Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆԸ»

Փետրվար 15,2005 00:00

Ասում
է տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը – Ի՞նչ հեռանկարներ
կան այսօր Հայաստանի երկաթուղին զարգացնելու համար: – Հավանաբար գիտեք, որ
Համաշխարհային բանկը մշակել է ծրագիր, որով շուրջ 40 մլն դոլար գումար է տրամադրվում
Հայաստանում տրանսպորտային համակարգը զարգացնելու համար: Դրանից 16 մլն դոլարը հատկացվել
էր հայկական երկաթուղու զարգացման ծրագրերին: ՀԲ-ն ընտրեց անկախ աուդիտորական ընկերությունը,
որը, մանրակրկիտ ստուգումներ անցկացնելուց հետո, կազմեց երկաթուղու զարգացման բիզնես-ծրագիրը:
Այդ ծրագիրը, մասնավորապես, նախատեսում է, որ հայկական երկաթուղու շարժակազմը պետք
է ամբողջությամբ մաքրվի այն շարժակազմից, այն վագոններից, ջերմաքարշերից եւ էլեկտրաշարժերից,
որոնք հետագա շահագործման ենթակա չեն եւ որոնք որեւէ ձեւով չեն կարող վերանորոգվել:
ՀԲ-ի դիրքորոշումը տվյալ դեպքում տրամաբանական է. մենք ուզում ենք ներդրում անել
այս կառույցի մեջ (ի դեպ, զարգացման ծրագիրն իրականացվում է Հայաստանի պետբյուջեի
համաֆինանսավորմամբ), բայց մենք չենք կարող փող ներդնել բալաստի, ջարդոնի մեջ: 50-60
թվականների վագոնները, որոնք մենք ունենք, այլեւս երբեք ոչ մի տեղ չեն շարժվելու՝
դրանց «վերակենդանացման» համար ավելի մեծ գումարներ են պետք, քան նոր վագոններ գնելու
համար: Երբ կազմվեց բիզնես-ծրագիրը, մենք, մեր նախարարությունը հանձնաժողով ստեղծեց՝
եղած շարժակազմը ուսումնասիրելու համար: Որոշեցինք այսպես անել. այն, ինչ հնարավոր
է վերականգնել, թողնել մեր բալանսի վրա, այն, ինչ հնարավոր չէ՝ հանել պահեստամասերը,
որպեսզի աշխատող վագոններն ու էլեկտրաշարժերը կարողանանք վերանորոգել: Այնուհետեւ
կառավարությունը որոշում կայացրեց՝ կատարել ՀԲ-ի պահանջները եւ մաքրել մեր կայարաններն
այդ ջարդոնից: Կառավարության որոշմամբ, այդ ջարդոնը փոխանցվել է մեր նախարարության
բալանսից պաշտպանության նախարարության բալանս: – Ինչո՞ւ հենց պաշտպանության
նախարարության: – Որովհետեւ տրանսպորտի նախարարությունը չունի ոչ համապատասխան
տեխնիկա, ոչ համապատասխան աշխատուժ՝ այդ գույքն իրացնելու համար: Ի դեպ, իրացնելու
դեպքում 20 տոկոսը դարձյալ գնում է երկաթուղու զարգացման վրա: – Ըստ որոշ
գնահատականների, այդ գույքի շուկայական արժեքն է 30 միլիոն դոլար: – Նման
գնահատական տվողներին ես գործնական առաջարկ ունեմ. թող իրենց ասած գումարի 10 տոկոսը
փոխանցեն պետական բյուջե, տիրապետեն այդ գույքին եւ այն վաճառեն 30 միլիոն դոլարով:
Այդպիսով, 27 միլիոն դոլարի օգուտ կանեն: – Այդ վագոններն ու էլեկտրաշարժերը
հնարավոր չէ՞ տեղափոխել Վրաստան կամ Ռուսաստան: – Եթե որեւէ մեկը կարողանա
դրանք գոնե 10 մետր շարժել, ես նրան կողջունեմ: – Եղած, աշխատող շարժակազմը
բավարա՞ր է երկաթուղային բեռնափոխադրումներ իրականացնելու համար: – 2004թ.
հայկական երկաթուղով մենք 2 մլն 705 հազար տոննա բեռ ենք տեղափոխել, մենք օգտագործել
ենք այսօրվա աշխատող շարժակազմի ընդամենը 25-30%-ը: Եթե Աստված տա եւ վաղը բացվի
Կարս-Գյումրի երկաթգիծը, բացվի Աբխազիայի ճանապարհը, մենք դառնանք տարանցիկ երկիր,
մենք կարողանանք Թուրքիայից բեռները տեղափոխել, ասենք, Ռուսաստան, եւ բեռնաշրջանառության
ծավալները կազմեն 10-20 մլն տոննա, այդ ժամանակ էլ մեր շարժակազմերը քանակական առումով
բավարար կլինեն: Ուրիշ հարց, որ մենք շարժակազմի եւ գծերի արդիականացման խնդիր ունենք:
Հենց դրան էլ ուղղված է նաեւ Համաշխարհային բանկի ծրագիրը: Օրինակ, վագոնների երաշխիքային
ժամկետը ընդամենը 20 տարի է: Բնականաբար, 90 թվականից ի վեր մենք ոչ մի վագոն, ոչ
մի էլեկտրաշարժ չենք ստացել, իսկ հիմնական մասը 60-70 թվականների է: Հետեւաբար, եթե
այսօրվանից չմտածենք, չզբաղվենք՝ 5 տարուց մենք կունենանք միայն բարոյապես եւ ֆիզիկապես
մաշված գույք: Ահա թե ինչի համար են պետք ներդրումները: Մեր հարեւանների հետ քաղաքական
խնդիրները վաղ թե ուշ կլուծվեն, շրջափակումները կվերջանան: Մենք պետք է պատրաստ լինենք
նաեւ այս առումով ժամանակակից, տեխնիկապես զարգացած ենթակառուցվածքներ ունենալ: Դրանում
եմ ես տեսնում իմ՝ որպես նախարարի նպատակը: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել