Ղրղզներն ու մենք Աստիճանաբար ավելի ու ավելի ակնհայտ է դառնում ԱՊՀ տարածքում երկու հակադիր քաղաքական միտումների զարգացումը, ինչն ի վերջո հանգեցնելու է այդ արհեստածին կառույցի վերջնական փլուզմանը: Մինչ երկրորդելով Վրաստանին՝ Ուկրաինան տոնում է ավտորիտարիզմի ու քրեապետության նկատմամբ տարած իր հաղթանակը, ԱՊՀ մեկ այլ անդամ՝ Ղրղըզստանը փորձում է յուրացնել Բելառուսի «առաջավոր» փորձը: Այնտեղ կամավորների մի պատկառելի բանակ եռանդով ստորագրություններ է հավաքում նախագահ Ասկար Ակաեւին երրորդ ժամկետով նախագահ ընտրվելու թույլատրման հարցով հանրաքվե անցկացնելու համար եւ արդեն իսկ հավաքել է 100 հազար ստորագրություն: Մեծ խորաթափանցություն պետք չէ հասկանալու համար, որ իրենց երկրի ճակատագրով մտահոգ այդ մարդկանց ի վերջո կհաջողվի ապահովել ստորագրությունների՝ օրենսդրությամբ պահանջվող քանակն ու հավաքել եւս 200 հազար ստորագրություն: Առանձին ձիրք չի պահանջվի նաեւ կանխատեսելու համար, որ Ակաեւը, մինչեւ հոգու խորքը զգացվելով բազմահազար աշխատավորների սրտառուչ ուղերձներից ու նաեւ գիտակցելով պահի պատմականությունն ու պատասխանատվությունը, ճարահատյալ կհամաձայնի երրորդ անգամ նախագահ ընտրվել: Հանուն արդարության պետք է նշել, որ Ղրղըզստանը միակն է Կենտրոնական Ասիայի երկրների շարքում, որտեղ ժողովրդավարության ինչ-որ հեռավոր նմանակում կա, եւ «երկրի ու ժողովրդի բարօրության հրամայականով» ընդդիմությունը վերջնականապես ջախջախված չէ: Ավելին, նախագահ Ասկար Ակաեւը նույնիսկ մի քանի անգամ հայտարարել է, որ չի պատրաստվում խախտել երկրի Սահմանադրությունն ու առաջադրվել երրորդ անգամ: Համաձայնեք, որ միջինասիական լիդերներ Քարիմովի եւ Նիյազովի ֆոնին Ակաեւի այդ հայտարարությունները հնչում են իբրեւ Թոմաս Ջեֆերսոնի կողմից երբեւէ արված դատողությունների լավագույն նմուշներ: Ղրղզական ընդդիմությունը, սակայն, հակված է կարծելու, որ Ակաեւն այնքան էլ անկեղծ չէ եւ իրականում դեմ չէր լինի ղրղզներին զարգացման եւ կայունության հունով առաջնորդել եւս հինգ տարի: Նկատենք, որ վերոհիշյալ հարցով կայանալիք հանրաքվեի բավականաչափ կանխատեսելի ելքի դեպքում միաժամանակ ճիշտ կլինեն եւ ղրղզական ընդդիմադիրները, եւ Ակաեւը: Այսինքն՝ Սահմանադրությունը կվերաձեւվի, եւ վերջինս ստիպված չի լինի խախտել այն՝ միեւնույն ժամանակ ստանալով երրորդ ժամկետով պաշտոնավարման իրավունք: Այս հարցով միջազգային արձագանքները դեռեւս որոշակի չեն. տարածաշրջանի հիմնական դերակատարներ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առայժմ սպասողական դիրք են բռնել: Առաջինը՝ թերեւս զգուշանալով «ուկրաինական բորշչի» կրկնական ճաշակումից, երկրորդը՝ մտահոգվելով իր ռազմաբազաների հյուրընկալ երկրի հետ ժամանակից շուտ հարաբերություններ փչացնելու հնարավոր հեռանկարով: Վստահ ենք, սակայն, որ ղրղզական գործընթացներին ուշի-ուշով հետեւում է եւս մի երկիր՝ Հայաստանը, որի իշխող վերնախավը, փաստորեն, ինքնավերարտադրման ձրի դասընթացներ է անցնում: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ