Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քրդի չափ էլ չկանք

Փետրվար 15,2005 00:00

Քրդի
չափ էլ չկանք Գուցե եւ զավեշտական է հնչում, բայց Իրաքում անցկացված
խորհրդարանական ընտրություններն անհամեմատ ավելի ժողովրդավարական դուրս եկան, քան
մեր 1700-ամյա քրիստոնեական մշակույթ ունեցող երկրում տեղի ունեցածը: Ավելին, երեկ
Իրաքում կայացած ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից պարզ դարձավ,
որ դրանք գործնականում չեն կեղծվել: Բանն այն է, որ սուննիների բոյկոտի պարագայում
Իրաքի շիաները հավակնում էին ստանալ քվեների մոտ 80 տոկոսն ու հետեւաբար՝ «միանձնյա»
նախագահ նշանակելու եւ կառավարություն ձեւավորելու իրավունքը: Այդպես էին կարծում
նաեւ իրաքյան ընտրություններին հետեւող բազմաթիվ դիտորդներ, բայց նրանց բոլոր կանխատեսումներն
ի դերեւ ելան: Շիաների ԻՄԱ (Իրաքի միավորված ալյանս) կոչվող բլոկը թեեւ բացարձակ
թվերով առաջին տեղում է, սակայն նրանց հաջողվել է հավաքել ընդամենը քվեների 48 տոկոսը:
Այսպիսով, Իրաքի խորհրդարանի 275 մանդատներից նրանց բաժին կհասնի հազիվ 140-ը: «Գուցե
դա կեղծման հետեւա՞նք է»՝ միանգամայն արդարացիորեն այսպիսի հարց կտա հայաստանյան
միջավայրում ապրող միջին վիճակագրական հայը: Միանգամից պատասխանենք, որ` ոչ: Իրաքի
վարչապետ, նույնն է թե՝ գործադիր իշխանության լծակներին տիրապետող Ալլաուիի գլխավորած
«Իրաքյան ցուցակ» նախընտրական դաշինքն իր 13,8 տոկոսով (մոտ 40 մանդատ) գրավել է
ընդամենը երրորդ տեղը՝ այդպիսով զրկվելով հետագա գործադիր իշխանություն ձեւավորելու
բոլոր հնարավորություններից: Ամենասենսացիոնն այս ողջ պատմության մեջ այն
է, որ ընտրություններում քվեների 25,7 տոկոսի պաշարով երկրորդ պատվավոր տեղն է գրավել
քրդական կուսակցությունների դաշինքը: Սա նշանակում է, որ ԻՄԱ-ն իշխանություն ձեւավորելիս,
ուզի թե չուզի, պետք է հաշվի նստի խորհրդարանում շուրջ 75 մանդատով ներկայացված քրդերի
հետ: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ քրդերն Իրաքում ձեռք են բերում աննախադեպ
քաղաքական իշխանություն, եւ անգամ չի բացառվում, որ երկրի պատմության մեջ առաջին
անգամ նշանակվի քուրդ վարչապետ: Իհարկե, միջին վիճակագրական հայաստանցին սեփական
դառը փորձի դիրքերից անմիջապես «կվերլուծի», որ դա հավանաբար սարքած գործ է: Դարձյալ
հիասթափեցնենք նրան: Իրաքյան ընտրությունները կարող էին կեղծել միայն ամերիկացիները
կամ, ինչպես ասում են՝ տեղի դրածո իշխանությունները: Արդեն նշեցինք, որ վերջիններս
չեն օգտվել իրենց «վարչական ռեսուրսից»: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա ամենաանցանկալին,
որ Վաշինգթոնի համար կարող էր տեղի ունենալ, դա այն է, ինչ արդեն տեղի է ունեցել՝
Իրաքում քրդերի չափից ավելի հզորացումը: Չէ՞ որ դա լրջագույն խնդիրներ կառաջացնի
(եւ արդեն իսկ առաջացրել է) հարեւան Թուրքիայի հետ, ինչն իր հերթին անուղղելի վնաս
կարող է հասցնել թուրք-ամերիկյան դաշնակցային հարաբերություններին: Չնայած դրան,
ինչպես տեսնում ենք, ամերիկացիների մտքով էլ չի անցել կեղծել ընտրությունները: Ճիշտ
այնպես, ինչպես Հայաստանի ներկայիս իշխանությունների մտքով երբեւէ չի անցել նորմալ
ընտրություններ անցկացնել: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել