Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՍԵԼՈՒ

Փետրվար 15,2005 00:00

ԼՍԵԼՈՒ ԵՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ Մարտի 29-ից Ազգային ժողովում կսկսվեն խորհրդարանական լսումներ՝ Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման թեմայով: Կհրավիրվեն քաղաքական ուժերը՝ ոչ միայն խորհրդարանական, մասնագետներ, որոնք տարբեր առիթներով հանդես են եկել Ղարաբաղի հարցի շուրջ հայտարարություններով, նաեւ այն միջազգային կազմակերպությունները, որոնք առնչվում են Ղարաբաղի հարցի կարգավորմանը, Մինսկի խմբի մաս կազմող երկրների դեսպանությունների ներկայացուցիչներ: Ըստ մեր տեղեկությունների, կհրավիրվեն նաեւ բոլոր նախկին ԱԳ նախարարները եւ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախկին նախագահները: Լսումները լինելու են բաց, մասնակցելու են նաեւ լրատվամիջոցները: Պատգամավորներից շատերը հույս ունեն, որ լսումները ոմանց կստիպեն լուրջ լինել եւ Ղարաբաղի հարցում չանել բաներ, որոնք կարող են ընդվզումների տեղիք տալ: Այսօր կարծես թե Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված իշխանության բոլոր օղակներում փոխըմբռնում եւ համակարծություն չի տիրում: Նախ՝ քաղաքական ուժերը (նաեւ՝ իշխանամետ) բացարձակապես անտեղյակ են եւ չեն էլ պատկերացնում, թե հարցի լուծումն ինչպիսի՞ փուլում է: Խորհրդարանական ուժերը, օրինակ, գրեթե ոչինչ չգիտեն հարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների կամ պայմանավորվածությունների մասին, նույնիսկ այն, թե ի՞նչ կարգի «փաթեթ» կամ «փուլ» է քննարկվում եւ որի՞ն են մեր իշխանությունները կողմնակից: Այսինքն՝ համատարած չիմացության մթնոլորտ է, որից պատգամավորները, մասնավորապես՝ արտաքին հարցերի հանձնաժողովը, ուզում է դուրս գալ: Սակայն կան նաեւ «տեղեկացվածներ» (ինչպես ասում են, հարցին տիրապետում են փորձագիտական մակարդակով), եւ ենթադրվում է, որ դրանց շարքում է նաեւ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, որը երեկ հրավիրվել էր խորհրդարան՝ մասնակցելու ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը։ Վարդան Օսկանյանին հրավիրել էին հարցեր տալու եւ պատասխաններ ստանալու նպատակով, սակայն, ինչպես հասկանալի էր հանձնաժողովի մի քանի անդամների հետ զրույցից, ԱԳ նախարարը ամենեւին էլ մտադիր չէր «սիրտը բացել» եւ պատմել, թե ինչ վիճակում է հարցի կարգավորումը: Նույնիսկ այս պայմաններում արտաքին հարցերի հանձնաժողովը մտադիր է այնպիսի լսումներ կազմակերպել, որոնք կստիպեն, ինչպես նշեց մեր խորհրդարանական աղբյուրը, «ոմանց ավելի պատասխանատու վերաբերմունք ունենալ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ եւ այդ մասին արվող հայտարարություններում»: Հանդիպումից հետո ԱԳ նախարարը պատասխանեց «Առավոտի» հարցերին, սակայն, ըստ էության, ոչինչ ավելի չասաց, ինչ սովորաբար ասում է, ընդհակառակը՝ պարոն Օսկանյանը երեկ շատ ավելի քչախոս էր: Վարդան Օսկանյանն ասաց, որ պատգամավորներն իրեն բազմաթիվ հարցեր տվեցին. «Ես այդ հարցերին եմ պատասխանել, նաեւ խոսել ենք զուտ կազմակերպչական հարցերի մասին, թե իրենց կողմից նախատեսվող լսումները, որ կանցկացվեն մարտի վերջին, ի՞նչ ընթացակարգով է արվելու: Այնպես որ, օրակարգում այս երկու հարցերն էին»: Իսկ ի՞նչ հարցեր էին հետաքրքրում պատգամավորներին: Վարդան Օսկանյանի ներկայացմամբ. «Բոլոր տեսակի հարցեր՝ եւ փաստահավաք խմբի, եւ Ղարաբաղի գործընթացի հետ կապված»: Խորհրդարանական լսումների հեռանկարից Վարդան Օսկանյանը, մեր տպավորությամբ, առանձնապես ոգեւորված չէր, սակայն կարծում է, որ սա երկկողմանի օգտակարություն ունի. «Մի կողմից, որ պատգամավորներն ավելի իրազեկ կլինեն հարցին, երկրորդը՝ մեզ համար կարեւոր է իմանալ, թե մեր պատգամավորները ի՞նչ են մտածում հարցի տարբեր էլեմենտների մասին»: Արդյոք լսումների անհրաժեշտությունը նշանակո՞ւմ է, որ հարցի կարգավորման այս փուլում ինչ-ինչ նոր, մեզ համար անբարենպաստ բաներ են հայտնվել եւ հարկավոր է պատասխանատվության մասը դնել նաեւ պատգամավորների վրա։ Ոչ, Վարդան Օսկանյանն այսպես չի կարծում եւ լսումների հրավիրումը համարում է պատգամավորների իրավունքը. «Ինձ համար հետաքրքիր է, թե պատգամավորները ի՞նչ դիրքորոշում ունեն այս հարցում, իսկ իմ պատասխաններից իրենք պետք է հետեւություն անեն, թե մեր վարած քաղաքականությունն այսօր որն է»: Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է առիթ դարձել լսումների անցկացման. «Լսումները նպատակ ունեն լայն քննարկման արդյունքում ճշգրտել խորհրդարանական դիվանագիտության հնարավորություններն ու մեխանիզմները՝ խնդրի լուծմանը նպաստելու, հակամարտության կարգավորման գործընթացում ՀՀ եւ ԼՂՀ տեղն ու դերը հստակեցնելու, ինչպես նաեւ հայկական կողմի մոտեցումներն ու դիրքորոշումը ամբողջացնելու եւ կարգավորելու համար, հակամարտության կարգավորման հետ կապված հնարավոր զարգացումների ընթացքում դրանք ներկայացնելու առումով»: Ըստ հանձնաժողովի նախագահի, իրենց հիմնական նպատակն այն է, որ լսումները որոշակի հարցերի պարզաբանում տան եւ ոչ թե նոր հարցեր առաջացնեն: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչները: Ստեփան Զաքարյանի ներկայացմամբ. «Ղարաբաղն այն հարցն է, որը բոլորինս է: Կարծում եմ, հարցի կարգավորման հետ կապված արդեն արվել են այնպիսի սխալներ, որոնք, չգիտեմ, հնարավո՞ր է ուղղել: Հիմա պետք է մտածենք՝ ներկա իրավիճակում ի՞նչ է հնարավոր անել, որովհետեւ այս հարցում կորուստը նաեւ Հայաստանի անվտանգության խնդիրն է»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել