ՀԱՐԿԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՉԵՆ ՀԱՇՏՎՈՒՄ Հարկային վերջին փոփոխությունների եւ դրանց յուրովի մեկնաբանությամբ կիրառման վերաբերյալ գործարարների դժգոհությունը ոչ մի կերպ չի նահանջում: Բիզնեսի վրա դրանց բացասական ազդեցության պոտենցիալը, թվում է, անսպառ է: Այնուամենայնիվ, գործարարները շարունակում են այդ հարցը տարբեր մակարդակներում բարձրացնել՝ հույս ունենալով շտկել իրավիճակը: Նրանց հերթական դիմումը, որում նշվում է հարկային փոփոխությունների սխալ տրամաբանությունը, ուղղված է Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանին: Մի խումբ գործարարների դիմումում (որի պատճենն ուղարկված է «Առավոտին») մասնավորապես նշված է. «ԱԺ մեծարգո նախագահ, տարեվերջին կառավարության՝ ԱԺ ներկայացրած փաթեթում պարզեցված հարկի մասին փոփոխություններ էր նախատեսվում, որը առանց քննարկման ընդունվեց: Նշենք այդ փոփոխություններից մեկը՝ ամենաանտրամաբանականը: Պարզեցված հարկի մասին օրենքում կատարված փոփոխությամբ սահմանվում է, որ այդ հարկատեսակով աշխատելու համար առեւտրի օբյեկտում ապրանքանյութական արժեքների մնացորդը չպետք է գերազանցի 15 մլն դրամը՝ հաշվարկված վաճառքի գներով: Նախ, ո՞վ է սահմանում վաճառքի գինը շուկայական տնտեսությունում, մանավանդ՝ արդյունաբերական ապրանքներ (հագուստ, գործվածքեղեն, տրիկոտաժ եւ այլն) վաճառող խանութներում մեկ օրվա ընթացքում վաճառքի գինը կարող է փոփոխվել մի քանի անգամ (սակարկման արդյունքում): Երկրորդ՝ նշված ապրանքատեսակները վաճառող խանութներում տարիներով կուտակված են այնպիսի ապրանքներ, որ կարելի է վաճառել ցանկացած գնով՝ միայն թե վաճառվի: Երրորդ՝ եթե մնացորդ ապրանքը պահանջարկ ունենար, ոչ մի տնտեսվարող ոչ թե 15 մլն-ի, այլ 5 մլն-ի մնացորդ էլ չէր ունենա: Չորրորդ՝ չի բացառվում, որ, ասենք, 50 մլն, այսպես կոչված՝ «վաճառքի գնով» գնահատված մնացորդ ունեցող խանութում մի քանի անգամ քիչ շրջանառություն կատարվի, քան, ասենք, 5 մլն մնացորդ ունեցող խանութում (կախված է ապրանքատեսակից): Հինգերորդ՝ ասենք, խանութում գրանցվեց 15 մլն դրամի մնացորդ, իսկ հաջորդ օրը խանութը ստացավ եւս 1 մլն դրամի ապրանք (ինչը շատ հավանական է): Ուրեմն, ըստ փոփոխված օրենքի ստացվում է, որ խանութը մեկ օր պետք է աշխատի պարզեցված հարկով (3,5%), հաջորդ օրը՝ ԱԱՀ-ո՞վ (16,67%): Պարոն Բաղդասարյան, մանր եւ միջին գործարարները վախից դատարկում են խանութները, ընկել է ապրանքաշրջանառության ծավալը: Խնդրում ենք ժամանակավորապես դադարեցնել պարզեցված հարկի մասին օրենքում կատարված փոփոխությունների կիրարկումը, մշակել նոր օրինագիծ, որը կբխի մանր եւ միջին բիզնեսի շահերից, որը միաժամանակ մեխանիզմներ կնախատեսի այդքան չարչրկված 40-50% ստվերայնության դեմ պայքարի համար: Առավել նպատակահարմար ենք համարում հաստատագրված հարկի կիրառումը: Հավատացնում ենք, այսպիսի վարչարարությամբ բյուջե չի լցվի, այն կլցվի միայն հաստատուն վճարներով: Պատգամավորներին խնդրում ենք օրինագծերի քննարկմանը հրավիրել մասնագետների, պրակտիկ աշխատանքով զբաղվողների»: Մանր ու միջին գործարարությամբ զբաղվողներն այս խնդիրները պարբերաբար քննարկում են նաեւ Հարկային պետական ծառայության աշխատակիցների հետ: Օրերս այդպիսի մի քննարկումից հետո ՀՊԾ պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը «Առավոտի» թղթակցի հարցին ի պատասխան չի բացառել, որ քննարկումները կշարունակվեն, այս ամենի մասին հետեւություններ կարվեն, եւ արդյունքները փետրվարի վերջին կներկայացվեն ԱԺ: Մինչ այդ, ավելի շատ ահազանգեր ենք ստանում այն մասին, որ հարկային տեսուչներն սկսել են նորից կանխավճարներ հավաքել, ինչի վնասակար ազդեցությունը մեր տնտեսության վրա ժամանակին արդեն ապացուցվել է: Մի խումբ անհատ ձեռներեցներ, չնշելով իրենց անունները, դիմում են ԱԺ նախագահին, վարչապետին եւ մարդու իրավունքների պաշտպանին՝ բողոքելով հարկային տեսուչների անփութությունից: Նրանք նշում են, որ ժամանակին դիմել են հարկային ծառայություն՝ ձեռնարկության գործունեությունը դադարեցնելու խնդրանքով, սակայն դրա փոխարեն 2 տարի անց հրավիրվել են հարկային տեսչություն եւ դատարան՝ հաստատագրված եկամտահարկ վճարելու պահանջով: Հարկային տեսուչները իրենց մոտեցումը պատճառաբանել են նրանով, որ գործարարները պետք է լուծարման, ոչ թե դադարեցման հայտարարություն տային: Իսկ գործարարները պնդում են, որ արհեստական քաշքշուկի պատճառով են այդ վիճակում հայտնվել: Այս ամենի մեջ ընդհանուրն այն է, որ վերջերս հաճախացել են հարկային մարմինների գործունեությունից բողոքելու դեպքերը: ՎԱՐԴՈՒՀԻ ԱՍԱՏՐՅԱՆ