Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԻԿՅԱՆԸ

Փետրվար 15,2005 00:00

ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ԿԻՆՔՆՈՐՈՇՎԻ ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ Համաշխարհային կինոդարանը շուտով կհամալրվի նոր ֆիլմով, որովհետեւ, Պարույր Հայրիկյանի կարծիքով, իր նորատիպ «Հավատով եւ սիրով» գիրք-սցենարը էկրանավորումից հետո հավակնում է բեստսելեր դառնալ: Համենայնդեպս, իրեն այդպես են համոզել կինոգետ ընկերները, որոնք, իր խոսքով՝ կինոաշխարհում հեղինակություն են: Ապագա ֆիլմը կոմունիստական կայսրության փլուզման ժամանակաշրջանի մասին է: Սցենարն այնպես է կառուցված, որ հեղինակը՝ Պարույր Հայրիկյանը, ներկայացված է ոչ միայն որպես ծավալվող իրադարձությունների ականատես, այլեւ գլխավոր դեմք: Դրա համար էլ նա, ըստ սցենարի, խոշոր պլանով մեկ՝ Արարատի ֆոնին է, մեկ՝ Զվարթնոցի ավերակների վրա, մեկ՝ թիկունքում Էջմիածնի մայր տաճարն է, որտեղ քիչ առաջ մոմ վառած գործիչը հետաքրքրվում է Ազատ Արշակյանի ու Աշոտ Նավասարդյանի ճակատագրով: Հայրիկյանը մանրամասնորեն ներկայացված է բանտախցում, ընկերների ու գաղափարակիցների շրջանում, ասուլիսներ տալիս, ընտանիքում եւ այլն: Ու ամենուր առաջինն է՝ անդրդվելի քաղաքական գործիչ, սիրված տղամարդ եւ ամուսին, լավ ընկեր, լավ հռետոր, նաեւ համարձակ գաղափարների շտեմարան եւ այլն: Ֆիլմը սկսվում է Գորբաչովի՝ պոլիտբյուրոյի անդամների հետ քննարկումներով, որոնց թեման է՝ ինչպես ազատվել քաղկալանավորներից (բնականաբար՝ Հայրիկյանից) եւ ԱՄՆ-ի՝ Խորհրդային կայսրությունը հակաժողովրդական եւ հակադեմոկրատական որակող մեղադրանքներից: Այնուհետեւ, ըստ սեփական սցենարի, կենտրոնում նորից ինքն է՝ արդեն բանտախցում ու բոլոր իրադարձությունների կիզակետում: Թե ինչպես է ստեղծում Քաղկալանավորների պաշտպանության հայկական կոմիտե՝ «որպես խոչընդոտ Գորբաչովի հայտարարած «գլաստնոստ» խաղի», ինչպես է տպագրում «Անկախության» երեք համարը, ինչպես է Մոսկվայում հանդիպում ԱՄՆ դեսպանատան առաջին քարտուղարի ու անձամբ դեսպան Շիֆտերի հետ: Վերջինս էլ, դարձյալ ըստ հայրիկյանական սցենարի, չի կարողանում զսպել Հայրիկյանի հանդեպ ունեցած հիացմունքը, նաեւ զարմանում է նրա տոկունության վրա: Հայրիկյանն էլ վերցնում ու հումանիզմի մի լավ դաս է տալիս էդ ամերիկացուն. «Սերն է ստիպում բարի հայացքով նայել բոլոր երեւույթներին… Դա սեր է մարդկանց, քո ժողովրդի, նույնիսկ թշնամիների նկատմամբ»: Պրն Հայրիկյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ ֆիլմը նկարահանելու բազմաթիվ առաջարկներ է ստացել արտերկրից՝ մասնավորապես ԱՄՆ-ից: «Չնայած կինոգետներից մի քանիսը միայն առաջին մասն են նայել, բայց ասել են, որ այն իր ընդգրկմամբ հզոր մի բան է լինելու»,- ասաց ԱԻՄ առաջնորդը: «Ունեմ 5 տարբեր առաջարկ ֆիլմը Ամերիկայում նկարահանելու, բայց նախնական բանակցությունները ցույց են տալիս, որ նրանք բոլորն էլ կամենում են հենց սկզբից գնել սցենարը եւ այն օգտագործել այնպես, ինչպես կամենան: Ես լավ ընկերներ ունեմ, որոնց կարծիքով սա մեծ հաջողություն ունեցող ֆիլմ է դառնալու՝ բեստսելեր, ուստի որոշել եմ սցենարը տալ միայն տոկոս ստանալու պայմանով»,- մանրամասնեց ԱԻՄ սցենարիստը: Նաեւ ասաց, որ առաջարկվող գումարները Հայաստանի մասշտաբներով ֆանտաստիկ են, իհարկե, հրաժարվեց չափը նշել: «Մի առաջարկ էլ կա՝ ֆիլմը նկարահանել Ռուսաստանում, որովհետեւ նկարահանումների մի մասը՝ հուզիչ տեսարաններ, Սիբիրի հետ են կապված: Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն ասաց, որ իմ սցենարը կարդալիս արցունքները նույնիսկ զսպել չի կարողացել: Չի բացառվում, որ ֆիլմը լինի ռուս-ամերիկյան համատեղ արտադրության»,- ասաց պրն Հայրիկյանը: Ի դեպ, սցենարը ներկայումս թարգմանվում է ռուսերեն, անգլերեն, ուկրաիներեն: «Իսկ ո՞վ է խաղալու Պարույր Հայրիկյանի դերը» հարցին նորաթուխ սցենարիստը արձագանքեց. «Ինձ որպես ֆիլմի խորհրդատու անպայման կվերցնեն, իհարկե հորդորում են որեւէ գլխավոր դեր խաղալ: Ես էլ երեւի հայրիկիս՝ Արշավիր Հայրիկյանի դերը վերցնեմ: Իհարկե, դեռ պատկերացում չունեմ, թե ով կարող է Պարույր Հայրիկյանի դերը խաղալ»: «Որքանո՞վ է հարմար ձեր անձնական կյանքի որոշ ինտիմ մանրամասներ, ձեր թաքուն աշխարհը հանրության սեփականությունը դարձնել», հետաքրքրվեց «Առավոտը»՝ նկատի ունենալով ֆիլմի սցենարի որոշ դրվագներ. խոսքը բանտախցում Ելենայի, Անահիտի հետ բուռն հանդիպումների մասին է: «Դա գեղարվեստական գործ է, ես ոչ մի վատ բան չեմ տեսնում դրանում: Բացի այդ, դա իմ թաքուն աշխարհի մեկ հազարերորդական մասն է»,- ասաց Պարույր Հայրիկյանը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել