Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սիամական զույգերը հայկական ծագո՞ւմ ունեն

Փետրվար 16,2005 00:00

«Դրանք կոչվում են սիամական, սակայն մեր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այդ արատը դեռեւս վաղ ժամանակներից բնորոշ է եղել հայ ազգին»,- «Առավոտին» տեղեկացրեց հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:

«Ցավոք, բնածին արատների սանդղակը Հայաստանում չի իջնում: Պատճառը հղի կանանց ներարգանդային ինֆեկցիաների բարձր տոկոսն է: Անցյալ տարի ունեցել ենք երեք սիամական զույգի ծնունդ, իսկ ավելի հաճախ հանդիպող արատներն են «նապաստակի շրթունքն» ու «գայլի երախը»: Բազմաթիվ միջազգային ծրագրեր ուղղված են հաղթահարելու ծննդօգնության ոլորտում գոյացած խնդիրները: Ամեն տարի շուրջ 20%-ով ավելանում է նաեւ ոլորտին տրվող բյուջետային հատկացումը, բայց դա էլ է քիչ, քանի որ մենք չունենք մասնավոր ծննդօգնություն եւ հղի կնոջ նախածննդյան, ծննդյան եւ հետծննդյան ողջ պրոցեսը կատարվում է բյուջեի հաշվին՝ ի տարբերություն Վրաստանի, որտեղ ծննդաբերությունը վճարովի է եւ բավականին թանկ արժե»,- ասաց մեր զրուցակիցը:

Հետաքրքիր է, որ չնայած, այսպես կոչված, արտադրողական տարիքում գտնվող կանանց մի որոշակի մաս բացակայում է հանրապետությունից, սակայն մեր երկրում տարեցտարի 6-7 տոկոսով ավելանում է ծնունդների թիվը: Ռ. Աբրահամյանի կարծիքով, պատճառը վերջին տարիների ներգաղթն է: Որքանո՞վ է ընտանիքի սոցիալական վիճակն անդրադառնում երեխաների թվի վրա: Պրոֆեսորը գտնում է, որ «ում վիճակը ավելի լավ է, նրանք քիչ են ծննդաբերում եւ հակառակը, սոցիալապես անապահով խավում ավելի շատ երեխաներ են ծնվում»: Իսկ մայրական մահացության ժամանակ, պարզվում է, սոցիալական վիճակը նշանակություն ունի: Մեր կանայք իրենց չեն հետեւում եւ բավականին ուշ են դիմում բժշկի: Իսկ քանի որ որոշ գինեկոլոգիական հիվանդությունների բուժումը կապված է գումարների հետ, եթե չասենք՝ բոլորը, հաճախ առաջանում են բարդություններ: Հիմնականում ծննդաբերող կնոջ մահացության դեպքերը արյան պակասի հետեւանք են: Միջին ինդեքսը 40 հազար ծննդաբերողի դեպքում տարեկան կազմում է 20 մահ, ինչը, համեմատած Արեւմտյան Եվրոպայի հետ՝ համարվում է նորմալ ցուցանիշ: Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մասին մանկաբարձ-գինեկոլոգը տեղեկացրեց, որ սովորական պատկերացումները իրականից քիչ այլ են: Հիմնական վտանգ ներկայացնող հիվանդությունները հաճախ թաքնված են լինում: Մարդիկ գիտեն միայն սիֆիլիս, ՄԻԱՎ/ՁԻԱՀ եւ հոնորեա, սակայն հղի կնոջ համար վտանգավոր վիրուսները պատճառ են դառնում պտղի մահացման, վիժման, վաղահաս ծննդաբերության, նաեւ՝ անպտղության: Այդ հիվանդությունները ուշադրության չեն արժանանում, հետեւաբար տարածվում են արագորեն: Մեր երկրում դրանք շատ հաճախ են հանդիպում, սակայն ուսումնասիրված չեն: Այժմ մասսայական հետազոտություններ են կատարվում բոլոր մարզերում եւ շուտով կամփոփվեն արդյունքները:

Հատկապես վտանգավոր է, երբ կինը հիվանդացել է մինչեւ պտղի ձեւավորումը: «Հանրապետությունում արձանագրվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի երկու դեպք, երկուսն էլ մեզ մոտ: Նրանց համար առանձնացված են մահճակալներ եւ հիվանդներին չի թույլատրվել բնական ճանապարհով ծննդաբերել, ինչպես նաեւ կրծքով կերակրել: Բարեբախտաբար, երկու երեխաներն էլ առողջ են եւ նույնիսկ բացիլակիր չեն»,- վերջում հայտնեց պրոֆեսոր Աբրահամյանը:

ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել