Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ԿԻՆՔՆՈՐՈՇՎԻ ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ

Փետրվար 15,2005 00:00

Համաշխարհային
կինոդարանը շուտով կհամալրվի նոր ֆիլմով, որովհետեւ, Պարույր Հայրիկյանի կարծիքով,
իր նորատիպ «Հավատով եւ սիրով» գիրք-սցենարը էկրանավորումից հետո հավակնում է բեստսելեր
դառնալ: Համենայնդեպս, իրեն այդպես են համոզել կինոգետ ընկերները, որոնք,
իր խոսքով՝ կինոաշխարհում հեղինակություն են: Ապագա ֆիլմը կոմունիստական կայսրության
փլուզման ժամանակաշրջանի մասին է: Սցենարն այնպես է կառուցված, որ հեղինակը՝ Պարույր
Հայրիկյանը, ներկայացված է ոչ միայն որպես ծավալվող իրադարձությունների ականատես,
այլեւ գլխավոր դեմք: Դրա համար էլ նա, ըստ սցենարի, խոշոր պլանով մեկ՝ Արարատի ֆոնին
է, մեկ՝ Զվարթնոցի ավերակների վրա, մեկ՝ թիկունքում Էջմիածնի մայր տաճարն է, որտեղ
քիչ առաջ մոմ վառած գործիչը հետաքրքրվում է Ազատ Արշակյանի ու Աշոտ Նավասարդյանի
ճակատագրով: Հայրիկյանը մանրամասնորեն ներկայացված է բանտախցում, ընկերների ու գաղափարակիցների
շրջանում, ասուլիսներ տալիս, ընտանիքում եւ այլն: Ու ամենուր առաջինն է՝ անդրդվելի
քաղաքական գործիչ, սիրված տղամարդ եւ ամուսին, լավ ընկեր, լավ հռետոր, նաեւ համարձակ
գաղափարների շտեմարան եւ այլն: Ֆիլմը սկսվում է Գորբաչովի՝ պոլիտբյուրոյի անդամների
հետ քննարկումներով, որոնց թեման է՝ ինչպես ազատվել քաղկալանավորներից (բնականաբար՝
Հայրիկյանից) եւ ԱՄՆ-ի՝ Խորհրդային կայսրությունը հակաժողովրդական եւ հակադեմոկրատական
որակող մեղադրանքներից: Այնուհետեւ, ըստ սեփական սցենարի, կենտրոնում նորից ինքն
է՝ արդեն բանտախցում ու բոլոր իրադարձությունների կիզակետում: Թե ինչպես է ստեղծում
Քաղկալանավորների պաշտպանության հայկական կոմիտե՝ «որպես խոչընդոտ Գորբաչովի հայտարարած
«գլաստնոստ» խաղի», ինչպես է տպագրում «Անկախության» երեք համարը, ինչպես է Մոսկվայում
հանդիպում ԱՄՆ դեսպանատան առաջին քարտուղարի ու անձամբ դեսպան Շիֆտերի հետ: Վերջինս
էլ, դարձյալ ըստ հայրիկյանական սցենարի, չի կարողանում զսպել Հայրիկյանի հանդեպ ունեցած
հիացմունքը, նաեւ զարմանում է նրա տոկունության վրա: Հայրիկյանն էլ վերցնում ու հումանիզմի
մի լավ դաս է տալիս էդ ամերիկացուն. «Սերն է ստիպում բարի հայացքով նայել բոլոր երեւույթներին…
Դա սեր է մարդկանց, քո ժողովրդի, նույնիսկ թշնամիների նկատմամբ»: Պրն Հայրիկյանը
«Առավոտին» տեղեկացրեց, որ ֆիլմը նկարահանելու բազմաթիվ առաջարկներ է ստացել արտերկրից՝
մասնավորապես ԱՄՆ-ից: «Չնայած կինոգետներից մի քանիսը միայն առաջին մասն են նայել,
բայց ասել են, որ այն իր ընդգրկմամբ հզոր մի բան է լինելու»,- ասաց ԱԻՄ առաջնորդը:
«Ունեմ 5 տարբեր առաջարկ ֆիլմը Ամերիկայում նկարահանելու, բայց նախնական բանակցությունները
ցույց են տալիս, որ նրանք բոլորն էլ կամենում են հենց սկզբից գնել սցենարը եւ այն
օգտագործել այնպես, ինչպես կամենան: Ես լավ ընկերներ ունեմ, որոնց կարծիքով սա մեծ
հաջողություն ունեցող ֆիլմ է դառնալու՝ բեստսելեր, ուստի որոշել եմ սցենարը տալ միայն
տոկոս ստանալու պայմանով»,- մանրամասնեց ԱԻՄ սցենարիստը: Նաեւ ասաց, որ առաջարկվող
գումարները Հայաստանի մասշտաբներով ֆանտաստիկ են, իհարկե, հրաժարվեց չափը նշել: «Մի
առաջարկ էլ կա՝ ֆիլմը նկարահանել Ռուսաստանում, որովհետեւ նկարահանումների մի մասը՝
հուզիչ տեսարաններ, Սիբիրի հետ են կապված: Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն
Անանյանն ասաց, որ իմ սցենարը կարդալիս արցունքները նույնիսկ զսպել չի կարողացել:
Չի բացառվում, որ ֆիլմը լինի ռուս-ամերիկյան համատեղ արտադրության»,- ասաց պրն Հայրիկյանը:
Ի դեպ, սցենարը ներկայումս թարգմանվում է ռուսերեն, անգլերեն, ուկրաիներեն: «Իսկ
ո՞վ է խաղալու Պարույր Հայրիկյանի դերը» հարցին նորաթուխ սցենարիստը արձագանքեց.
«Ինձ որպես ֆիլմի խորհրդատու անպայման կվերցնեն, իհարկե հորդորում են որեւէ գլխավոր
դեր խաղալ: Ես էլ երեւի հայրիկիս՝ Արշավիր Հայրիկյանի դերը վերցնեմ: Իհարկե, դեռ
պատկերացում չունեմ, թե ով կարող է Պարույր Հայրիկյանի դերը խաղալ»: «Որքանո՞վ է
հարմար ձեր անձնական կյանքի որոշ ինտիմ մանրամասներ, ձեր թաքուն աշխարհը հանրության
սեփականությունը դարձնել», հետաքրքրվեց «Առավոտը»՝ նկատի ունենալով ֆիլմի սցենարի
որոշ դրվագներ. խոսքը բանտախցում Ելենայի, Անահիտի հետ բուռն հանդիպումների մասին
է: «Դա գեղարվեստական գործ է, ես ոչ մի վատ բան չեմ տեսնում դրանում: Բացի այդ, դա
իմ թաքուն աշխարհի մեկ հազարերորդական մասն է»,- ասաց Պարույր Հայրիկյանը: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել