Խնդիրը
ոչ թե տնտեսական է, այլ՝ քաղաքական Երեկ թուրք-հայկական բիզնեսի
զարգացման խորհրդի համանախագահ եւ Թուրքիայի ներկայացուցիչ Քաան Սոյակը մամուլի ասուլիս
էր հրավիրել՝ թուրք-հայկական բիզնեսի զարգացման ու «Եվրասիա» հիմնադրամի հետ իրականացվելիք
նոր նախագծի մասին: Սակայն թուրք գործարարը չցանկացավ մանրամասնել այդ նախագիծը,
քանի դեռ ոչինչ չեն քննարկել ու կոնկրետ որոշումներ չեն իրականացրել: Փոխարենը
նա որոշ տեղեկություններ հայտնեց հայ-թուրքական ապրանքաշրջանառության ծավալների մասին.
«Այժմ այն հասնում է 120 մլն դոլարի: Եթե սահմանը բացվի՝ այդ թիվը հաստատ կեռապատկվի»:
Լրագրողները նրան խնդրեցին մեկնաբանել Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք երկաթգծի
կառուցման փաստը: Պրն Սոյակի կարծիքով, այդ երկաթգծի կառուցումը ոչ թե տնտեսական,
այլ քաղաքական իմաստ ունի, որովհետեւ Կարս-Թբիլիսի-Բաքու եւ Կարս-Երեւան-Բաքու հեռավորությունները
նույնն են. «Բաքու-Երեւան-Ջեյհանի կառուցումն էլ է քաղաքական դիրքորոշում, եւ այն
20-30 տոկոսով ավելի էժան կարող էր լինել», սակայն՝ պայմանավորված երկու պետությունների
նպատակներով ու աշխարհաքաղաքական շահերով, այդ խողովակաշարը եւս շրջանցեց Հայաստանը:
Հայաստանցի դիտորդների կարծիքով, հաղորդակցության ուղիների՝ Հայաստանը շրջանցելու
փաստը պայմանավորված է մեր պաշտոնյաների ոչ ճկուն քաղաքականությամբ: Գործարարը
նաեւ նշեց, որ թեեւ թուրք-հայկական բիզնեսի զարգացման խորհուրդը ցեղասպանության ճանաչման
համար որեւէ քայլ չի ձեռնարկել, բայց իրենք տեղյակ են, որ Եղեռնի 90-ամյակի առթիվ
հայերը բավականին ակտիվ գործունեություն են ծավալում. «Մենք ուզում ենք, որ Թուրքիայում
ավելի շատ արծարծվի այդ թեման: Ժողովուրդը պետք է իմանա պատմությունը, մենք միասին
պետք է ներկայացնենք այն»: Պրն Սոյակի կարծիքով, հայ եւ թուրք ժողովուրդներն ավելի
սերտ համագործակցություն կունենան, եթե դաշնակցական կուսակցությունը մտնի երկխոսության
մեջ: Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին՝ Ք. Սոյակն ասաց, որ Ադրբեջանը Թուրքիայում
մեծ քարոզարշավ է ծավալում. «Մենք դեմ ենք Թուրքիայի քաղաքականության մեջ Ադրբեջանի
խառնվելուն, դրա համար էլ նրանց դեսպանը մեզ խիստ քննադատում է: Առաջ մեզ գիժ էին
ասում նման կարծիքի համար, բայց հետո, երբ ավելի մեծ հեղինակություն ունեցանք, մեզ
շատերը միացան»: Ներկայացնելով թուրք-կիպրոսյան տնտեսական կապերի վիճակը, որտեղ 30
տարի ի վեր ներդրումներ չեն կատարվում, անընդհատ ճնշումներ են գործադրվում ու որեւէ
համաձայնության չեն գալիս, պրն Սոյակն ասաց. «Ղարաբաղի հարցը տասը տարվա պատմություն
ունի, այնպես որ դեռ 20 տարի էլ կա»: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ