Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԵՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՉԵՆ ԿԱՐԴՈՒՄ

Փետրվար 15,2005 00:00

ՉԵՆ
ՔՆՆԱՐԿՈՒՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՉԵՆ ԿԱՐԴՈՒՄ Անցած տարի հայրենի երեսփոխանները
փոփոխություններ կատարեցին պարզեցված հարկի մասին օրենքում: Այդ փոփոխություններից
պարզապես ոռնում են մանր ու միջին գործարարները, որովհետեւ իրենց անտրամաբանությամբ
դրանք միանշանակորեն նպաստում են «ստվերի» եւ հարկային մարմինների կոռուպցիայի մեծացմանը:
Կարծում եք՝ ներկայիս ԱԺ-ի ընդունած մնացած օրենքների որակը ավելի բա՞րձր է: Ամենեւին:
Պարզապես գործարարները կորցնելու բան ունեն, դրա համար էլ բողոքում են: Մնացածը կորցնելու
բան չունեն, հետեւաբար՝ միանգամայն անտարբեր են ու չեն բողոքում: Ճիշտ նույն
որակի կլինի նաեւ սահմանադրական փոփոխությունների՝ ԱԺ հավանությանն արժանացած նախագիծը:
Մի-երկու ամիս ձեւ կանեն՝ իբր քննարկում են, հետո «կսղացնեն» կոալիցիայի տարբերակը
եւ կխաբեն, որ այդ տարբերակը բարձր է գնահատել Վենետիկի հանձնաժողովը: (Ուրբաթ օրը
նման բան արդեն ասել է Ռաֆիկ Պետրոսյանը, չնայած մեր թերթը հունվարի 14-ի համարում
բավականին մանրամասն ներկայացրել է այդ կարծիքը, որը հատկապես կոալիցիայի տարբերակի
դեպքում խիստ քննադատական է): Հետո այդ տարբերակը կդնեն հանրաքվեի, որն այս անգամ
բախտի քմահաճույքին չեն թողնի՝ կկեղծեն «ամենաթափանցիկ» ձեւով: Կունենանք անորակ
Սահմանադրություն, որից ոչ ոք չի ոռնա: Պարզապես ոչ ոք չի հարգի: Օրենքներն
անորակ են, որովհետեւ վաղուց արդեն խորհրդարանում չեն քննարկվում: Պատգամավորների
ճնշող մեծամասնությունը ԱԺ է եկել ոչ թե օրենք քննարկելու, այլ հավելյալ «տանիք»
ձեռք բերելու համար: Համ էլ՝ պատգամավոր լինելը «պրիստիժ ա»՝ «Համմեր», սափրագլուխների
բանդա եւ անճաշակ դղյակ ունենալու նման: «Կատարյալ երջանկության» այդ ատրիբուտների
տերերը օրենքներ չեն քննարկում, որովհետեւ չեն կարդում: Չեն կարդում, որովհետեւ կարդալ
չգիտեն: Չափազանցությունների գիրկը չընկնենք՝ նրանք տառերը ճանաչում են, բայց հայերեն
մեկ էջանոց տեքստ կարդալը նրանցից կխլի առնվազն կես ժամ: Իսկ օրենքները, թարսի պես,
հաստ են: Հետո էլ նրանք «տենց տղերք» չեն, որ ժամանակ ծախսեն օրենք կարդալու «ղզիկական»
գործի վրա: Պատգամավորների կրթական ցենզը ստուգելու համար առաջարկում եմ տալ
նրանց հայերենից 5-րդ դասարանի թելադրություն: Եթե 131 հոգուց 100-ը թելադրությունը
գրեն «3»-ի, ուրեմն ամեն ինչ չէ, որ կորած է: Չնայած շատ հավանական է, որ
այդ փորձն էլ ոչինչ չտա. պատգամավորները կկաշառեն քննություն ընդունողներին, կկեղծեն
քննությունների արդյունքները եւ կստացվի, որ բոլորը «հինգուխաչ» են ստացել: ԱՐԱՄ
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել