Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ-ն պատրաստ է բանակցել

Փետրվար 16,2005 00:00

ԼՂՀ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մանվել Սարգսյանը երեկ մեր թերթին տված հարցազրույցում անդրադառնալով ԼՂ հարցի շուրջ ներկայումս վարվող բանակցություններին՝ ակնարկեց, թե դրանք ավելի շատ Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերություններին առնչվող բանակցություններ են:

Միաժամանակ նա հավելեց, որ թեեւ Հայաստանը ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխավոր հանդիսացող պետություն է, բայց նրա ղեկավարությունն ինքն է որոշում իր կողմից վարվող արտաքին քաղաքականությունը, նաեւ՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում: Պարոն Սարգսյանը նաեւ կարծիք հայտնեց, թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորված չլինելու հետ կապված՝ Հայաստանի պրոբլեմները, անշուշտ, դժվարին են: «Դրանք եւս իրենց լուծմանն են սպասում բանակցությունների միջոցով: Չեմ ասում այն մասին, որ Հայաստանն իր պատկերացումներն ունի ԼՂՀ ապագայի վերաբերյալ»,- անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներին՝ ասաց Մ. Սարգսյանը:

Մեկնաբանելով ԵԽԽՎ-ում ընդունված եւ Դեյվիդ Աթկինսոնի հեղինակած բանաձեւը՝ ԼՂՀ նախագահի խորհրդականն ասաց. «ԵԽԽՎ բանաձեւը առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է: Այդպիսի բանաձեւերը իրական քաղաքականության համար ֆոն են ձեւավորում: Դրա համար մեզ պետք է հետաքրքրեն այդ բանաձեւից բխող ԵԽ ռեալ քայլերը: Բանաձեւն այսօր տարբեր կերպ է մեկնաբանվում, եւ դրա համար փաստաթուղթը լայն դաշտ է ստեղծել: Բայց քանի որ անհրաժեշտ է մտածել ԵԽ կողմից վարվող իրական քաղաքականության հեռանկարի մասին, ավելի նպատակահարմար է հետեւել բանաձեւի վերաբերյալ արվող հենց եվրոպացիների մեկնաբանություններին:

Այդ իմաստով ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել ԵԽԽՎ-ում բանաձեւի ընդունումից անմիջապես հետո դրա հեղինակ Դեյվիդ Աթկինսոնի՝ «BBC» ռադիոկայանին տված հարցազրույցի վրա: Իսկ այնտեղ Աթկինսոնն ավելի ընդգրկուն է ներկայացնում ընդունված բանաձեւի քաղաքական իմաստը: Ուշադրություն դարձրեք այնպիսի թեզիսների վրա, ինչպիսիք են՝ «զինադադար կնքելուց հետո տասը տարիների ընթացքում կողմերը խաղաղության չեն հասել այն պատճառով, որ այդ տարիների ընթացքում իրական շփումներ չեն եղել ադրբեջանական եւ ԼՂ իշխանությունների միջեւ: Անհրաժեշտ է բանակցություններ սկսել, դրա լուծման համար երկխոսություն հաստատել… ԵԽԽՎ-ն առաջարկել է մինսկյան գործընթացը խորհրդարանական հարթության մակարդակ ներմուծել…. Եվ եթե Ղարաբաղի ժողովուրդը կպահպանի գոյություն ունեցող անկախությունը, դե ֆակտո անկախությունն Ադրբեջանից եւ դրա հետ կհամաձայնի Ադրբեջանը, ապա մենք եւս դա կճանաչենք: Հիմա մենք սպասում ենք, որ ադրբեջանական կառավարությունը շփումներ սկսի Ղարաբաղում իշխանությունների հետ եւ առաջարկի քննարկում ծավալել… երկխոսությունը պետք է սկսվի առանց նախապայմանների» (մեջբերումը bbcrussian.com կայքում տեղադրված հարցազրույցից է):

Այդ կարծիքին է նաեւ Լեռնային Ղարաբաղը: Եթե Եվրոպան ցանկանում է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, ապա դա իսկապես կարող է հակամարտության կարգավորման համար մթնոլորտ ստեղծել: Առավել եւս, որ խոսք է գնում նաեւ խորհրդարանական շփումների՝ Մինսկի գործընթացը ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի խորհրդարանական հարթություն տեղափոխելու մասին»,- Աթկինսոնի հարցազրույցի այդ հատվածի վրա հատուկ ուշադրություն դարձնելու հորդորով նկատեց Մ. Սարգսյանը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել