Ճոպանուղին Ծաղկաձորի այցետոմսն է Միանշանակ է, որ նոր ճոպանուղու 1-ին եւ 2-րդ հերթերի շահագործումով Ծաղկաձորի այցելուների թիվը կտրուկ աճել է: Այդ իրողությունը հաստատեց նաեւ բազկաթոռային ճոպանուղու ( ճշգրիտ այսպես է կոչվում այդ հրաշակերտ կառույցը) տնօրեն Գեղամ Խաչատրյանը՝ մեր աշխատակցի հետ զրույցի ժամանակ: – Որքան լսել եմ, Ծաղկաձորում շաբաթ-կիրակի օրերն անցկացնելու ցանկություն ունեցողներն այնքան են շատացել, որ ոմանք, հյուրանոցներում եւ հանգստյան տներում տեղ չլինելու պատճառով, ստիպված մասնավոր տներում են սենյակ վարձում: Դրանով միայն ուրախանալ կարելի է: – Ձեր ասածն իր արտահայտությունը պետք է գտնի նաեւ ճոպանուղու տոմսերի վաճառքից: – Հատուկ հաշվարկ չենք կատարել: Սակայն կարող եմ բերել հետեւյալ թիվը, որն իմ կարծիքով պերճախոս է: Ճոպանուղու շահագործման օրից անցած մեկ-մեկուկես ամսվա ընթացքում դրա ծառայությունից օգտվել է շուրջ 10 հազար մարդ: Նախկինում այդքան այցելու լինում էր ամբողջ ձմռան ընթացքում: – Առաջին հերթի մեկ նստելատեղի արժեքը հազար դրամ է, երկրորդինը՝ հինգ հարյուր: Թանկ հաճույք չէ՞: – Պատկերացրեք, բողոքողներ առայժմ չեն եղել: Ավելին, ճոպանուղուց օգտվողների մեջ քիչ չեն այնպիսիք, ովքեր օրվա ընթացքում մի քանի անգամ են վեր բարձրանում: Իսկ ինչ վերաբերում է տոմսի թանկ կամ էժան լինելուն, որքան ես գիտեմ, աշխարհում նմանատիպ ճոպանուղիների տոմսի արժեքն սկսվում է $10-ից: Մի մոռացեք նաեւ, որ այս հիասքանչ կառույցի շինարարությունն էլ երկրի համար էժան հաճույք չի եղել: Բայց, հաշվի առնելով մարդկանց վճարունակության աստիճանը, գինը սահմանվել է հնարավոր նվազագույնի չափով: – Շահագործման ժամանակ խափանումներ հաճա՞խ են լինում: – Այս ընթացքում, գուցե, մեկ-երկու անգամ, այն էլ՝ մի քանի րոպեով: «Լայթներ» ֆիրման մեզ տրամադրել է գերժամանակակից տեխնոլոգիաներով աշխատող մի կառույց, որին սպասարկող անձնակազմը սկզբնական շրջանում չէր հասցրել լավ տիրապետել: Հիմա, կարծես, ամեն բան ընկնում է հունի մեջ: – Վնասվածք ստացողներ լինո՞ւմ են: – Բարեբախտաբար՝ հազվադեպ: Բայց ասեմ, որ մեր ժողովուրդը դեռեւս կարգ ու կանոն պահպանել չի սիրում: Տեղեկացնում ենք, թե որտեղ կարելի է դահուկ քշել, որտեղ՝ սահնակ, ուր չի կարելի գնալ: Բայց շատերը, միեւնույն է, իրենցն են անում՝ վտանգելով իրենք իրենց եւ ավելորդ հոգսեր պատճառելով ճոպանուղու աշխատակիցներին: – Օրվա մեջ քանի՞ ժամ է գործում ճոպանուղին: – Առավոտյան ժամը 10-ից: Ժամ ը 17-ին առաջին հերթում տոմսերի վաճառքը դադարեցվում է, որպեսզի մինչեւ մութն ընկնելը բոլորը սարից իջնեն: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ