Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՂՋԻ ԳՅՈՒՂԻ «ԶԻՄԶԻՄՈՎԸ»

Փետրվար 16,2005 00:00

ՈՂՋԻ ԳՅՈՒՂԻ «ԶԻՄԶԻՄՈՎԸ» Միապետական ռեժիմ՝ մեկ, առանձին վերցրած, գյուղում Շիրակի մարզի Ողջի գյուղի ավագանու որոշ անդամներ, ինչպես նաեւ գյուղացիներից շատերը դժգոհում են, որ իրենց գյուղում (Ամասիայի շրջանի գյուղ է, որտեղ մինչեւ 1988-ը ապրել են ադրբեջանցիներ) ստեղծվել է խայտառակ իրավիճակ: Արդեն երկու տարի է՝ գյուղապետարանի դռները փակ են. կառույցն իր փաստաթղթերով, կնիքով տեղափոխվել է գյուղապետ Սաքո Ավագյանի բնակարան: Իսկ վերջինս «Զիմզիմովի նման մշտապես դիվանուն բազմած» տեղեկանքներ պահանջող գյուղացիներից «արժանիներին» ընդունում է (նրանց, ովքեր իրեն ձայն են տվել), մնացածին էլ «անպատվում ու ճանապարհում»: Ըստ ավագանու անդամների, ամենասարսափելին այն է, որ գյուղապետը ավագանու անդամների կարիքն էլ չի զգում: Ավագանու նորընտիր անդամ Վարդան Պետրոսյանի ներկայացմամբ, գյուղապետն անձամբ է որոշումներ ընդունում, հարկ եղած դեպքում ավագանու անդամների փոխարեն ստորագրում ու իր ուզածն է անում: Օրինակ, ասենք՝ հողեր է օտարում, ինքնագլուխ ձեւով բյուջեն հաստատում, համայնքին հատկացվող օգնություններն է «յուրացնում», հրամանագիրք չի պահում եւ այլն, եւ այլն: Վ. Պետրոսյանի ասելով, ավագանին բացարձակապես անտեղյակ է, թե հավաքված հարկերը, ծախսերը ո՞ւր են գնում: Որպես թարմ օրինակ Վարդան Պետրոսյանը մեջբերում է գյուղի բյուջեի հաշվին 128 հազար դրամ արժողության 2 բջջային հեռախոս գնելն ու գրպանը դնելը: Մինչդեռ, ըստ ավագանու անդամների, Ամասիայի գանձապետարանից իրենց տեղեկացրել են, որ գյուղապետը գումարը ստանալիս ավագանու համապատասխան որոշումն է ներկայացրել, որից, սակայն, ավագանու անդամների պնդմամբ, իրենք բացարձակապես անտեղյակ են: Ավագանու նախկին անդամ Ֆեդյա Մարգարյանն էլ վկայեց, որ գյուղապետը «յուրացնելով» բոլոր ջրովի հողերը՝ դրանք փաստաթղթերով անջրդի է ներկայացրել, որպեսզի ջրի վարձ քիչ մուծի, իսկ նրանց, ում հողերն իսկապես անջրդի են՝ ստիպում է կրկնակի ու եռակի գումար մուծել: Բայց ամենից շատ գյուղացիները վիրավորված էին գյուղի վարձակալական 60 հեկտար եւ բարգավաճող ընտանիքների համար նախատեսված 5 հեկտար հողերը աճուրդի հանելու փաստից: Գյուղացիների հավաստմամբ, գյուղը 1090 հեկտար մշակովի հող ունի, որից միայն 15 հեկտարն է մշակվում: Նրանց ոչ պակաս նյարդայնացնում է գյուղապետի կողմից համայնքի սեփականությունը հանդիսացող ակումբը (նախկին հանրախանութի շենքը) ոչխարանոց դարձնելու փաստը: Պարզվում է, սակայն՝ գյուղապետի գլուխգործոցները սրանցով չեն ավարտվում. վերջինս հասցրել էր «յուրացնել» նաեւ կարկտահարված գյուղին ամերիկյան գյուղդեպարտամենտի ուղարկած օգնության ալյուրը: Գյուղացիները մեղադրում են, որ գյուղապետը նաեւ դպրոցի հին շենքն է «քարուքանդ արել ու վաճառել»: Ավագանու անդամների վկայությամբ, ամենազավեշտալին այն է, որ նախկին ավագանու անդամների փոխարեն եւս գյուղապետն է որոշումներ ընդունել. թեեւ 4 անդամներից մեկը մահացել էր, սակայն սա չի խանգարել գյուղապետին քվորում «ապահովել», բյուջե հաստատել: Ընդ որում, հնչած դժգոհությունների համաձայն, ոչ միայն «կեղծել» է մեռածի, այլեւ մյուս երեքի ստորագրությունները: Գյուղապետից պարզաբանումներ ստանալ մեզ չհաջողվեց. վերջինս, ինչպես սովորաբար լինում է, գյուղում չէր: Սակայն փոխարենը պարզաբանումներ ստացանք Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման մարմինների եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների համակարգիչ վարչության պետ Կարլեն Աբրահամյանից: Պաշտոնյան հաստատեց, որ համայնքապետը 2003 թվականին ավագանու անդամներից մեկի մահանալուց հետո համապատասխան մարմիններին տեղյակ չի պահել, հենց այդ ժամանակ էլ հաստատել է բյուջեն՝ «կեղծելով» ավագանու որոշումը: Կատարվածից 5-6 ամիս հետո է մարզպետարանի համապատասխան վարչությանը պարզ դարձել, որ ավագանի որպես այդպիսին գոյություն չունի (եթե 4-ից մեկը չկա, ուրեմն քվորում չի ապահովվում): Ավագանու նախկին անդամները դիմել են մարզպետին, որից հետո նոյեմբերին նշանակվել են նոր ընտրություններ: Նոր ավագանին էլ իր հերթին է դիմել մարզպետին՝ համայնքապետի գործունեությունը ստուգելու համար: Ռոմիկ Մանուկյանը տարածքային վարչության պետի գլխավորությամբ հատուկ հանձնաժողով է ստեղծել, ուսումնասիրություններ կատարել եւ պարզվել է, որ ավագանու անդամների ասածը «համարյա ճիշտ է»: Կարլեն Աբրահամյանի ասելով, մասնավորապես հողհատկացումները կատարվել են անօրինական. գյուղապետը ավագանու կարծիքը հաշվի չի առել, աճուրդ չի եղել, աճուրդային հանձնաժողով չի կազմվել, համայնքապատկան բնակելի շենքերը վաճառվել են չնչին գումարներով: Կ. Աբրահամյանը տեղեկացրեց, որ ինքը դիմել է մարզպետին՝ գյուղապետին անվստահություն հայտնելու առաջարկով: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել