Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՈՉ

Փետրվար 16,2005 00:00

«ՈՉ ԹԵ ՀԱԿԱԳՐՈՀԻ ԵՄ ԴԻՄԵԼՈՒ, ԱՅԼ ԳՐՈՀԻ» Խոստանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սատտար Սաֆարովը բացահայտել էր իրենց մտադրությունը՝ Հայաստանի «օկուպացիոն քաղաքականության» հարցն արծարծել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում, որը փետրվարի 23-24-ը գումարվելու է Վիեննայում: Ըստ նրա՝ ադրբեջանցի պատգամավորները մտադիր են հանդես գալ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար հանձնաժողովների նիստերում «Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի գրավման կապակցությամբ, որի արդյունքում շուրջ 1 մլն փախստականներ հայտնվել են ցավալի կացության մեջ»: Սաֆարովը նաեւ նշել էր. «Ի տարբերություն Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ում որոշումները ընդունվում են կոնսենսուսի հիման վրա, սակայն չնայած դրան՝ ադրբեջանցի խորհրդարանականները կանեն հնարավորը աշխարհի տերություններին Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը հասցնելու համար»: Նույն կառույցում Հայաստանի պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հանձնաժողովներում այդ խնդիրներն արծարծելու առնչությամբ նախ նկատեց. «Նրանք առանց այդ էլ են միշտ անում դա: Մասնավորապես, ամենակարեւոր՝ քաղաքական հանձնաժողովի նիստերում Ադրբեջանի պատվիրակության անդամները բազմիցս ելույթների ձեւով արծարծել են այս հարցերը, եւ դրանք չեն հանգել բանաձեւի: Քանի որ պայմանավորվածություն է եղել, թե կա ԵԱՀԿ նախագահի կողմից որոշված հատուկ ներկայացուցիչ՝ Գյորան Լենմարկերը, որը զեկույց պետք է ներկայացնի Ղարաբաղի վերաբերյալ, եւ այդ զեկույցը դեռ պատրաստ չէ»: Լենմարկերի զեկույցի նախնական տարբերակը պրն Հովհաննիսյանն անվանեց «բավական հավասարակշռված՝ այնտեղ կային կետեր, որոնք մեզ առանձնապես հաճույք չէին պատճառում, բայց նախ եւ առաջ՝ չկար «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» հասկացությունը ընդհանրապես եւ Ղարաբաղի ընդգրկմամբ՝ մասնավորապես: Փաստաթղթում թեեւ խոսվում էր տարածքների ազատագրման մասին, բայց դա էլ էր հավասարակշռված. նշվում էր փոխադարձաբար իրարից գրավված տարածքների մասին, այսինքն՝ նաեւ Գետաշենի, Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունու այն հատվածների մասին է խոսքը, որոնք ադրբեջանական գերիշխանության տակ են»: Մեր հարցին, թե ո՞ր կետերն էին մեզ համար տհաճ՝ Հայաստանի պատվիրակության ղեկավարը պատասխանեց. «Ի վերջո, խոսքն այն մասին էր նաեւ, թե տարածքները պետք է վերադարձվեն: Սակայն այս պահանջը շատ հետաքրքիր համատեքստում էր: Այն է՝ տարածքները պետք է վերադարձվեն, որպեսզի ականազերծվեն եւ դառնան օգտագործելի, այսինքն՝ վերադարձի մեջ չէր նշվում այդ տարածքների քաղաքական կարգավիճակը, այլ միայն՝ մարդկային գործոնը, որ մարդիկ կարողանան ապրել ու աշխատել: Շատ հակիրճ փաստաթուղթ էր, որին ծանոթացել են միայն հայերն ու ադրբեջանցիները: Այդ զեկույցը դեռ բաժանված չէ եւ չի դարձել ԵԱՀԿ ԽՎ-ի սեփականությունը: Ուրեմն՝ չի էլ քվեարկվելու: Ընդ որում՝ կարծում եմ, թե այդ տեքստը վերջնական չէ: Գիտենք, որ Բաքուն բավական լուրջ ճնշումներ է գործադրում պրն Լենմարկերի նկատմամբ»: Դառնանք դարձյալ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փետրվարի 23-24-ը կայանալիք նստաշրջանին: Մեր պատվիրակության ղեկավարը բացահայտեց. «Այս անգամ որոշել եմ դիմել ոչ թե հակագրոհի, այլ ուղղակի գրոհի: Եվ արծարծելու եմ ամենացավո՛տ, ամենաչարչրկվա՛ծ, ամենասպառվա՛ծ խնդիրը՝ փախստականների հարցը: Մենք համագործակցում ենք Միգրացիայի եւ փախստականների վարչության հետ եւ նրանցից ստացել ենք բավական հետաքրքիր փաստեր: Եվ այդ նյութերն ուղղակի կբաժանենք, որ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակները պատկերացում ունենան, թե այս առումով վիճակն ինչպիսին է»: Մեր հարցին, թե մտավախություն չունի՞, որ համեմատության մեջ կարող ենք տուժել, քանի որ անգամ եվրոպացիների կազմած որոշ փաստաթղթերում նշվում է ադրբեջանցի 900 հազար փախստականների, իսկ հայերի դեպքում՝ միայն 150 հազար թիվը՝ Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Իրականում մեր փախստականներն ավելի շատ են, իսկ նրանց թիվն էլ ուռճացված է՝ իրականում 700 հազար է: Սակայն դա էական չէ. նպատակ չունենք քանակով մրցելու: Բայց փախստականների նկատմամբ պետական քաղաքականությունն իսկապես տրամագծորեն տարբեր է: Հայաստանը փախստականներին ամբողջությամբ ինտեգրում է մեր հասարակության մեջ: Իսկ Ադրբեջանը, որպես իրենց երկիր այցելող պատվիրակությունների համար զուտ ցուցանմուշ, յուրօրինակ «գազանանոց», փախստականներին տասնյակ տարիներով պահում է վրանների տակ, ճամբարների մեջ: Մինչդեռ նրանք այդ մարդկանց տեղավորելու հնարավորություն ունեին հենց հայերից դատարկված բնակարաններում»: Ի դեպ, թեեւ ադրբեջանցիների մտադրություններին՝ ԼՂ խնդրին առնչվող որեւէ հարց առայժմ ընդգրկված չէ ԵԱՀԿ ԽՎ փետրվարի 23-24-ի նիստերի օրակարգում: «Կանոնակարգի համաձայն՝ մենք պիտի ստացած լինեինք, եթե դրվելու է նման հարց: Քանի որ միայն ադրբեջանցիների ցանկությամբ չէ՝ պիտի քվեարկվի եւ որոշում կայացվի,- ասաց Վահան Հովհաննիսյանը:- Եվ չեմ կարծում, թե ինչ-որ խաբեության ճանապարհով ընդգրկվի այդ հարցը: Իսկ եթե նույնիսկ ընդգրկվի՝ կռիվ կտանք մեր շահերի համար»: Եվ վերջում հետաքրքրվեցինք, թե ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակությունը ճշտե՞լ է իր մարտավարությունը հավանական քննարկումների դեպքում, ինչպես ԵԽԽՎ-ում իրենց գործընկերները վարվեցին Աթկինսոնի զեկույցի քննարկումից առաջ: Վահան Հովհաննիսյանն ի պատասխան նշեց, թե ԵԱՀԿ ԽՎ-ում մեր պատվիրակներն ընդամենը 3-ն են՝ նաեւ Արտաշես Գեղամյանը եւ Արարատ Մկրտչյանը, որն առողջական պատճառներով այս էլ երկրորդ նստաշրջանն է՝ չի մասնակցում աշխատանքներին եւ նրան փոխարինում է ՀՀԿ-ից մեկ այլ պատգամավոր. «Արդեն մեր պատվիրակների հետ քննարկել եմ, թե մոտավորապես ինչի մասին ենք խոսելու: Ես քաղաքական հանձնաժողովի անդամ եմ, մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին ներկա կլինի ՀՀԿ-ի ներկայացուցիչը, հնարավոր է նաեւ, որ խնդիր առաջանա՝ բնապահպանական հարցերի առնչությամբ մեկ այլ հանձնաժողովում: Ուստի պիտի հսկողություն սահմանենք այս 3 հանձնաժողովներում, որ կարողանանք հակադարձել ադրբեջանցիների փորձերին: Հանձնաժողովներում չկա էլ շատ մեծ ելույթների հնարավորություն, բայց յուրաքանչյուր տարբերակի համար, իհարկե, նախատեսել ենք ելույթներ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել