Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկի՛ն փորձիր

Փետրվար 17,2005 00:00

Մինչեւ
2000 թ. ոչ պետական բուհ ավարտած շրջանավարտների համար հերթական անգամ կկազմակերպվեն
քննություններ՝ պետական նմուշի դիպլոմ տրամադրելու նպատակով: Խնդիրն այն է,
որ մինչ 2000 թ. ոչ պետական բուհերի հավատարմագրում դեռեւս չկար, այսինքն՝ լիցենզավորվելուց
հետո այդ բուհերին պակասում էր որոշակի կարգավիճակ, որպեսզի այս բուհերն ավարտողները
ստանային պետական նմուշի դիպլոմ եւ իրավունք ունենային աշխատանքի անցնել պետական
համակարգում: («Կրթության մասին» օրենքի 45 հոդվածի 4-րդ կետն արգելում է առանց պետական
նմուշի դիպլոմի աշխատանքի անցնել պետական համակարգում): Այդ շրջանավարտների համար,
ըստ պետական քննությունների կազմակերպման կարգի, մինչեւ 2006 թիվը ԿԳՆ-ն պարտավոր
է կազմակերպել այդ ատեստացիոն քննությունները: Դեռեւս 2003-ին սկսվեց այս
գործընթացը, կազմավորվեց ընդունող հանձնաժողով, որ ընդունեց դիմումները, եւ այդպիսով
գործընթացն ավարտվեց: Ընդ որում, հանձնվելիք յուրաքանչյուր քննության համար այդ քաղաքացիները
հանձնաժողովին պետականորեն մուծել են 3000-ական դրամ: Քննությունների անցկացումը
մինչ օրս ձգձգվում է, իսկ գումարները հետ չեն վերադարձվել: «Քննությունների
անցկացումը հետաձգվեց մինչեւ «Բարձրագույն մասնագիտական եւ հետբուհական կրթության
մասին» օրենքի ընդունումը, որովհետեւ քննությունների անցկացումը կարող էր կախված
լինել օրենքից: Օրենքի տառով՝ պետական նմուշի դիպլոմ ձեւակերպումը վերացավ, հետեւաբար
մարդիկ հնարավոր է՝ չգան քննության»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց ԿԳ փոխնախարար
Արա Ավետիսյանը: Քննությունները, ըստ ամենայնի, կանցկացվեն մայիսի 15-ից հունիսի
15-ը: Քննական հանձնաժողովները, որոնց կազմում լինելու են թե՛ պետական, թե՛ ոչ պետական
բուհերի դասախոսներ, կկազմավորվեն քննություններից 10 օր առաջ, իսկ հարցաշարերը՝
45 օր առաջ: Քննությունների անցկացման վայրը, ըստ փոխնախարարի, դեռեւս որոշված չէ:
Հիշեցնենք, որ 2003 թ., երբ բարձրացավ այս հարցը, ոչ պետական բուհերի որոշ ռեկտորներ
ըմբոստացան՝ ասելով, որ պատվից վեր են համարում, որ իրենց բուհերի շրջանավարտները
քննություն հանձնեն այլ բուհում: Ի դեպ, այն ժամանակ «վերաքննություն» հանձնելու
դիմում էր ներկայացրել ընդամենը 800 շրջանավարտ, այն դեպքում, երբ ոչ պետական նմուշի
դիպլոմ, մինչեւ 2000թ., ստացել է շուրջ 17 հազար շրջանավարտ: Ըստ որոշ լուրերի,
«կրկնակի դիմորդների» այդքան փոքր թիվը բացատրվում էր նրանով, որ այդ ընթացքում ոչ
պետական բուհերն սկսեցին հեշտացնել իրենց նախկին շրջանավարտների գործը՝ նրանց վաճառելով
արդեն հավատարմագրված իրենց բուհի պետական նմուշի դիպլոմները: Ընդ որում՝ ընդամենը
500-1000 դոլարով: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել