Լրահոս
Օրվա լրահոսը

Որդեկորույս մորը փոխհատուցում չի՞ հասնում

Փետրվար 15,2005 00:00

Ֆինանսների
եւ էկոնոմիկայի նախարարության տարօրինակ պատասխանը «Առավոտ» օրաթերթի «ԴԱՀԿ-ն
անզո՞ր է» (25.01.05թ.) հոդվածի շնորհիվ ի վերջո ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից
պատասխան ստացանք, որ գլխավոր դատախազությանն են դիմել՝ վճռաբեկ բողոք բերելու համար»,-
երեկ արցունքն աչքերին մեզ հայտնեց երկրորդ կարգի հաշմանդամ, մանկավարժ, 55-ամյա
Սեդա Կարապետյանը, որի միակ որդուն՝ Արթուր Հարությունյանին 2003-ի մարտի 6-ին կյանքից
զրկեց նախարարության վարորդ Հովհաննես Ռաֆիկի Հարությունյանը: ՀՀ ֆինանսների
եւ էկոնոմիկայի նախարարության իրավաբանական վարչության պետ Ա. Մուրադյանը հրապարակման
հաջորդ օրը՝ հունվարի 26-ին, անդրադառնալով կերակրողին կորցնելու վնասի հատուցման
պահանջի մասին Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի, ինչպես նաեւ վերաքննիչ
դատարանի անցյալ տարվա հուլիսի 12-ին կայացրած վճիռներին, տեղեկացրել էր Ս. Կարապետյանին,
թե «դատախազության բողոքարկման արդյունքների հիման վրա կորոշվի գործի հետագա ընթացքը»:
Որդեկորույս մոր կարծիքով, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված
գրության մեջ կա վիրավորանք, քանզի նրանք իրենց իրավունք են վերապահում «մահացած,
իրենց ձեռքով սպանված որդուս անունով պահանջ ներկայացնելու, քննարկելու մոր եւ որդու
հարաբերությունները»: Իսկ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը,
որը ստորագրել է գլխավոր դատախազին ուղղված գրությունը, եւ որը, ըստ տուժողի իրավահաջորդի,
հավանաբար, ծանոթ չէ գործի էությանը. «ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը
գտնում է, որ դատարանը կայացված վճռով անհիմն է բավարարել հայցվորի պահանջը, որպես
կերակրողին կորցրած անձ, հօգուտ վերջինիս բռնագանձելով ամսական որդու կենդանության
օրոք ստացած աշխատավարձի (մաքուր եկամտի) ողջ ծավալի չափով գումար: Մինչդեռ ակնհայտ
է, որ կենդանության օրոք չի ունեցել որեւէ իրավական նորմով սահմանված՝ իր ստացած
ամբողջ եկամուտը ծնողին տալու պարտավորություն, ավելին՝ ՀՀ ամուսնության եւ ընտանիքի
օրենսգրքի 87 հոդվածի դրույթների համաձայն, օգնության կարիք ունեցող անաշխատունակ
ծնողներին պահելու համար զավակները վճարում են կայուն դրամական գումար»: Վարդան Խաչատրյանի
երկու էջանոց գրությունը ավարտվում է այսպես. «Վերը նշված նորմից չի բխում, որ զավակը
իր ամբողջ եկամուտը անաշխատունակ ծնողին պահելու համար պետք է տա վերջինիս»: Սեդա
Կարապետյանը իրավամբ հարցնում է՝ «Ո՞ւր է իմ զավակը, որին հրահրում են մոր հետ նոր
հարաբերություններ ձեւավորելու: Գուցե ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը
իրե՞նն է իմ զավակը համարում եւ որոշում է, թե մահացածը ինչպես պետք է ինձ պահեր»:
Տուժողի իրավահաջորդը, որը երկու տարի առաջ կորցրել է որդուն, զբաղված լինելով նրա
հուղարկավորության եւ հուշաքարի հարցերով, ինչո՞վ է մեղավոր, որ պահանջում է չազատազրկված,
որդու կյանքը խլած եւ պատասխանատվության չենթարկված մարդուց օրենքով սահմանված գումարը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել