Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԱՆԴԱՏԻ ՀԱՐՑՆ ԱՆԻՄԱՍՏ Է ԹՎՈՒՄ»

Փետրվար 15,2005 00:00

Հարցազրույց
ԼՂՀ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մանվել Սարգսյանի հետ – Եվրախորհրդի
Նախարարների կոմիտեի հանձնախմբի պատրաստած զեկույցում պնդում կա, թե ՀՀ նախագահ Ռոբերտ
Քոչարյանն այդ խմբին հայտնել է, որ ԼՂ իշխանություններից Ղարաբաղի հակամարտության
կարգավորման բանակցություններ վարելու մանդատ է ստացել: Արդյոք ԼՂՀ ղեկավարությունն
իրո՞ք ՀՀ նախագահին նման լիազորություն է տվել: – Որտեղի՞ց է ընդհանրապես
մանդատի մասին հարցադրում առաջացել: Ի՞նչ կապ ունի մանդատը: 1996-ին Լիսաբոնում տեղի
ունեցած գագաթաժողովից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցող բանակցությունները
դադարեցվել են, իսկ Լեռնային Ղարաբաղը բանակցություններին մասնակցելու համար միայն
այդ հնարավորությունն ուներ: Մյուս ձեւաչափերում Ադրբեջանը ցանկություն չի հայտնել
ԼՂՀ-ի հետ խոսել: Այդ իրավիճակում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնել
են բարձր մակարդակով քննարկել երկու երկրների փոխհարաբերությունների հիմնախնդիրները,
այդ թվում՝ կոնֆլիկտային հարաբերությունների կարգավորման թեման: Ի՞նչ է, դրա համար
ինչ-որ մանդա՞տ էր պետք: Հայաստանի ղեկավարությունը, որ ԼՂՀ ժողովրդի անվտանգության
երաշխավորն է, ինքն է որոշում իր քաղաքականությունը, որը կարող են գնահատել Հայաստանի
քաղաքացիներն ու քաղաքական ուժերը: Լեռնային Ղարաբաղը չէ, որ պետք է որոշի՝ ինչն
է այս հարցում ճիշտ եւ ինչը՝ սխալ: Այդ իմաստով իրավունք էլ չունենք ազդելու հայկական
ինքնիշխան պետության գործողությունների վրա: Այլ հարց է, որ մենք մեզ իրավունք ենք
վերապահում բացահայտորեն արտահայտել սեփական դիրքորոշումը մեր հիմնախնդրի բոլոր ասպեկտների
եւ Հայաստանի շահերի վրա հակամարտության ազդեցության վերաբերյալ: Մեր այդ դիրքորոշումը
միշտ արտահայտվել է եւ արտահայտվում է միանշանակ: Մենք գտել ենք եւ գտնում
ենք, որ առանց ԼՂՀ մասնակցության ոչ միայն արդյունավետ բանակցություններ չեն կարող
լինել, այլեւ մեծ պրոբլեմներ են ստեղծում Հայաստանի եւ ԼՂՀ-ի համար՝ ինչպես կարգավորման
դիվանագիտության տեսանկյունից, այնպես էլ՝ միջազգային ոլորտում ընդհանրապես: Մեր
կարծիքով, Հայաստանը հակամարտության հետեւանքների, մասնավորապես՝ իր ինքնիշխանության
տարածքի շրջանակներից դուրս տարածքային եւ հումանիտար հիմնախնդիրների համար որեւէ
պատասխանատվություն չի կրում միջազգային հանրության առաջ: Նման հիմնահարցերի լուծումը
ԼՂՀ-ի իրավասությունն է, եւ դրանց լուծումը մենք տեսնում ենք ուղիղ բանակցություններում
Ադրբեջանի հետ, որը շարունակում է դժգոհություններ ներկայացնել ԼՂՀ-ին: Մյուս
կողմից, ԼՂՀ ղեկավարությունն ուշադիր է այն ամենի նկատմամբ, ինչը կարող է բացասաբար
ազդել Հայաստանի ճակատագրի վրա: Մենք ցանկություն չունենք մեր հիմնախնդիրները լուծել
Հայաստանի եւ ընդհանրապես՝ Հայաստանի ժողովրդին որեւէ բարոյական վնաս պատճառելու
հաշվին: Ուստիեւ՝ ՀՀ նախագահին ԼՂՀ կողմից մանդատ տալու վերաբերյալ հարցն անիմաստ
է թվում: Բոլորը պետք է պատասխանատու զգան այն բանի համար, որպեսզի համատեղ լուծվեն
այդ դժվարին հիմնախնդիրները: Եվ եթե ինչ-որ բան այնպես չէ, պետք է հանգիստ քննարկել
իրավիճակն ու լրացուցիչ հնարավորություններ փնտրել՝ դրանք հաղթահարելու համար: Իմ
կարծիքով, ներկայումս աշխարհում սկսում են ավելի ըմբռնումով վերաբերվել ԼՂՀ դիրքորոշմանը:
Վերջերս ԼՂ վերաբերյալ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւում միանգամայն հստակորեն առաջ
է քաշվել այն միտքը, որ տասնամյա բանակցային գործընթացի անհաջողությունները պայմանավորված
են Ադրբեջանի եւ ԼՂՀ ղեկավարության միջեւ ուղղակի երկխոսության բացակայության փաստով,
եւ կարգավորման հեռանկարի բարելավումը կապվում է հատկապես նման երկխոսության անհրաժեշտության
հետ: – Բայց բանաձեւի փաստացի հեղինակ Դեյվիդ Աթկինսոնը BBC-ին տված հարցազրույցում
ասել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ինքնորոշման սկզբունքի
կիրառման անընդունելիության մասին: – Ամեն ինչ ճիշտ է: Նա չի հավատում, որ
Ադրբեջանը կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը: Բայց բավական է նաեւ այն, որ Աթկինսոնը
արտահայտում է Եվրոպայի կարծիքն այն մասին, որ կողմերի որոշումը կընդունվի իրենց
կողմից: Այսինքն` որեւէ բարդույթ չկա այն հարցում, որ ԼՂՀ-ն սկզբունքորեն կարող է
ճանաչվել որպես անկախ պետություն: Թող կողմերին նստեցնեն բանակցությունների սեղանի
շուրջ, եւ ժամանակը ցույց կտա: Իսկ դուք, ի՞նչ է՝ ուզում եք ամեն ինչ նախօրոք կանխագուշակել:
Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՄանվել
Սարգսյանը նաեւ կարծիք է հայտնել ԵԽԽՎ բանաձեւի մասին, որը կներկայացնենք հաջորդ
համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել