Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԼԵՍԲՈՒՀԻՆԵՐՆ ՈՒ ԳԵՅԵՐԸ՝ ՍՊՈՐՏՈՒՄ»

Փետրվար 12,2005 00:00

Հենց այս անվանումն է կրում ԵԽԽՎ 1635
հանձնարարականը, որը հաստատվել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 904-րդ հանդիպման
ընթացքում: Այս հանձնարարականում ԵԽԽՎ-ն նշում է, թե միշտ դեմ է եղել սպորտում
խտրականությանը եւ հիշեցնում օլիմպիական կոմիտեի հայտարարությունը, թե խտրականության
ցանկացած դրսեւորում, որի առիթը մարդու հավատամքն է, քաղաքական կողմնորոշումը, սեռը
եւ այլն՝ «անհամատեղելի է Օլիմպիական շարժմանը պատկանելության հետ»: Փաստաթղթում
նաեւ նշված է, թե սեռական կողմնորոշման պատճառով խտրականությունը հակասում է Մարդու
իրավունքների եվրոպական կոնվենցիային եւ անընդունելի է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների
համար. «Սպորտն առանցքային գործոն է սոցիալական ինտեգրացիայի մեջ եւ եվրոպական սոցիալական
կոմիտեն հայտարարում է, թե մարզաձեւերին մասնակցությունը պիտի բաց լինի բոլորի համար»:
Մանրամասնած է նաեւ առիթը, թե ինչու է մշակվել այս փաստաթուղթը. արվամոլներն
ու լեսբուհիները բողոքել են, որ աննպաստ պայմաններում են հայտնվում, երբ մասնակցում
են սպորտային միջոցառումների. «Վեհաժողովը կարծում է, որ արվամոլների նկատմամբ ատելությունը
սպորտում եւ հանդիսականների հետ հարաբերություններում պիտի հաղթահարվի, ճիշտ նույն
հիմքերով՝ ինչպես եւ ռասիզմը եւ խտրականության այլ ձեւերը»: Ուստի եւ ԵԽԽՎ-ն դիմել
է Եվրախորհրդի անդամ պետություններին (ըստ այդմ՝ նաեւ Հայաստանին)՝ կոչ անելով սկսել
ակտիվ միջոցառումներ սպորտում հոմոֆոբիայի դրսեւորումների դեմ, բացառել անվայել պահվածքը
արվամոլների եւ լեսբուհիների նկատմամբ, իբրեւ հանցանք դիտարկել մարզական միջոցառումների
ժամանակ մարդու սեռական կողմնորոշման մասին հնչող վիրավորական արտահայտությունները
(թերեւս՝ այս շարքին է դասվում նաեւ այն արտահայտությունը, որ Հայաստանում ֆուտբոլային
խաղերի ընթացքում հաճախ հնչում է դատավորների հասցեին): Ի դեպ, ԵԽ Նախարարների կոմիտեն
էլ իր պատասխանում նկատել է, թե որպես առաջին քայլ՝ այս հարցով խորհրդակցություններ
պիտի անցկացնեն Եվրախորհրդի անդամ պետությունների դեսպանների հետ, մեր դեպքում՝ խոսքը
Քրիստիան Տեր-Ստեփանյանի մասին է: ԵԽԽՎ-ն դիմել է եվրոպական մարզական կազմակերպություններին՝
կոչ անելով միջոցներ ձեռնարկել բացառելու նման վերաբերմունքը եւ այս խնդրանքն առանձնակի
է շեշտված ՈՒԵՖԱ-ի պարագայում: Վեհաժողովն այս հանձնարարականով նաեւ խրախուսում է
լրատվամիջոցներին, որ արդարացիորեն ու հստակ պատկերեն կին եւ տղամարդ ատլետներին՝
անկախ նրանց սեռական կողմնորոշումներից եւ ձեռնպահ մնան գենդերային ստերեոտիպերից:
Համարենք մեր այս հրապարակումը ԵԽԽՎ այս հանձնարարականի կատարման մի դրսեւորում:
Սակայն առավել ուշագրավ է, թե այս փաստաթղթին ինչպես կարձագանքեն մեր մարզական ֆեդերացիաների
ղեկավարները, որոնցից ոմանք հայտնի են իրենց մոլի հակաարվամոլությամբ: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել