Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն Թուրքիայի հետ նախկինում բանակցել է

Փետրվար 17,2005 00:00

Բայց ըստ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի՝ Թուրքիայի հետ այժմ էլ երկխոսություն սկսելու համար նախ պետք է հստակ լինեն զրուցակիցը եւ զրույցի օրակարգը:

Հայ-թուրքական գործարար հարաբերությունների զարգացման խորհրդի համանախագահ Քահան Սոյաքը երեւանյան իր ասուլիսում պատրաստակամություն էր հայտնել ամեն ինչ անել Թուրքիայի եւ ՀՅԴ-ի միջեւ երկխոսություն սկսելու համար. «Թուրքիայում Դաշնակցությունը բոլորովին այլ կերպ է ճանաչվում։ Բայց եթե հարցնեք իմ տեսակետը, ապա ես ինչպես այդ կուսակցությանը, այնպես էլ նրա ներկայացուցիչներին համարում եմ լուրջ եւ խելոք մարդիկ։ Ես նրանց հրավիրում եմ Թուրքիա՝ երկխոսության։ Բոլորին խոստանում եմ, որ եթե Դաշնակցությունը ցանկանա երկխոսության մեջ մտնել Թուրքիայի հետ, ապա ես ամեն ինչ կանեմ, որ դա կազմակերպվի եւ իրագործվի։ Կարծում եմ, որ եթե Դաշնակցությունը մտնի երկխոսության մեջ, մենք շատ լուրջ արդյունքների կարող ենք հասնել»։

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե հակվա՞ծ են ընդունել այս հրավերը: Հիշեցրինք, որ Սոյաքն այն եզակի թուրքերից է, որոնք օգտագործել են «ցեղասպանություն» բառը: Նույն ասուլիսում ի պատասխան այն հարցի, թե իր ղեկավարած կազմակերպությունը որեւէ աշխատանք տանո՞ւմ է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, Քահան Սոյաքն ասել էր. «Մեր կազմակերպությունը ցեղասպանության թեմաներով աշխատանքներ առայժմ չի ծավալել»: ՀՅԴ Բյուրոյի անդամը համաձայնեց. «Նրա ասածների մեջ իսկապես կան շատ լուրջ եւ տրամաբանական առաջընթաց արձանագրող հայտարարություններ: Օրինակ, որ Թուրքիան չպիտի լոբբիստը լինի ադրբեջանական շահերի՝ Ադրբեջանը չպետք է ազդի թուրքական արտաքին քաղաքականության վրա, որ սխալ էր գազատարներով կամ ճանապարհներով Հայաստանը շրջանցելը եւ անհեռանկար են հետագա ծրագրերը՝ կապված Ախալքալաքի հետ: Այս ամենը լավ է: Բայց երբ նա ավելի առաջ է գնում եւ ասում, թե մեր երկրների միջեւ ընդհանրապես սահման չպետք է լինի՝ անհասկանալի է, իսկ ի՞նչ պետք է լինի: Հավանաբար ինչ-որ զիջում է մեզնից ակնկալվում: Իսկ թե որն է թուրքական կողմի զիջումը՝ դեռ չենք տեսնում»:

Վահան Հովհաննիսյանը նշեց. «Այնպես չէ, որ Դաշնակցությունը Ցեղասպանությունից հետո երբե՛ք չի բանակցել Թուրքիայի հետ: Նման շփումներ եղել են: Բայց դրանք միշտ տանում են փակուղի, քանի որ նրանց կողմը որեւէ զիջում դեռ չի արձանագրել: Իսկ այս պարագայում մեզ համար հասկանալի չէ՝ արդյոք Սոյաքը ներկայացնո՞ւմ է թուրքական կառավարությունը: Գիտեմ, որ նա ապրում է Նյու-Յորքում: Բայց միեւնույն ժամանակ՝ ողջույնի ուղերձներ է փոխանցում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից հայ ժողովրդին: Երկխոսություն սկսելու համար պետք է պարզ դառնա, թե ով է լինելու մեզ հետ զրուցողը: Եվ պիտի հասկանանք զրույցի օրակարգը: Չենք կարող մտնել ինչ-որ անպտուղ բանավեճի մեջ: Մեզ համար շատ հստակ է, որ չենք կարող որեւէ մեկի հետ մտնել մի բանավեճի մեջ, որտեղ քննարկվում է Ցեղասպանության լինել-չլինելու փաստը: Մենք կարող ենք մեկնարկային դիտել միայն այն բանավեճը, որտեղ Ցեղասպանությունը, որպես տեղի ունեցած պատմական երեւույթ, արդեն ընդունված է, եւ մենք արդեն կարող ենք խոսել մյուս հարցի մասին, թե ինչպես դուրս գանք այս վիճակից: Զրույցը կարող է լինել այն թեմայով, թե ինչպես հատուցե՛լ: Ասածիս մեջ ագրեսիա չկա. մենք որեւէ մեկի հետ կարող ենք բանակցել, բայց կրկնում եմ՝ պիտի պարզ լինեն բանակցող կողմի իրավասություններն ու երկխոսության օրակարգը»:

Մինչդեռ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանն արդեն իսկ հայտարարել է, թե մտադիր չեն ընդունել երկխոսություն սկսելու առաջարկը: Ըստ նրա՝ հայտնի է այն հարցերի շրջանակը, որոնք ցանկանում են քննարկել Թուրքիայի ներկայացուցիչները. ՀՅԴ-ն վաղուց մշակել է իր դիրքորոշումն այդ հարցերի նկատմամբ եւ մտադիր չէ այն փոխել:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել