Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՐԱՄԱՆ

Փետրվար 12,2005 00:00

ՀՐԱՄԱՆ ԿԱ, ՕՐԵՆՔ՝ ՈՉ Հաշմանդամ թոշակառուին կփոխհատուցե՞ն պետության փոխարեն վճարածը Ամիսներ առաջ առողջապահության նախարարությունը մեծ շուքով ներկայացրեց իրենց ինտերնետային էջի արժանիքները, որի միջոցով հիվանդները կարող էին գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները: Վիրտուալ տեղեկատվությունից բացի, բոլոր հիվանդանոցներում եւ պոլիկլինիկաներում փակցվեցին հիշեցումներ՝ կիրառվող զեղչերի մասին: Թվում էր, որ այս համակարգի ներդրումը պետք է հեշտացներ նախարարության եւ բնակչության գործը: Սակայն Հայաստանի հաշմանդամները եւ թոշակառուները դժվար թե օգտվեն ինտերնետից, իսկ փակցված ցուցանակներին էլ հաճախ չեն նայում: Իսկ նրանք, ովքեր նայում են՝ բավարար ինֆորմացիա չեն ստանում: Երկրորդ կարգի հաշմանդամ Հովհաննես Կաթրջյանը 2004 թվականի ապրիլից՝ նախքան վիրահատությունը, բազմիցս դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին, առողջապահության նախարարությանը, պարզելու՝ իր սրտի փականի պրոթեզավորման վիրահատությունը անվճա՞ր է, թե՞ ոչ եւ ի՞նչ արտոնություններից կարող է օգտվել: Առողջապահության նախարարությունից չի ստացել որեւէ պատասխան: Վիրահատության ընդհանուր արժեքը կազմել է 2500 դոլարին համարժեք դրամ: «Արդեն մահամերձ էի, սիրտս չհասցրեց սպասել նախարարության «բարեգութների» պատասխանին: Պարտքով ու բժիշկների շնորհիվ փրկվեցի»: «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում 2004թ. հուլիսին վիրահատվելուց հետո Հ. Կաթրջյանը համառորեն փորձել է օգտվել իրեն հասանելիք արտոնությունից եւ դարձյալ դիմել է առողջապահության նախարարին: Միայն վիրահատությունից հինգ ամիս հետո առողջապահության նախարարի 13.12.04 թ. 1252- Ա հրամանով՝ հիմք ընդունելով բարձր եւ թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական ծառայությունների ցանկը, ՀՀ առողջապահության գործակալությանը կարգադրվել է փոխհատուցել հիվանդի վիրահատությունը պետության մասնակցության մասով (ինչը կազմում է 300000 դրամ): Հրամանի կատարման հսկողությունը դրվել է փոխնախարար Հ. Դարբինյանի վրա: Սակայն կվերադարձվի՞ պետության փոխարեն արդեն վճարված գումարը՝ փոխնախարարը հիվանդին կոնկրետ պատասխան չի տվել: «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում (որի հասցեին թոշակառուն երախտագիտության խոսքեր ասաց) Հովհաննես Կաթրջյանին նախապես տեղեկացրել են, որ փոխանցված գումարը չեն կարող վերադարձնել հիվանդին, քանի որ համապատասխան օրենք չկա: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆԱռողջապահության գործակալության պետի տեղակալ Կառլեն Անտոնյանը նույնպես հավաստիացրեց, որ հետին թվով (բուժման վճարը մուծելուց հետո) հիվանդի համար վճարման նախադեպ չեն ունեցել եւ հետվճարման կարգ կամ օրենք էլ չունեն: Սակայն «կփորձենք մի ձեւ գտնել եւ փոխհատուցել հիվանդին, քանի որ նախարարի հրամանն ունենք»: Իսկ առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ սրտի եւ թանկարժեք այլ վիրահատությունները պետպատվերի ցանկում չեն: Նախարարն ընդամենը առանձին հրամաններով փորձում է օգնել առավել կարիքավորներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել