Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազգային գրադարանը SOS է հնչեցնում

Փետրվար 17,2005 00:00

Ձյունառատ ձմեռը հանրապետության գլխավոր՝ Ազգային գրադարանի համար իրական վտանգ է՝ հոգեւոր, մշակութային արժեքների ոչնչացման, գրականության օգտագործման պիտանիությունը կորցնելու առումով:

Գրադարանի 4 մասնաշենքերից եւ ոչ մեկը հիմնադրման օրից չի վերանորոգվել, ուստի առաջացած հիմնախնդիրները տասնամյակների պատմություն ունեն, եւ այսօր անչափ կարեւոր է շինությունների հիմնարար վերանորոգումը, գրքի պահպանման չափորոշիչների ապահովումը արդիական միջոցներով (օդափոխություն, ջեռուցում, հակահրդեհային եւ ազդանշանային համակարգեր), գրքի վերականգնման բաժնի վերազինումը: Գրադարանի խնդիրներն այսօր ստանում են ժամանակավոր լուծումներ, որոնք, ինչպես գիտենք, անընդհատ ծախսատար են, քանզի մի որոշ ժամանակ անց դարձյալ լուծումներ են պահանջում: Գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի խոսքերով, ձմռան ամիսներին գրադարանի գրապահոցները չեն ջեռուցվում, ինչը մեծ վտանգ է գրքերի համար: Ազգային գրադարանն առանց հովանավորության այս հարցը լուծել չի կարող: Հանրապետության կարեւորագույն մշակութային այս հաստատությունը, ըստ Դ. Սարգսյանի, հնարավոր կլինի կարգի բերել միայն խոշոր ներդրումներով, որպիսին ի վիճակի է Լինսի հիմնադրամը:

Այժմ գրադարանում ընթանում է ամբողջական հավաքածուի ստուգում-հաշվառումը: Վերականգնվում են գրքերը, լրացվում են պակաս, վնասված էջերը եւ տեղափոխվում նոր՝ ավելի լավ, սակայն դրանք պահպանելու համար ոչ բավարար պայմաններ ունեցող մասնաշենք: «Խոնավությունից, բորբոսից, հիվանդությունից փրկելու միակ տարբերակը նկուղներից այդ հավաքածուները տեղափոխելն է փոքր-ինչ բարվոք պայմաններ, բայց սա հարցի լուծում չէ, այլ ընդամենը փրկության օղակ»,- ցավով նշում է տնօրենը եւ ավելացնում, որ Ազգային գրադարանի ֆոնդերի պահպանությունն ու հոգսերը հոգալը համապետական եւ համաժողովրդական խնդիր է, քանզի այնտեղ է ամփոփվում մեր ամբողջ տպագիր արտադրանքի պատմությունը:

Գրադարանն աշխատում է Գրադարանային գործի եւ Պարտադիր օրինակի մասին օրենքների բացակայության պայմաններում: Քննարկման փուլում է «Ազգային գրադարանի մասին» օրենքի նախագիծը, որը Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում, ՀԱԳ տնօրենի խոսքերով, կօգնի, որպեսզի վերահսկելի լինի հանրապետությունում հրատարակվող գրականության իրական պատկերը: «Աշխարհասփյուռ հայությունը պիտի հասկանա, որ սա մեր ազգային հոգեւոր մշակութային հարստության կենտրոնն է, ամենահարուստ շտեմարանը եւ պետք է թեւ ու թիկունք լինի մեր պատմությանը, հոգեւոր ժառանգությանը»,- եզրափակում է Դ. Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ՓՈԼԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել