Հավաստիացնում է քաղաքապետարանի աշխատակազմի
ղեկավար Սուրեն Կոշեցյանը, ասածի ապացույցը՝ շենք մուտք գործողների թիվն անհամեմատ
քչացել է: «Հրաշքի» բուն պատճառը, ըստ պարոն Կոշեցյանի, այս տարվա հունվարի
1-ից ներդրված մեկ պատուհանի համակարգն է: Աշխատանքային հատուկ խումբը զտում է դիմումները,
երկշաբաթյա ժամկետում պատասխանում ուսումնասիրման կարիք չունեցողներին, մնացածն ուղարկում
է համապատասխան օղակներ: Աշխատակազմի ղեկավարի ասելով, ցանկացած դիմում 45-օրյա վերջնաժամկետում
ստանում է պատասխան: Այսինքն՝ վերացել է «անտեր» դիմումները դարակներում «քնացնելու»
ավանդույթը: Ավելին, երեկ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարն իր գործընկերների
անունից խնդրեց համաքաղաքացիներին՝ «ըմբռնումով մոտենալ այն բանին, որ խստացվել է
շենքի մուտքը»: Մեկ պատուհանի հիմնական նպատակը կոռուպցիայի չափերի մեղմացումն է,
որպեսզի դիմում տվողը հնարավորություն չունենա գործարքի մեջ մտնել «գործն անողի»
հետ: Թեպետ պետք է նկատել, որ անհրաժեշտության դեպքում հարկավոր մարդու հետ կապ հաստատելու
ձեւն էլ, միջնորդն էլ կգտնվի: Մյուս նպատակը քաղաքացիների ժամանակը խնայելը եւ նրանց
գնալ-գալու հոգսից ազատելն է: Նաեւ՝ մեծ ու փոքր պաշտոնյաների աշխատանքային անդորրը
չի խախտվի: Քաղաքապետարանի դիմումների ընդունման բաժնում մեր այցելության
պահին խաղաղ էր: Բացի թուղթ ու գրչի պակասից, որը քաղաքացիները միմյանցից էին խնդրում,
այցելուների համար ստեղծված էին ընդունելի պայմաններ՝ մաքուր, նստարաններով կահավորված
սպասասրահ, աշխատող հեռախոսներ: Այսինքն այն, ինչ չկար նախկին շենքի անցագրային կետում:
Բաժնի պետ Սիաբանդ Բաքոյանն ասաց, որ մեկ-մեկ անդորրը խախտվում է, երբ իր դիմումին
բացասական պատասխան ստացած քաղաքացին փորձում է աղմուկ-աղաղակով արտահայտել դժգոհությունն
ու զայրույթը. «Ես բացատրում եմ մերժման պատճառն օրենքի հիմնավորումներով, եթե չեն
համոզվում՝ դիմում են գրում իրենց ուզած պաշտոնյային հանդիպելու համար»: Մի այլ խնդիր
էլ առաջանում է, երբ «քաղաքացիներին փորձում եմ բացատրել, որ անհրաժեշտ է այս կամ
այն փաստաթուղթը, շատերը դժգոհում են, թե իրենց զուր քաշքշուկների մեջ եմ գցում,
ես էլ ստիպված վերցնում եմ դիմումը, թեպետ հետո իրենք են տուժում, բայց դիմում չընդունելու
իրավունք չունեմ»: Այս օրերին առավել ծանրաբեռնված աշխատում է ինքնակամների
հանձնաժողովը: 2003-ին ընդունված կարգով, մինչեւ այս տարվա փետրվարի 22-ը ժամանակ
էր տրվել քաղաքացիներին՝ տարիների ընթացքում կառուցած ապօրինի շինություններն ու
հողազավթումներն օրինակացնելու հայտեր ներկայացնելու համար: Ս. Կոշեցյանի ասելով,
միայն անցյալ տարի հանձնաժողովը ստացել է շուրջ 12 հազար հայտ: Դրանց հնարավորինս
արագ ընթացք տալու նպատակով հանձնաժողովի աշխատանքներին օգնում են քաղաքապետարանի
այլ աշխատակիցներ նույնպես: Այլ հարց է, թե որքանով են ինքնակամ՝ ինքնակամներին տրվող
դրական պատասխանները: Այստեղ հանձնաժողովի անդամների հետ ուղիղ շփվելու «տաբու» չկա՝
հանձնաժողովն աշխատում է առանց մեկ պատուհանի: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ