Լրահոս
Օրվա լրահոսը

Լվացքաջուր՝ խմելու ջրի փոխարեն

Փետրվար 16,2005 00:00

Սակայն
ոչ մի պետհիմնարկ չի ցանկանում այն «պարզաջրել» Արդեն երեք շաբաթ է, ինչ
Փավստոս Բուզանդի 1 շենքի բնակիչները խմելու ջրի ծորակից նաեւ լվացքաջուր են ստանում:
Օրական մի քանի անգամ, 2-3 րոպե տեւողությամբ, ծորակից կապույտ հեղուկ է հոսում (հավանաբար,
«արիելախառը»): Անհանգստացած բնակիչներից Գերասիմ Ծատինյանը դիմել է Երեւանի «Ջրմուղկոյուղի»
ընկերության Կենտրոնի մասնաճյուղ, որտեղ նրան պատասխանել են, որ նման բան հաճախ է
պատահում: Այնուհետեւ ընկերության աշխատակիցները այցելել են Ծատինյանի բնակարան եւ
ստուգել ջրի պարունակությունը: «Նրանք այն պարզապես բռի մեջ առան, հետո ասացին, որ
սովորական լվացքաջուր է, իսկ երեւույթի կանխման համար առաջարկել են շրջել շենքի բոլոր
բնակարանները, գտնել «ավտոմատ» լվացքի մեքենա ունեցողներին եւ պահանջել, որպեսզի
նրանք հարցին լուծում գտնեն»,- բարկացած պատմում էր Գ. Ծատինյանը: Այնուհետեւ վերջինս
դիմել է ՀՀ ջրային տեսչություն, որտեղ պահանջել են գրավոր ներկայացնել խնդիրը եւ
սպասել: Ծատինյանների ընտանիքը, եթե մինչ այդ ամսական օգտագործել է 3 խորանարդ մետր
ջուր, ապա այս ամիս այն արդեն 18-ի է հասել. «Մեզ մոտ ջուրը շուրջօրյա չէ, այդ պատճառով
մենք ստիպված վաննայում ջուր ենք հավաքում, երբ այդ կապույտ հեղուկից պատահաբար լցվում
է իբր մաքուր ջրի մեջ, ստիպված ամբողջը դատարկում ենք, որպեսզի հիմա էլ վաննան չփչացնի:
Ի դեպ, ջուրը 2-3 րոպե հետո զուլալվում է, սակայն լվացքաջրի տարրերն արդյո՞ք ամբողջությամբ
անհետանում են: Միգուցե այդ ջրով վարակակիր մարդու հագուստ են լվացել»: Գ.
Ծատինյանը դիմել է նաեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների փորձագիտական կենտրոն.
«Մինչ կենտրոնի աշխատակիցների ժամանումը, ես տարայի մեջ հավաքեցի այդ կապույտ հեղուկը:
Հարեւանիս մոտ այն ավելի մուգ գույնի էր, վերցրի նաեւ նրանը: Ստուգումից հետո ասացին,
որ երկուսն էլ նույն բաղադրությունն ունեն՝ սովորական լվացքի փոշու տարրեր են, սակայն
փորձաքննության գրավոր բացատրությունը չեն կարող տալ, քանի որ գրավոր դիմում չունեն»:
Իսկ կենտրոնի բաժնի վարիչը Ծատինյանին հայտնել է, որ ջուրն իրենք անձամբ պետք է վերցնեն,
քանի որ միգուցե վերջինս է տարայի մեջ կապույտ հեղուկ ավելացրել: Ծատինյանը բաժնի
վարիչին առաջարկել է որեւէ փորձագետի ուղարկել իր տուն եւ եթե հարկ լինի՝ համաձայն
է նույնիսկ գիշերելու տեղ տալ վերջինիս: Սակայն այստեղ բաժնի վարիչը մեկ այլ պատճառաբանություն
է գտել. «Ընդհանրապես, երբ ծորակից հոսող ջուրը փորձաքննության են վերցնում, ապա
այն պետք է 5-8 րոպե հոսի»: Սակայն Ծատինյանը հիշեցրել է, որ կապույտ հեղուկը ընդամենը
2-3 րոպե է հոսում: Երեկ «Ջրմուղկոյուղի» ընկերության Կենտրոն մասնաճյուղից
մենք այլ պատասխան ստացանք ընկերության շահագործման բաժնի տեսուչ Հենրիկ Մարտիրոսյանն
ասաց, որ երեւույթի կանխարգելման նպատակով միջոցառումներ կձեռնարկվեն եւ խնդիրը կվերացվի:
ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել