Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խնդիրը

Փետրվար 15,2005 00:00

Խնդիրը ոչ թե տնտեսական է, այլ՝ քաղաքական Երեկ թուրք-հայկական բիզնեսի զարգացման խորհրդի համանախագահ եւ Թուրքիայի ներկայացուցիչ Քաան Սոյակը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ թուրք-հայկական բիզնեսի զարգացման ու «Եվրասիա» հիմնադրամի հետ իրականացվելիք նոր նախագծի մասին: Սակայն թուրք գործարարը չցանկացավ մանրամասնել այդ նախագիծը, քանի դեռ ոչինչ չեն քննարկել ու կոնկրետ որոշումներ չեն իրականացրել: Փոխարենը նա որոշ տեղեկություններ հայտնեց հայ-թուրքական ապրանքաշրջանառության ծավալների մասին. «Այժմ այն հասնում է 120 մլն դոլարի: Եթե սահմանը բացվի՝ այդ թիվը հաստատ կեռապատկվի»: Լրագրողները նրան խնդրեցին մեկնաբանել Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցման փաստը: Պրն Սոյակի կարծիքով, այդ երկաթգծի կառուցումը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական իմաստ ունի, որովհետեւ Կարս-Թբիլիսի-Բաքու եւ Կարս-Երեւան-Բաքու հեռավորությունները նույնն են. «Բաքու-Երեւան-Ջեյհանի կառուցումն էլ է քաղաքական դիրքորոշում, եւ այն 20-30 տոկոսով ավելի էժան կարող էր լինել», սակայն՝ պայմանավորված երկու պետությունների նպատակներով ու աշխարհաքաղաքական շահերով, այդ խողովակաշարը եւս շրջանցեց Հայաստանը: Հայաստանցի դիտորդների կարծիքով, հաղորդակցության ուղիների՝ Հայաստանը շրջանցելու փաստը պայմանավորված է մեր պաշտոնյաների ոչ ճկուն քաղաքականությամբ: Գործարարը նաեւ նշեց, որ թեեւ թուրք-հայկական բիզնեսի զարգացման խորհուրդը ցեղասպանության ճանաչման համար որեւէ քայլ չի ձեռնարկել, բայց իրենք տեղյակ են, որ Եղեռնի 90-ամյակի առթիվ հայերը բավականին ակտիվ գործունեություն են ծավալում. «Մենք ուզում ենք, որ Թուրքիայում ավելի շատ արծարծվի այդ թեման: Ժողովուրդը պետք է իմանա պատմությունը, մենք միասին պետք է ներկայացնենք այն»: Պրն Սոյակի կարծիքով, հայ եւ թուրք ժողովուրդներն ավելի սերտ համագործակցություն կունենան, եթե դաշնակցական կուսակցությունը մտնի երկխոսության մեջ: Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին՝ Ք. Սոյակն ասաց, որ Ադրբեջանը Թուրքիայում մեծ քարոզարշավ է ծավալում. «Մենք դեմ ենք Թուրքիայի քաղաքականության մեջ Ադրբեջանի խառնվելուն, դրա համար էլ նրանց դեսպանը մեզ խիստ քննադատում է: Առաջ մեզ գիժ էին ասում նման կարծիքի համար, բայց հետո, երբ ավելի մեծ հեղինակություն ունեցանք, մեզ շատերը միացան»: Ներկայացնելով թուրք-կիպրոսյան տնտեսական կապերի վիճակը, որտեղ 30 տարի ի վեր ներդրումներ չեն կատարվում, անընդհատ ճնշումներ են գործադրվում ու որեւէ համաձայնության չեն գալիս, պրն Սոյակն ասաց. «Ղարաբաղի հարցը տասը տարվա պատմություն ունի, այնպես որ դեռ 20 տարի էլ կա»: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել