Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉՈՐՍ ՊՐԵՄԻԵՐԱ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Փետրվար 16,2005 00:00

Փետրվարի
18-ից բացվում է Երեւանի պետական կամերային թատրոնի հոբելյանական՝ 25-րդ խաղաշրջանը:
Այդ օրը հանդիսատեսի դատին կհանձնվի «Նազար, Նազար, մինչեւ վերջ» ներկայացման
նորացված տարբերակը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը նշեց. «Մեր Նազարը
նման է Դերենիկ Դեմիրճյանի Քաջ Նազարին, սակայն մենք նրան ներկայացրել ենք մեր ժամանակներին
համապատասխան»: Ըստ նրա, ներկայացման մեջ փոխվել է ամեն ինչ, նույնիսկ՝ դերասանները
(բացի Նազարին մարմնավորող Հրանտ Թոխատյանից), քանի որ հին բեմադրությունից շուրջ
տասը տարի անց փոխվել են նաեւ մեր երկրի նազարները: Թե ովքեր են Հայաստանի Նազարի
ճակատագրով ամենավառ դեմքերը, Ա. Երնջակյանը չմանրամասնեց, ընդամենն ասաց. «Անուններ
չեմ տա, բայց նրանց թվարկելու համար հաստատ մատներս չեն հերիքի: Նրանք ամենուր են՝
քաղաքականությունից մինչեւ արվեստ, թեեւ նրանց մեծ մասը չի ուզում ընդունել այդ փաստը:
Նազարի թեման միշտ էլ արդիական է եղել եւ դա համազգային ողբերգություն է, այստեղից
էլ ներկայացման երկրորդ վերնագիրը՝ «Համազգային ողբերգություն»: Իր հոբելյանական
խաղաշրջանը թատրոնը մեծ շուքով կնշի աշնանը: Այդ ժամանակ հանդիսատեսին հետաքրքիր
շոու է սպասվում՝ հավանաբար Մարզահամերգային համալիրում կամ Օպերային թատրոնում:
Իսկ շոուն ինչպիսին կլինի՝ Երնջակյանը դեռ չի որոշել. «Շատ բան կախված է արտերկրի
հյուրերից»: Այնուամենայնիվ, Կամերային թատրոնը պատրաստել է մի շարք անակնկալներ,
այդ թվում՝ չորս պրեմիերա: Այժմ թատրոնում միաժամանակ երեք նոր բեմադրության փորձ
է ընթանում: Մարտի 8-ին, որպես կանանց մեծ նվեր, առաջին անգամ կներկայացվի «էտյուդ
կանանց մասին» պիեսը, որը մինչեւ ապրիլի 7-ը կմնա խաղացանկում: Այնուհետեւ հանդիսատեսի
դատին կհանձնվի «Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել եւ զվարճանալ»
ներկայացումը: Այս պիեսը Կամերային թատրոնի առաջին բեմադրությունն է եղել: Այն նույնպես
փոփոխություններ է կրել: Սկզբում ներկայացման մեջ երեք տղամարդ է խաղացել, այժմ նրանց
աղջիկներ են փոխարինելու: «Սա մի քիչ աննորմալ քայլ է, բայց կարծում եմ, որ հետաքրքիր
կլինի»,- նշեց գեղարվեստական ղեկավարը: Ապրիլին ռեժիսոր Արմեն Մեհրաբյանը պետպատվերով
կբեմադրի «Մժեղ» ներկայացումը: Այս տարի թատրոնի խաղացանկում շուրջ 15 բեմադրություն
է լինելու: Արա Երնջակյանը նշեց, որ միշտ դահլիճը լեփ լեցուն է լինում. «Ունենք հանդիսատես,
որը երկրորդ-երրորդ անգամ է նույն ներկայացմանը հաճախում»: Ըստ գեղարվեստական
ղեկավարի, թատրոնի ամենահրատապ խնդիրներից մեկը լուսային եւ ձայնային սարքավորումների
նորոգման հարցն է. «Դրանք բազմաթիվ անգամ կարկատվելով՝ սարսափելի վիճակում են: Շատերս
պոլիտեխնիկական կրթություն ունենք եւ փորձում ենք դրանք վերականգնելու մի նոր ձեւ
հնարել: Ասում էին, որ «Լինսի» ծրագիրը շարունակվելու է, սակայն հույս չունենք, որ
գոնե այդ ծրագրում մեր թատրոնը կընդգրկեն»: Նա ավելացրեց. «Եթե մի օր վերջնականապես
փչանա լուսավորման վահանակը, ապա ստիպված կլինենք որոշ ժամանակ փակել թատրոնը»: «Առավոտի»
հարցին, թե խնդրի մասին տեղյա՞կ են «վերեւներում», պրն Երնջակյանը պատասխանեց. «Նրանց
դիմելիս միգուցե շատ փափուկ եմ եղել, դրա համար էլ սայլը տեղից չի շարժվում: Երեւի
մեր ժամանակների համար մի քիչ միամիտ գտնվեցի. մտածում էի, որ եթե գան ու տեսնեն
թատրոնի հաջողությունները, կհետաքրքրվեն մեր խնդիրներով… Դեռ լավատես եմ»: ԼՈՒՍԻՆԵ
ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել