Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԵՐԸ

Փետրվար 12,2005 00:00

ՍԵՐԸ ՍՈՒՏ Է ՄԻՆՉԵՎ ՍԻՐԱՀԱՐՎԵԼԸ Այս օրերին աշխարհը տոնում է տարվա թերեւս ամենացանկալի՝ սիրահարների տոնը Հայաստանում այս տոնը երիտասարդները տոնում են ոչ պաշտոնապես, ոչ պարտադրված, այլ՝ պարզապես սրտի ցանկությամբ: Եվ թերեւս սա այն դեպքերից է, երբ մեր երիտասարդներին օտարամոլության մեջ չի կարելի մեղադրել: Չէ՞ որ սա առիթ է՝ մեկ անգամ եւս վերագնահատելու, ի մի բերելու կամ կողմնորոշվելու զգացմունքների մեջ: Եվ վերջապես՝ հիշելու: Այս թեման ինձ առաջին հերթին հիշեցնում է մեր դասարանը: Նախ այն, որ մեզ համար, հիմնական բնազդի ուժով, ամենացանկալի քննարկման թեման սիրո թեման էր: 42 հոգուս դեմքերն էլ միանգամից պայծառանում էին, երբ մի ուսուցչուհի (իսկ ավելի հաճախ՝ մեր սիրելի դասղեկ ընկեր Օհանյանը) առաջարկում էր դասի փոխարեն զրուցել: Ի դեպ, այդ զրույցները ինձ եւ, համոզված եմ, շատ շատերին ավելին էին տալիս, քան երկրաչափության թեորեմաներն ու աքսիոմաները՝ նույնիսկ եթե ոմանք հետագայում այդ ուղղությամբ էին իրենց ուսումը շարունակելու: Զրույցի թեման, որպես կանոն, ընտրում էինք մենք, եւ դա բարձրաձայնում էր մեր մեջի համարձակներից մեկը, բնականաբար տղաներից, եւ դա լինում էր սիրո թեման: Համենայնդեպս, թեման առաջարկվում էր, եւ կարեւոր չէր՝ ինչպես հետո այն կզարգանար կամ մինչեւ ուր կհասնեինք: Բայց գերագույն հաճույք ստանում էինք ուսուցչի այն հարցից կամ ակնարկից, թե դասարանում ով ում է սիրահարված: Բոլորս էլ ուզում էինք լսել մեր անունները, բայց մյուս կողմից ամաչում էինք ուսուցչից. չէ՞ որ վաղը էլի դաս է լինելու, ինչ երեսով ենք ուսուցչին նայելու կամ դաս պատասխանելու (կարծես հանցանք էր սիրելը): Ես, օրինակ, մտածում էի՝ բա որ հանկարծ մի օր դասս լավ չպատասխանեմ, ուսուցիչը կասի՝ սիրահարվել կարող ես, դաս սովորել չե՞ս կարող: Ինչ իմանայի, որ ուսուցիչն էլ է մի ժամանակ սիրահարվել եւ կամ դեռ էլի կսիրահարվի: Ես հիմա եմ հասկանում, որ մեր ուսուցիչներն ամեն ինչ էլ գիտեին՝ առանց մեր ասելու, նրանք տեսնում էին ավելին, քան՝ մենք, որովհետեւ նրանք մեզ տեսնում էին բոլոր կողմերից: Օրինակ, երբ մեր դասարանի Գեւորգյան Մովսեսը դասի ժամանակ ուսուցչից դուրս գալու թույլտվություն էր խնդրում միայն նրա համար, որ դռան մոտ հասնելով՝ շրջվեր ու ինձ աչքով աներ, ինձ թվում էր, որ դա միայն ես եմ տեսնում: Բացի այդ, ես այդ պահին չէի տեսնում իմ բավարարված ու հպարտ դեմքը, ինչը տեսնում էր ուսուցիչս: Ի դեպ, մի անբացատրելի զգացում իմ ու Մովսեսի «պատմությունից»: Այն պահից, երբ ես վերարկուիս աջ գրպանից հանեցի վանդակավոր թղթի եզրից կտրված մի պատառիկ՝ վրան գրված «Ես սիրում եմ քեզ» եւ ընկերուհիներիս ցույց տալով սկսեցի քննարկել, թե ով կարող է լինել խոստովանության հեղինակը (թեպետ ինքս գիտեի, զգում էի), ցավով հասկացա, որ ես ու Մովսեսը դատապարտված ենք իրարից «խռովելու»: Այդպես էր. եթե երկուստեք գիտեինք, թե ինչ է կատարվում, սկսում էինք ամաչել ու չխոսել իրար հետ: Ես հաճախ էի մտածում. ավելի լավ չէ՞ չսիրենք իրար, բայց գոնե խոսենք: Թե չէ ինչի՞ նման էր, որ Մովսեսը իմ ընկերուհիների միջոցով էր ինձ կոմպլիմենտ անում. օրինակ՝ ասում էր. «Իրան ասեք, որ ամեն օր էն թիթեռնիկով նեվիդիմկան կպցնի»: Միակ լուսավոր կետը դռան մոտից աչքով անելու հեռանկարն էր, որ ստիպում էր կտրուկ քայլերի չգնալ եւ չորոշել, որ այլեւս չենք սիրում ու խոսում ենք իրար հետ: Մոտ մեկ տարի հետո Մովսեսը խոսեց ինձ հետ եւ գիտե՞ք, թե ինչ ասաց. իր մայրը՝ մեր բուսաբանության եւ կենսաբանության ուսուցչուհի ընկեր Սողոմոնյանը, ասել է, որ երբ մարդը սիրում է, նրա օրգանիզմում քիմիական ռեակցիայի պես մի բան է կատարվում, որ սիրելը, սիրահարվելը կախված է ինչ-որ հորմոնների դասավորությունից, որ դա շատ լավ էլ բացատրելի երեւույթ է: Այդ պահից ես սկսեցի սեւեռվել այդ մտքի վրա եւ ամեն անգամ, երբ խոսք էր գնում սիրելու մասին, աչքիս առաջ գալիս էր մարդու ներսը, որտեղ ընդամենը ինչ-որ բջիջներ իրենց գործն էին անում: Բարեբախտաբար, խնդրին այդպիսի մոտեցումս տեւեց մինչեւ հաջորդ սիրահարվելս, բայց կան, չէ՞, մարդիկ, որոնք ստում են, թե սերը սուտ է: Նրանք ստում են՝ մինչեւ իրենց սիրահարվելը: Երբ մենք ստացանք մեր ավարտական «վինետկաները», ես նույնքան անակնկալի եկա, որքան Մովսեսի պատմած բջիջների դասավորության մասին պատմությունից: «Վինետկայի» կենտրոնական մասում հայտնվել էի ես ու իմ մտերիմ ընկերուհին՝ Նարինեն: Իմ կողքին Մովսեսն էր, Նարինեի կողքին՝ Կամոն (այսինքն՝ նրա Մովսեսը): Ի դեպ, իմ ու Նարինեի կենտրոնում էլ Հայկն էր, որ երկար ժամանակ չէր կողմնորոշվում, թե մեզնից ում ընտրեր: Հաջորդ հիասթափությունս այն էր, որ իմացա, որ դասավորությունը ոչ թե պատահական էր եղել, այլ հենց այդ մի քանի տղաներով էին նկարներն այդպես դասավորել: Հ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել