Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՆԴԱՏԻ

Փետրվար 15,2005 00:00

«ՄԱՆԴԱՏԻ ՀԱՐՑՆ ԱՆԻՄԱՍՏ Է ԹՎՈՒՄ» Հարցազրույց ԼՂՀ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մանվել Սարգսյանի հետ – Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի հանձնախմբի պատրաստած զեկույցում պնդում կա, թե ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ խմբին հայտնել է, որ ԼՂ իշխանություններից Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններ վարելու մանդատ է ստացել: Արդյոք ԼՂՀ ղեկավարությունն իրո՞ք ՀՀ նախագահին նման լիազորություն է տվել: – Որտեղի՞ց է ընդհանրապես մանդատի մասին հարցադրում առաջացել: Ի՞նչ կապ ունի մանդատը: 1996-ին Լիսաբոնում տեղի ունեցած գագաթաժողովից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցող բանակցությունները դադարեցվել են, իսկ Լեռնային Ղարաբաղը բանակցություններին մասնակցելու համար միայն այդ հնարավորությունն ուներ: Մյուս ձեւաչափերում Ադրբեջանը ցանկություն չի հայտնել ԼՂՀ-ի հետ խոսել: Այդ իրավիճակում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնել են բարձր մակարդակով քննարկել երկու երկրների փոխհարաբերությունների հիմնախնդիրները, այդ թվում՝ կոնֆլիկտային հարաբերությունների կարգավորման թեման: Ի՞նչ է, դրա համար ինչ-որ մանդա՞տ էր պետք: Հայաստանի ղեկավարությունը, որ ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխավորն է, ինքն է որոշում իր քաղաքականությունը, որը կարող են գնահատել Հայաստանի քաղաքացիներն ու քաղաքական ուժերը: Լեռնային Ղարաբաղը չէ, որ պետք է որոշի՝ ինչն է այս հարցում ճիշտ եւ ինչը՝ սխալ: Այդ իմաստով իրավունք էլ չունենք ազդելու հայկական ինքնիշխան պետության գործողությունների վրա: Այլ հարց է, որ մենք մեզ իրավունք ենք վերապահում բացահայտորեն արտահայտել սեփական դիրքորոշումը մեր հիմնախնդրի բոլոր ասպեկտների եւ Հայաստանի շահերի վրա հակամարտության ազդեցության վերաբերյալ: Մեր այդ դիրքորոշումը միշտ արտահայտվել է եւ արտահայտվում է միանշանակ: Մենք գտել ենք եւ գտնում ենք, որ առանց ԼՂՀ մասնակցության ոչ միայն արդյունավետ բանակցություններ չեն կարող լինել, այլեւ մեծ պրոբլեմներ են ստեղծում Հայաստանի եւ ԼՂՀ-ի համար՝ ինչպես կարգավորման դիվանագիտության տեսանկյունից, այնպես էլ՝ միջազգային ոլորտում ընդհանրապես: Մեր կարծիքով, Հայաստանը հակամարտության հետեւանքների, մասնավորապես՝ իր ինքնիշխանության տարածքի շրջանակներից դուրս տարածքային եւ հումանիտար հիմնախնդիրների համար որեւէ պատասխանատվություն չի կրում միջազգային հանրության առաջ: Նման հիմնահարցերի լուծումը ԼՂՀ-ի իրավասությունն է, եւ դրանց լուծումը մենք տեսնում ենք ուղիղ բանակցություններում Ադրբեջանի հետ, որը շարունակում է դժգոհություններ ներկայացնել ԼՂՀ-ին: Մյուս կողմից, ԼՂՀ ղեկավարությունն ուշադիր է այն ամենի նկատմամբ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի ճակատագրի վրա: Մենք ցանկություն չունենք մեր հիմնախնդիրները լուծել Հայաստանի եւ ընդհանրապես՝ Հայաստանի ժողովրդին որեւէ բարոյական վնաս պատճառելու հաշվին: Ուստիեւ՝ ՀՀ նախագահին ԼՂՀ կողմից մանդատ տալու վերաբերյալ հարցն անիմաստ է թվում: Բոլորը պետք է պատասխանատու զգան այն բանի համար, որպեսզի համատեղ լուծվեն այդ դժվարին հիմնախնդիրները: Եվ եթե ինչ-որ բան այնպես չէ, պետք է հանգիստ քննարկել իրավիճակն ու լրացուցիչ հնարավորություններ փնտրել՝ դրանք հաղթահարելու համար: Իմ կարծիքով, ներկայումս աշխարհում սկսում են ավելի ըմբռնումով վերաբերվել ԼՂՀ դիրքորոշմանը: Վերջերս ԼՂ վերաբերյալ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւում միանգամայն հստակորեն առաջ է քաշվել այն միտքը, որ տասնամյա բանակցային գործընթացի անհաջողությունները պայմանավորված են Ադրբեջանի եւ ԼՂՀ ղեկավարության միջեւ ուղղակի երկխոսության բացակայության փաստով, եւ կարգավորման հեռանկարի բարելավումը կապվում է հատկապես նման երկխոսության անհրաժեշտության հետ: – Բայց բանաձեւի փաստացի հեղինակ Դեյվիդ Աթկինսոնը BBC-ին տված հարցազրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ինքնորոշման սկզբունքի կիրառման անընդունելիության մասին: – Ամեն ինչ ճիշտ է: Նա չի հավատում, որ Ադրբեջանը կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը: Բայց բավական է նաեւ այն, որ Աթկինսոնը արտահայտում է Եվրոպայի կարծիքն այն մասին, որ կողմերի որոշումը կընդունվի իրենց կողմից: Այսինքն` որեւէ բարդույթ չկա այն հարցում, որ ԼՂՀ-ն սկզբունքորեն կարող է ճանաչվել որպես անկախ պետություն: Թող կողմերին նստեցնեն բանակցությունների սեղանի շուրջ, եւ ժամանակը ցույց կտա: Իսկ դուք, ի՞նչ է՝ ուզում եք ամեն ինչ նախօրոք կանխագուշակել: Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՄանվել Սարգսյանը նաեւ կարծիք է հայտնել ԵԽԽՎ բանաձեւի մասին, որը կներկայացնենք հաջորդ համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել