Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեկ

Փետրվար 15,2005 00:00

Մեկ ազգ, մեկ պատուհան Հավաստիացնում է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սուրեն Կոշեցյանը, ասածի ապացույցը՝ շենք մուտք գործողների թիվն անհամեմատ քչացել է: «Հրաշքի» բուն պատճառը, ըստ պարոն Կոշեցյանի, այս տարվա հունվարի 1-ից ներդրված մեկ պատուհանի համակարգն է: Աշխատանքային հատուկ խումբը զտում է դիմումները, երկշաբաթյա ժամկետում պատասխանում ուսումնասիրման կարիք չունեցողներին, մնացածն ուղարկում է համապատասխան օղակներ: Աշխատակազմի ղեկավարի ասելով, ցանկացած դիմում 45-օրյա վերջնաժամկետում ստանում է պատասխան: Այսինքն՝ վերացել է «անտեր» դիմումները դարակներում «քնացնելու» ավանդույթը: Ավելին, երեկ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարն իր գործընկերների անունից խնդրեց համաքաղաքացիներին՝ «ըմբռնումով մոտենալ այն բանին, որ խստացվել է շենքի մուտքը»: Մեկ պատուհանի հիմնական նպատակը կոռուպցիայի չափերի մեղմացումն է, որպեսզի դիմում տվողը հնարավորություն չունենա գործարքի մեջ մտնել «գործն անողի» հետ: Թեպետ պետք է նկատել, որ անհրաժեշտության դեպքում հարկավոր մարդու հետ կապ հաստատելու ձեւն էլ, միջնորդն էլ կգտնվի: Մյուս նպատակը քաղաքացիների ժամանակը խնայելը եւ նրանց գնալ-գալու հոգսից ազատելն է: Նաեւ՝ մեծ ու փոքր պաշտոնյաների աշխատանքային անդորրը չի խախտվի: Քաղաքապետարանի դիմումների ընդունման բաժնում մեր այցելության պահին խաղաղ էր: Բացի թուղթ ու գրչի պակասից, որը քաղաքացիները միմյանցից էին խնդրում, այցելուների համար ստեղծված էին ընդունելի պայմաններ՝ մաքուր, նստարաններով կահավորված սպասասրահ, աշխատող հեռախոսներ: Այսինքն այն, ինչ չկար նախկին շենքի անցագրային կետում: Բաժնի պետ Սիաբանդ Բաքոյանն ասաց, որ մեկ-մեկ անդորրը խախտվում է, երբ իր դիմումին բացասական պատասխան ստացած քաղաքացին փորձում է աղմուկ-աղաղակով արտահայտել դժգոհությունն ու զայրույթը. «Ես բացատրում եմ մերժման պատճառն օրենքի հիմնավորումներով, եթե չեն համոզվում՝ դիմում են գրում իրենց ուզած պաշտոնյային հանդիպելու համար»: Մի այլ խնդիր էլ առաջանում է, երբ «քաղաքացիներին փորձում եմ բացատրել, որ անհրաժեշտ է այս կամ այն փաստաթուղթը, շատերը դժգոհում են, թե իրենց զուր քաշքշուկների մեջ եմ գցում, ես էլ ստիպված վերցնում եմ դիմումը, թեպետ հետո իրենք են տուժում, բայց դիմում չընդունելու իրավունք չունեմ»: Այս օրերին առավել ծանրաբեռնված աշխատում է ինքնակամների հանձնաժողովը: 2003-ին ընդունված կարգով, մինչեւ այս տարվա փետրվարի 22-ը ժամանակ էր տրվել քաղաքացիներին՝ տարիների ընթացքում կառուցած ապօրինի շինություններն ու հողազավթումներն օրինակացնելու հայտեր ներկայացնելու համար: Ս. Կոշեցյանի ասելով, միայն անցյալ տարի հանձնաժողովը ստացել է շուրջ 12 հազար հայտ: Դրանց հնարավորինս արագ ընթացք տալու նպատակով հանձնաժողովի աշխատանքներին օգնում են քաղաքապետարանի այլ աշխատակիցներ նույնպես: Այլ հարց է, թե որքանով են ինքնակամ՝ ինքնակամներին տրվող դրական պատասխանները: Այստեղ հանձնաժողովի անդամների հետ ուղիղ շփվելու «տաբու» չկա՝ հանձնաժողովն աշխատում է առանց մեկ պատուհանի: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել