Մարքսիստ
Դավիթ Հակոբյանը ընդդիմադիր դաշտում իրեն միայնակ է զգում «Ընդդիմությունը
քաղաքական աքլորությամբ կամ աթոռակռվի մոտիվներով չէ: Ընդդիմություն պետք է լինել
ալտերնատիվ գաղափարական մտքով: Այս տեսանկյունից եթե նայենք, հանրապետության քաղաքական
դաշտում ընդդիմադիր ուժ չկա: Ոչ տնտեսական, ոչ ազգային դոկտրինայի ոչ մի տարբերություն
չկա: Ընդդիմության կարկառուն լիդերներին հարցրեք Արցախի հիմնահարցի լուծումից՝ Վարդան
Օսկանյանից տարբերվող ոչինչ չեն ասի»,- Հայաստանի ընդդիմադիր դաշտի մասին «Առավոտին»
իր տեսակետը փոխանցեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
Սակայն՝ «Դեռեւս 2000 թվականին իմ՝ արցախյան հիմնահարցի լուծման երրորդ՝ այլընտրանքային
տարբերակն եմ տվել, որն այսօր ստեղծագործական առումով ավելի ռեալ եւ դինամիկ գաղափարախոսություն
է, քան այսօրվա իշխանությանն ու ընդդիմությանը: Ես դեռ այն ժամանակ էի ասում, որ
հարցն անպայման գնալու է ՄԱԿ-ի 151415 ռեզոլյուցիայի տակ: Եվրոպական գագաթաժողովում
Իգոր Իվանովի ըմբոստ հայտարարությունը, որ Ռուսաստանը չի ճանաչում ԵԱՀԿ-ն եւ նրա
մոտիվներն անհարիր են ՌԴ ազգային շահերին, արդեն ապացուցեց, որ ՌԴ-ն, որ ԱՄՆ-ի հետ
մեր ազգային դոկտրինը դրսից հիմնական պարտադրողն է, եվրոպական կառույցներին չի վստահում:
Ռուսական արջը դուրս եկավ իր բեռլոգից»,- ասում է Դավիթ Հակոբյանը ու հավելում, որ
«եթե ընդդիմության դասական ձեւակերպման մեջ նայենք, մենք (նկատի ունի մարքսիստներին-
Ն.Գ.) միայնակ ենք քաղաքական դաշտում»: Դեռեւս աշնանը պարոն Հակոբյանը միասնական
ընդդիմադիր ճակատ ստեղծելու փորձեր էր անում: Հետաքրքրվեցինք, թե ինչով ավարտվեց
նախաձեռնությունը. «Իմ քաղաքական հետազոտությունները եւ հանդիպումները ցույց են տալիս,
որ այսօր այդ դաշտը կոնսոլիդացվող չէ: Ընդդիմությունը եղել է կլանային, այդպես էլ
մնում է: Այն այդպես էլ չվերածվեց համաժողովրդականի: Միասնական ալյանս չի նշանակում՝
բոլորս հավաքվենք մի տեղ ու միասին հաչանք: Այլ ստեղծենք նոր քաղաքական էլիտա, որտեղ
ըստ լիդերների կարողությունների՝ կբաշխվեն պարտականությունները»: Նախաձեռնության
տապալման պատճառները, ըստ մեր զրուցակցի, «նրանց քաղաքական էգոիզմի մեջ փնտրեք: Չափից
ավելի շատ են քաղաքականությամբ զբաղվողները, որոնք տեսական մտքի առումով ոչ մի նախադրյալ
չունեն քաղաքական գործիչ լինելու համար»: Վկայակոչելով ընդդիմադիր դաշտում ձեւավորված
եռյակները՝ մարքսիստը կանխատեսում է. «Ընդդիմությունն այսօր փլուզման եզրին է: Բոլորն
իրենց մանդատները ստացել են Ստեփան Դեմիրճյանի հեղինակության վրայով, բայց այսօր
ուրանում եւ լքում են նրան: Սա մեծ բարոյական անկման նշան է: Այս պարագայում ինձ՝
ազգային մարքսիստական գործչիս հետ համագործակցության ձեռք չեն մեկնում: Բայց ես,
որպես գաղափարախոսության մոտուլյատոր՝ միշտ պատրաստ եմ»: Մարքսիստներն ամեն
մի վայրկյան սպասում են իշխանական բուրգի փլուզման: Փլուզման ժամկետները, ըստ Դ.
Հակոբյանի, կկայացվի փետրվարի 24-ին, Բրատիսլավայում՝ Պուտին-Բուշ հանդիպման ժամանակ:
Իսկ իշխանափոխությունը Արամ Կարապետյանի առաջարկած տարբերակով մարքսիստը «մանկամտություն
եւ տգիտության արտահայտություն» է համարում, քանզի Հայաստանում չի տեսնում պատվիրատու
դասակարգին: «Մեզ մոտ արամկարապետյանները սոցիալիստական կացութաձեւ բերող չեն, եւ
առայժմ առնվազն հիմարություն է այդ մասին մտածելը: Սրանք շառլատանություն են անում»:
Պարոն Հակոբյանը մեծահոգաբար ընծայեց հեղափոխության դասական մարքսիստական
ֆորմուլան. «գաղափարական կապիտալ+ֆինանսական կապիտալ=քաղաքական կապիտալ», սրանից
բխող՝ «քաղաքական կապիտալ+քաղաքական կատալիզատոր (խարիզմատիկ անհատ)+ընչազուրկ զանգվածի
13= կրիտիկական մասսա: Ֆիզիկոս Էնրիկո Ֆերմիի միջուկային ֆիզիկայի այս արտահայտությունն
այսօր ակտուալ է քաղաքականության մեջ»: «Առավոտի» դիտարկմանը՝ «Միակ գաղափարական
ընդդիմությունը լինելով՝ արդյո՞ք Դուք չեք դառնում այդ խարիզմատիկ լիդերը», պարոն
Հակոբյանն ասաց. «Սիրամարգի նման փքվել ու փետուրների նրբերանգությունը ցուցադրելն
իմ քաղաքական արվեստը չէ»: Վերջում իր քաղաքական նկրտումները պարոն Հակոբյանը երկու
բառով ամփոփեց՝ «դեպի միաբանություն»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ