու նաեւ տեղեկանալով, որ արդեն երկու հատ «հինգ» եմ, փաստորեն, ինքնուրույն ստացել, ոչ միայն անմիջապես հանձն առավ ու ստանձնեց Աբրահամյանին հիշեցնելու ու կուրսի մեջ պահելու առաքելությունը, այլեւ խոստացավ իր կողմից էլ իմ հաշվով երկու խոսք ասել պատմության ու օտար լեզուների հանձնաժողովների նախագահներին, եւ երբ Դեղձիկը խոստացավ իր կողմից էլ երկու խոսք ասել այդ մարդկանց, մայրս հասկացավ ու ինձ էլ հասկացրեց, որ արդեն Աբրահամյանին հիշեցնելու անհրաժեշտություն կարող է եւ չլինել, որովհետեւ հատկապես էդ տարիներին մանկավարժականում Թոխաթյան Դեղձանիկի դեմ, ինչպես հիմա են ասում, խաղ չկար, եւ դրա պատճառը ոչ թե այլեւայլ բաներ էին, այլ միայն՝ Դեղձիկի մարդկային բարձրագույն հատկանիշները՝ ազնվությունը, անկաշառությունն ու սկզբունքայնությունը, երբեմն նաեւ՝ չափավոր խստությունը, եւ, այս ամենից բացի, Դեղձանիկը նաեւ Կենտկոմի մակարդակներում էր հարգված ու ճանաչված, եւ, հիսունականների կեսերից սկսած, կուսակցության համագումարներն առանց Դեղձիկի ոչ ոք չէր պատկերացնում, եւ, նախ Սուրեն Թովմասյանը, ապա եւ Անտոն Քոչինյանը Դեղձիկին անձամբ էին ճանաչում ու հարգում, որովհետեւ էդ տարիներին դիկտոֆոններով զինված լրագրողներ չկային, եւ Դեղձիկն ու մայրս հանրապետությունում միակներն էին, որ բանասիրականին զուգահեռ նաեւ սղագրության հատուկ կուրսեր էին անցել, եւ, հիշում եմ, համագումարից առաջ Քոչինյանն անձամբ էր իր ենթականերին կարգադրում՝ «Դեղձիկին իմաց արեք», եւ սա անձամբ Անտոն Երվանդովիչի ասած նախադասությունն էր եւ Դեղձիկի միջոցով հասել էր մեզ ու չէր էլ կարող մեզ չհասնել, որովհետեւ Դեղձիկն առանց մորս աջակցության դժվար թե մենմենակ գլուխ բերեր սղագրության էդ գործը: Մայրս, ճիշտ է, Քոչինյանին երբեւէ մոտիկից չէր տեսել ու չտեսավ, բայց Դեղձիկի պես ինքն էլ էր շատ հարգում առաջին քարտուղարին, որովհետեւ վերջինս, ի տարբերություն մյուս ղեկավար աշխատողների, շատ նորմալ ու դանդաղ էր իր ճառն ասում, եւ, ուրեմն, Դեղձիկն ու մայրս բարեհաջող հասցնում էին սղագրել իր ելույթը, ու էդ սղագրություն կոչվածն ինչ-որ հատուկ նշաններ էին, բառերի ու նախադասությունների փոխարեն Դեղձիկն ու մայրս ինչ-որ անհասկանալի նշաններ էին շարում, ու համագումարների էդ օրերին մայրս ոչ իր ուսուցչական աշխատանքին էր գնում ու ոչ էլ տուն էր գալիս. Դեղձիկի հետ ողջ գիշեր նստում էին «Սովետական Հայաստանի» խմբագրությունում ու Դեղձիկի հետ ամբողջ գիշեր իրենց էդ սղագրությունները հոդաբաշխ հայերենի էին վերածում, որ առավոտյան թերթը, ճառերով հանդերձ, լույս տեսներ:

Թովմասյանից հետո մի կարճ ժամանակ Դեղձիկն ու մայրս լավ հանգստացան, որովհետեւ Զարոբյանը ռուսերեն էր ճառում ու խոսում եւ Դեղձիկին էդպես էլ չճանաչեց, բայց Քոչինյանի օրոք էդ, ուրեմն, իրենց չարչարանքները նորից վերսկսվեցին, եւ Դեղձիկն ու մայրս երանությամբ էին հիշում ու վերհիշում Զարոբյանի ժամանակների իրենց էդ հանգստի տարիները, չնայած, կրկնում եմ, Քոչինյանին շատ էլ հարգում էին: Եվ էդ սղագրությունները մորս համար շատ ավելի ծանր էին, քան Դեղձիկի, որովհետեւ, ի տարբերություն Դեղձիկի, մայրս ամուսնացած էր ու ընտանիք ուներ, ու նաեւ երեխաներ ուներ, որոնց ապագայի հարցն իր կյանքի բուն իմաստն էր:

Մի խոսքով, Դեղձիկը մանկավարժականում ու մանկավարժականից դուրս անառարկելի հեղինակություն էր, եւ երբ նա խոստացավ խառնվել իմ պատմության ու օտար լեզվի գործերին, ես ու մայրս որոշակիորեն հասկացանք, որ արդեն ընդունված ենք: Նույն շաբաթվա մեջ ես պատմությունից ու անգլերենից մեկական «չորս» ստացա, եւ յոթանասուն թվականին բանասիրական ընդունվածների ցուցակում տասնութ միավորով Առաքելյան Անահիտի հետ առաջինն էինք, ու հիմնականում դա էր պատճառը, որ սեպտեմբերի մեկին ինձ նշանակեցին կուրսի ավագ, իսկ ավելի ճիշտ՝ խմբի ավագ, որովհետեւ բանասիրականի մեր հարյուր քսան հոգանոց կուրսը այբբենական հիմունքով բաժանվեց երկու խմբերի, եւ մեր երկու խմբերից առաջինի ավագ նշանակվեց Առաքելյան Անոն, որ Վարագ Առաքելյանի եղբոր աղջիկն էր, իսկ երկրորդինը՝ ես, եւ, ի տարբերություն մեր կուրսի ամենահետաքրքրասեր Ցողիկի, դուք արդեն միանգամայն որոշակի գիտեք, թե ես ում եղբոր որդին էի:

Ես ու մայրս էդպես էլ չիմացանք, թե պատմության ու անգլերենի գծով մեր գլխավոր բարերարն ով էր՝ Դեղձի՞կը, թե՞ Աբրահամյանը, եւ երբ մայրս մի անգամ Դեղձիկին տվել էր էդ հարցը, Դեղձիկը մորս կոշտուկոպիտ տոնով պատասխանել ու ասել էր. «Քեզ հեչ չեմ հասկանում, ա՛յ Սեդա. կարեւորը տղիդ ընդունվելը չէ՞ր»: Իսկ ես մորս շատ լավ էի հասկանում. մայրս շատ կուզեր, որ անգլերենիս ու պատմությանս «չորսերն» Աբրահամյանի միջոցով գլուխ եկած լինեին, որովհետեւ էդ դեպքում իմ ընդունվելու հարցում մորս դերակատարությունն առավել նշանակալի էր դառնում: Բայց Դեղձիկն էն մարդը չէր, որ մորս շարունակվող հարցերին հստակ պատասխաններ տար ու էդպես հեշտությամբ ցրեր ընդունվելուս իրողությունը շղարշած խորհրդավորությունն ու մշուշը, ու Դեղձիկը նաեւ էն մարդն ու էն անձնավորությունը չէր, որ որեւէ մեկին թույլ տար իր լավության տակից դուրս գալ ու ճողոպրել, ու, հիշում եմ, մենք Կրիվոյի մեր տանը հատուկ Դեղձիկին շնորհակալություն հայտնելու նպատակով սեղան գցեցինք, բայց երեք անգամն էլ ինքը խոստացավ ու չեկավ՝ հետագայում պատճառաբանելով, որ զբաղված է եղել, բայց հատկապես մայրս լավ գիտեր, որ Դեղձիկը միայն ցերեկներն ինստիտուտում է զբաղված լինում, իսկ իրիկունները եթե զբաղված էր լինում, ընդամենը զբաղված էր լինում իր երկու եղբայրների նորածինների տակնուվրան մաքրելով, լվանալով ու չորացնելով: Այդուհանդերձ, ընկեր Դեղձիկն ինստիտուտի շրջանակներում ու սահմաններում իրեն ինձանից հեռու չէր պահում, ավելին՝ իմ հանդեպ մշտապես հարազատի մոտեցում էր ցուցաբերում, մշտապես ինստիտուտի միջանցքում ինձ կանգնեցնում ու հետս երկար-բարակ խոսում էր, ու մեր կուրսի ամենահետաքրքրասեր Ցողիկը, որ շարունակում էր տնտղել, թե ով ում բարեկամն է, ինձ ու Թոխաթյան Դեղձանիկին իրար հետ կանգնած տեսնելով՝ մեր համակուրսեցիների ականջներին խորհրդավոր քչփչում էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել