Լրահոս
Օրվա լրահոսը

Ղրղզներն ու մենք

Փետրվար 16,2005 00:00

Ղրղզներն
ու մենք Աստիճանաբար ավելի ու ավելի ակնհայտ է դառնում ԱՊՀ
տարածքում երկու հակադիր քաղաքական միտումների զարգացումը, ինչն ի վերջո հանգեցնելու
է այդ արհեստածին կառույցի վերջնական փլուզմանը: Մինչ երկրորդելով Վրաստանին՝ Ուկրաինան
տոնում է ավտորիտարիզմի ու քրեապետության նկատմամբ տարած իր հաղթանակը, ԱՊՀ մեկ այլ
անդամ՝ Ղրղըզստանը փորձում է յուրացնել Բելառուսի «առաջավոր» փորձը: Այնտեղ
կամավորների մի պատկառելի բանակ եռանդով ստորագրություններ է հավաքում նախագահ Ասկար
Ակաեւին երրորդ ժամկետով նախագահ ընտրվելու թույլատրման հարցով հանրաքվե անցկացնելու
համար եւ արդեն իսկ հավաքել է 100 հազար ստորագրություն: Մեծ խորաթափանցություն պետք
չէ հասկանալու համար, որ իրենց երկրի ճակատագրով մտահոգ այդ մարդկանց ի վերջո կհաջողվի
ապահովել ստորագրությունների՝ օրենսդրությամբ պահանջվող քանակն ու հավաքել եւս 200
հազար ստորագրություն: Առանձին ձիրք չի պահանջվի նաեւ կանխատեսելու համար, որ Ակաեւը,
մինչեւ հոգու խորքը զգացվելով բազմահազար աշխատավորների սրտառուչ ուղերձներից ու
նաեւ գիտակցելով պահի պատմականությունն ու պատասխանատվությունը, ճարահատյալ կհամաձայնի
երրորդ անգամ նախագահ ընտրվել: Հանուն արդարության պետք է նշել, որ Ղրղըզստանը
միակն է Կենտրոնական Ասիայի երկրների շարքում, որտեղ ժողովրդավարության ինչ-որ հեռավոր
նմանակում կա, եւ «երկրի ու ժողովրդի բարօրության հրամայականով» ընդդիմությունը վերջնականապես
ջախջախված չէ: Ավելին, նախագահ Ասկար Ակաեւը նույնիսկ մի քանի անգամ հայտարարել է,
որ չի պատրաստվում խախտել երկրի Սահմանադրությունն ու առաջադրվել երրորդ անգամ: Համաձայնեք,
որ միջինասիական լիդերներ Քարիմովի եւ Նիյազովի ֆոնին Ակաեւի այդ հայտարարությունները
հնչում են իբրեւ Թոմաս Ջեֆերսոնի կողմից երբեւէ արված դատողությունների լավագույն
նմուշներ: Ղրղզական ընդդիմությունը, սակայն, հակված է կարծելու, որ Ակաեւն այնքան
էլ անկեղծ չէ եւ իրականում դեմ չէր լինի ղրղզներին զարգացման եւ կայունության հունով
առաջնորդել եւս հինգ տարի: Նկատենք, որ վերոհիշյալ հարցով կայանալիք հանրաքվեի բավականաչափ
կանխատեսելի ելքի դեպքում միաժամանակ ճիշտ կլինեն եւ ղրղզական ընդդիմադիրները, եւ
Ակաեւը: Այսինքն՝ Սահմանադրությունը կվերաձեւվի, եւ վերջինս ստիպված չի լինի խախտել
այն՝ միեւնույն ժամանակ ստանալով երրորդ ժամկետով պաշտոնավարման իրավունք: Այս
հարցով միջազգային արձագանքները դեռեւս որոշակի չեն. տարածաշրջանի հիմնական դերակատարներ
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առայժմ սպասողական դիրք են բռնել: Առաջինը՝ թերեւս զգուշանալով
«ուկրաինական բորշչի» կրկնական ճաշակումից, երկրորդը՝ մտահոգվելով իր ռազմաբազաների
հյուրընկալ երկրի հետ ժամանակից շուտ հարաբերություններ փչացնելու հնարավոր հեռանկարով:
Վստահ ենք, սակայն, որ ղրղզական գործընթացներին ուշի-ուշով հետեւում է եւս մի երկիր՝
Հայաստանը, որի իշխող վերնախավը, փաստորեն, ինքնավերարտադրման ձրի դասընթացներ է
անցնում: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել