Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամալյանի ղեկավարն Ալի՞կն է

Փետրվար 15,2005 00:00

Դատելու են «Հայրենիք»-ին

ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը երեկ ասուլիսում պատասխանելով «Հայրենիք» հեռուստաընկերությանը «Մեցցո»-ի ծրագրերն ապօրինի վերահեռարձակելու համար վարչական տույժի ենթարկելու շուրջ լրագրողներից մեկի հարցին, թե կարելի՞ էր «Հայրենիք»-ին զիջել՝ որպես մանկական միակ ալիքի, որը շահույթ չի հետապնդում եւ չի հեռարձակում գովազդ, ասաց. «Նույն լրատվամիջոցը հեռարձակում է մանուկների սպառման համար նախատեսված ապրանքների գովազդ: Եվ չգիտեմ՝ որս մեզ որքա՞ն միամիտ թույլ կտանք լինել՝ պնդելու համար, թե լրատվամիջոցը շահույթ չհետապնդող է: Երկրորդը՝ ո՛չ, չէր կարելի զիջել: Ավելին՝ փետրվարի 15-ին հանձնաժողովը դատական հայցով կմտնի դատարան՝ հարկադրելու «Հայրենիքին» վճարել տուգանքը»: ՀՌԱՀ նախագահը հաստատեց, թե մինչ այժմ այդ տուգանքը վճարված չէ, իսկ այն հիշեցմանն ի պատասխան էլ, թե վարչական տույժի արժանանալուց հետո էլ «Հայրենիքը» շարունակում է «Մեցցո»-ի ապօրինի վերահեռարձակումը՝ ասաց. «Բնականաբար, քայլեր կձեռնարկվեն նաեւ այդ ուղղությամբ: Հնարավոր է, որ «Հայրենիքը» տուգանվի նորից: Հնարավոր է նաեւ, որ զրկվի արտոնագրից»:

Այն պնդմանն ի պատասխան էլ, թե «Մեցցո»-ն թույլ է տվել «Հայրենիքին» վերահեռարձակել առանց արտոնագրի՝ Գրիգոր Ամալյանն ասաց. «Հանձնաժողովը պաշտոնապես դիմել է «Հայրենիք» հեռուստաընկերությանը՝ ներկայացնել որեւէ թույլտվություն հեռարձակման համար: Եվ «Հայրենիքը» չի ներկայացրել նման թույլտվություն»: Հարցը տվողը փորձեց ազդել այս էլ 3 տարի «Ա1+»-ին եթերազրկելու պատճառով զանազան որակումների արժանացող եւ դրանք անվրդով տանող Գրիգոր Ամալյանի վրա՝ նետելով, թե երեխաները չեն ների իրեն: Վերջինս հակադարձեց. «Ուռենի» խանութում գողություն էր եղել. եթե ձեր երեխաներին մի կտոր բաժանեն՝ կներե՞ն գողերին: Ի՞նչ տրամաբանություն է գործում, ի՞նչ եք ուզում դրանով սովորեցնել երեխաներին: Շատ պարզ խնդիր է՝ 1000-1500 դոլար արժե «Մեցցո»-ի օրինական ցուցադրումը»:

«Հայրենիքի» դեմ դատարան դիմելու ՀՌԱՀ-ի մտադրության առնչությամբ մեկնաբանություններ խնդրեցինք այդ հեռուստաընկերության սեփականատեր, «Գրանդ» հոլդինգի ղեկավար Հրանտ Վարդանյանից, եւ նա պատասխանեց. «Ես Ամալյանի ղեկավարի՝ Ալիկ Հարությունյանի հետ եմ հանդիպելու եւ այս բոլոր հարցերը քննարկելու նրա հետ: Դրանից հետո նոր կտեսնենք լուծումները»:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել