Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՍԿ Ո՞Վ Է ԱՍՈՒՄ,
ՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ»

Փետրվար 17,2005 00:00

Հարցնում
է նախագահի ներկայացուցիչ, իրավագիտության դոկտոր Արմեն Հարությունյանը Սահմանադրական
փոփոխությունների շուրջ ընթացող քննարկումներին մասնակցում է նաեւ ՀՀ նախագահի ներկայացուցիչ,
իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հարությունյանը, որը դեռեւս որեւէ կերպ չի
միջամտում քննարկումներին: Առայժմ ասում-խոսում են կոալիցիան, ՄԱԿ-ը եւ Արշակ Սադոյանը:
Նախագահի ներկայացուցչի կարծիքով՝ դժվարությունները դեռ առջեւում են. «Ավելի դժվար
կլինի նախագահ-ԱԺ-կառավարություն հարաբերակցության քննարկումների փուլը, քանի որ
հակազդեցությունների զսպման էական տարբերություններ կան նախագծերում: Բայց եթե ուշադիր
լինենք, ապա քննարկվող երկու նախագծերը՝ կոալիցիայինը եւ ՄԱԿ խմբակցությանը, հիմնականում
հիմնված են նախագահի կողմից ժամանակին ներկայացված նախագծի վրա՝ որոշ տարբերություններով:
Սա ցույց է տալիս, որ ուղղվածությունը մոտավորապես նույնն է, լուծման մեխանիզմներն
են տարբեր»: Ընդդիմությունը հայտարարում է, որ Սահմանադրությունը խախտող իշխանությունը
իրավունք չունի փոփոխել այն եւ որ հարկավոր է առաջին հերթին հարգել Սահմանադրությունը:
Այս կապակցությամբ մեր հարցին պատասխանելով՝ նախագահի ներկայացուցիչը ասաց. «Դրանք
փիլիսոփայական խոսքեր են, մեկը մյուսի հետ կապ չունեցող բաներ: Իսկ ո՞վ է ասում,
որ Սահմանադրությունը չի կատարվում: Այդպիսով, հարցը տարվում է քաղաքական ոլորտ,
իսկ ես միշտ խուսափել եմ դրանից, որովհետեւ, եթե Սահմանադրությունը շատ քաղաքականացվեց
եւ հարմարեցվեց կոնյունկտուրային, մենք կկորցնենք առկա տրամաբանական կորիզը: Այսօր
քննարկումներում պահպանվում է դրականը, հարցերը չափից դուրս շատ չեն քաղաքականացվում,
եւ սա շատ կարեւոր է: Իսկ ընդհանրապես, Սահմանադրությունը եւ պետք է կատարվի, եւ
եթե արդիականացման խնդիր կա, պետք է արվի: Դրանք մեկը մյուսին չհակասող բաներ են»:
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ չեն ներկայացված Սահմանադրության անցումային
դրույթները, եւ արդյո՞ք փոփոխությունները կատարվելու են այնպես, որ գործող նախագահը
հնարավորություն ստանա կրկին առաջադրվել: Ըստ Արմեն Հարությունյանի. «Չի կարող այդպիսի
բան լինել, որովհետեւ իրավական ռեժիմ չի փոխվում, նոր Սահմանադրություն չի ընդունվում,
գործողն է փոփոխվում: Եվ եթե քննարկվող նախագծերը դառնան հիմնական բազան, ուրեմն
անցումային դրույթներն էլ մոտավորապես այն են լինելու, ինչ որ հանրաքվեի էր դրվել
նախագահի կողմից»: Պրոֆեսոր Հարությունյանի կարծիքով՝ հնարավոր է, որ խորհրդարանի
քննարկմանը ներկայացվի ոչ թե մեկ, այլ միանգամից բոլոր երեք տարբերակները: Ի դեպ,
այս մասին խոսել էր նաեւ Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը: Տպավորություն
կա, որ այս անգամ սահմանադրական փոփոխությունների հարցում ՀՀ նախագահը կարծես թե
չի ուզում առաջին պլանում երեւալ: Արմեն Հարությունյանը մեր այս դիտարկմանը համաձայն
չէ. «Բացարձակապես համաձայն չեմ, որովհետեւ, եթե այդպիսի վիճակ լիներ, նախագահն ընդամենը
մեկ տարի առաջ էր նախաձեռնությամբ հանդես եկել եւ հանրաքվեի դրել նախագիծ: Այդպիսի
պատասխանատվության տակ մտնելուց հետո սա ի՞նչ պատասխանատվություն է, երբ ինչ-որ նախագծի
մասին կարծիք է դրսեւորվում, երբ դու հեղինակն էլ չես: Եվ չմոռանանք, որ նախագահի
ստորագրելուց հետո են սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դրվելու: Ամեն դեպքում
այդ պատասխանատվությունը կա: Պարզապես տվյալ դեպքում հեղինակներն ուրիշներն են, նրանք
թող դրսեւորեն արդյունավետ մոտեցում, որ ընտրվի հնարավորինս լավագույն տարբերակը:
Իսկ լավագույնն ընտրելու համար այսպիսի կառուցողական մթնոլորտ է հարկավոր»: Սակայն
որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ հանրաքվեի կդրվի այն նախագիծը, որը կուզի նախագահը,
եւ ընթացող քննարկումները պարզապես ձեւական են: Բնականաբար, մեր այս դիտարկմանը եւս
ՀՀ նախագահի ներկայացուցիչը համաձայն չէր։ Պրն Հարությունյանը մասնավորապես բարձր
գնահատեց ՄԱԿ-ի նախագիծը, որի մասին դրվատանքի խոսքեր է ասել նաեւ Վենետիկի հանձնաժողովը։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել