Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի Երեւանով մշակույթ չի ծաղկի

Փետրվար 12,2005 00:00

Սյունիքի
մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սուսաննա
Մարտիրոսյանը պատասխանում է «Առավոտի» հարցերին: Սուսաննա Մարտիրոսյանը մասնագիտությամբ
ռեժիսոր է, մոտ 20 տարի Կապանի լեռնագործների մշակույթի կենտրոնի տնօրենն է եղել:
Իր ներկայացմամբ՝ հանրապետությունում գործող մշակութային միությունների հետ Սյունիքում
կազմակերպել է փառատոներ ու միջոցառումներ: Ըստ մեր զրուցակցի, անցած ու ներկայիս
դարերի ժամանակահատվածները արվեստագետներին զատել են ըստ մասնագիտությունների, մինչդեռ
արվեստագետներ են նրանք, ովքեր ավելացնում են գեղեցիկը կյանքում. «Ես հանձն եմ առել
այս պաշտոնը պարզ պատճառով. մեր մարզում նախ պետք է վերականգնենք այն լավագույն ավանդույթները,
որ եղել են, ընդգրկելով, բնականաբար, լայն մասսաներին: Իսկ սյունեցին արվեստասեր
է»: Մեր հարցին՝ «Համամիտ չե՞ք, որ նախեւառաջ տեղական կադրեր են հարկավոր», Ս. Մարտիրոսյանը
պատասխանեց. «Անխոս: Վերջին տարիներին մշակութային կադրերի մեծ հոսք է եղել մարզից:
Այսօր մարզպետարանի գերագույն խնդիրն է, բառի իսկական իմաստով, դողալ յուրաքանչյուր
արվեստագետի համար, օգնել նրա ինքնադրսեւորմանը»: «Գորիսի եւ Կապանի պետական
թատրոնները, էլ չենք խոսում մշակութային կենտրոնների մասին, գտնվում են անմխիթար
շենքային պայմաններում» մեր դիտարկումը չհերքեց պետի պաշտոնակատարը, ավելացնելով,
որ ճիշտ է, տխուր է վիճակը, բայց մտահոգ են այս խնդրով: «Ավելին, թատրոնները տեխնիկապես
շատ թույլ են հագեցված: Անկեղծ ասած, ես նոր եմ մտել տուն (նկատի ունի իր նոր աշխատատեղը):
Ճիշտ է, դա իմ ծննդավայրն է, ես էլ՝ մշակույթի մարդ, բայց այսօր կարեւորում եմ հանդիպումները
մշակութային կենտրոնների, համայնքների մշակութային կյանքը կոորդինացնող ղեկավարների
հետ, եւ եկել եմ եզրակացության, որում համոզված էի նաեւ այն տարիներին, որ մշակույթի
մարդու կողքին պետք է կանգնած լինի պետությունը»,- ասաց Ս. Մարտիրոսյանը: Մեր՝ «Հետաքրքիր
է, ինչի՞ց է այսօր բողոքում սյունեցի արվեստագետը» հարցին նա պատասխանեց. «Մեր շատ
մշակույթի գործիչներ մտածելակերպով մնացել են անցյալում: Էնտուզիազմը՝ էնտուզիազմ,
բայց տեղում մեր կադրերին պահելու գործում ոչ պակաս դեր ունի ֆինանսը: Տարբեր հարցերով
պատրաստվում եմ դիմել Ազգային ժողովում Սյունիքից ընտրված պատգամավորներին»: Ս.
Մարտիրոսյանը վստահեցնում է, որ, խոսելով Հայաստանի մշակութային կյանքի մասին, միայն
երեւանյանով չպետք է սահմանափակվել. «Մի ծաղկով գարուն չի գալիս: Արդեն սկսվել են
նախապատրաստական աշխատանքները Եղեռնի 90, գրերի գյուտի 1600-ամյակների առիթով: Կկազմակերպենք
միջբուհական երիտասարդական հանդիպումներ՝ ընդգրկելով մեր մարզի երիտասարդական հասարակական
կազմակերպություններին: Ընդհանրապես, հանրապետությունում այսօր պակասում են մեծամասշտաբ
միջոցառումները: Մեր խնդիրն է, ինչպես էլ դա կոչվի՝ տոն թե փառատոն, ընդգրկել հնարավորինս
լայն մասսաների»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել