Լրահոս
Օրվա լրահոսը

Թերթերին բողոքում են, նախարարությանը՝ ո՞չ

Փետրվար 17,2005 00:00

Երեկ փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ոլորտի 2004-ի զարգացումներն ու պետական աջակցության ծրագրերը ներկայացրեց «ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ռշտուն Մարտիրոսյանը:

Այս կենտրոնի գործունեությունը համակարգում է Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը, որը նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության խնդիրներով զբաղվող, ինչպես նաեւ ՓՄՁ զարգացման քաղաքականության մշակողն է մեր երկրում:

Սակայն որքան էլ տարօրինակ էր, կենտրոնի գործադիր տնօրենի երեկվա ասուլիսը նվիրված չէր այս օրերին փոքր եւ միջին ձեռնարկատերերի շրջանում հարկային վերջին փոփոխությունների վերաբերյալ բարձրացված բողոքի մեծ ալիքին: «Առավոտի» հարցին, թե այդ ոլորտում որպես հիմնական քաղաքականություն իրականացնող մարմին, նախարարությունը կամ կենտրոնն ի՞նչ քայլեր է ձեռնարկում, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Պարզեցված հարկի մասին օրենքի ընդունումը ենթադրում էր աջակցություն միկրո եւ փոքր ձեռնարկատերերին, բայց այդ հարկատեսակի գործունեության ներքո իսկապես նկատվում են չարաշահումներ. խոշոր ընկերությունները մասնատվում են, որ մտնեն պարզեցված հարկի մեջ: Այսինքն, օրենքից օգտվում են ոչ թե փոքր, այլ խոշոր ձեռնարկությունները: Բայց հուսով եմ, որ մի քանի տարի հետո այդ դաշտը կկարգավորվի եւ կբացառվի նրանց մուտքը այդ հարկատեսակ»:

Պատահական չէ, որ այդ խնդրի վերաբերյալ կենտրոնի գրասենյակը բողոքներ քիչ է ստացել, չնայած բազմաթիվ այլ խնդիրների վերաբերյալ դժգոհությունները շատ են: Պարոն Մարտիրոսյանի խոսքերով, գործարարներն իրենց ավելի շատ դիմում են ֆինանսներ ներգրավելու, խորհուրդ ստանալու եւ մասնագիտական դասընթացներ անցնելու հարցերով: Մինչդեռ, իրենց բողոքներն ու առաջարկությունները կարող են անել թեկուզ հարկային դաշտում կատարված փոփոխությունների մասին, «որոնց անպայման թե՛ մենք, թե՛ հարկային մարմինները կարձագանքեն»: Ուշագրավ է, որ երբեմն կառավարությունում հարկային կամ տնտեսության այս կամ այն խնդիրներին առնչվող օրենսդրական փոփոխություններ են ձեռնարկվում, իսկ ոլորտը համակարգող գերատեսչություններից որոշներն այդ մասին իմանում են հենց կառավարության նիստի ժամանակ: Ինչպես, օրինակ, Շահութահարկի մասին օրենքում կատարված վերջին փոփոխության դեպքում պատահեց:

Ռշտուն Մարտիրոսյանի տվյալներով, լուրջ առաջընթաց կա տնտեսության բոլոր ոլորտներում, աշխատատեղերի ավելացման առումով մեծ ձեռքբերումներ են եղել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում. «Դա նրանից է, որ պետությունը սկսել է ավելի լուրջ ուշադրություն դարձնել մարզերում գործող ձեռնարկություններին: Իսկ մեր գործարարները շուկայական տնտեսությունում սկսել են ավելի գրագետ աշխատել: Այնպես որ, հիմա մեր ոլորտում ներդրված յուրաքանչյուր դրամ ապահովում է երկու միավոր աճ, որի արդյունքում արձանագրվում է կրկնակի էֆեկտ»: 2004-ի ընթացքում գրանցվել է ավելի քան 8500 նոր ձեռնարկություն՝ ապահովելով շուրջ 18 հազար նոր աշխատատեղ:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել