Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԻՄՄԱՔՐՈՒՄ ՇԱՀԱԲԻ «ԵՂԱՆԱԿՈՎ»

Փետրվար 12,2005 00:00

Իրանցի գործարարն իր պարտքերի ընդունում-հանձնումը
«ապահովում» է ժամանակակից տեսաձայնագրային տեխնիկական միջոցներով: «Առավոտ»
օրաթերթի վերջին հրապարակումներում լուսաբանվեցին Հայաստանում իրանցի գործարար Փարվիզ
Ալամդարիի «սրտաճմլիկ» պատմություններն իր բիզնես-դժվարությունների մասին: Նշվածը,
զուտ լրագրողական հետաքրքրության տեսանկյունից, հիմք տվեց ուսումնասիրելու Փարվիզ
ձեռներեցի գործունեությունը Հայաստանում: Պարզվեց, որ Փարվիզը Հայաստանում
հիմնադրել է «Կանաչ ճանապարհ», «Փարվիզ», «Շահաբ», «Նյու Շահաբ», «Տոմպակ» եւ մի
շարք այլ ՍՊԸ-ներ: Այդ ընկերությունների վերաբերյալ ստացված տեղեկությունների համաձայն՝
ՀՀ տնտեսական դատարանի 14.05.2003թ. թիվ ՏՍ-463 սնանկության գործով կայացված որոշմամբ՝
«Կանաչ ճանապարհ» ՍՊԸ-ի հաշվեկշռում 01.01.01թ. դրությամբ առկա է եղել 44 605 000
դրամի ապրանք: Սակայն արդեն 06.11. 2002թ. դրությամբ ՀՀ արդարադատության նախարարության
դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իր կատարողական վարույթով արձանագրեց,
որ պարտապանը գույք եւ եկամուտներ չունի, իսկ հաշվապահական փաստաթղթերը «չեն պահպանվել»:
Այս ամենի արդյունքում «Կանաչ ճանապարհ» ՍՊԸ-ն լուծարվեց՝ ՀՀ պետական բյուջե չվճարելով
9 512 000 դրամի հարկային պարտավորություն: Նույն «Կանաչ ճանապարհ» ՍՊԸ-ն,
տնօրեն Փարվիզ Ալամդարիի կազմած բիտումի ակնհայտ կեղծ գործարքի միջոցով տիրացավ «Արտաշատճանշին»
ՓԲԸ-ի գույքին: Անհասկանալի ձեւով Փարվիզի նկատմամբ նախապատրաստված խոսուն նյութերը
դատախազության կողմից մերժվել են, եւ չի հարուցվել քրեական գործ: Ըստ մեր տեղեկությունների՝
այս դեպքում մեծ էր Փարվիզի շահագրգիռ «տանիքների» գործոնը: Նույն Ալամդարին,
լուծարման մշակված հեռանկարով, բիտումային տենդով, հիմքում ունենալով ՀՀ տնտեսական
դատարանի 08.10.2001թ. վճիռը, կարողացավ լուծարել «Երեւանճանշին» ԲԲԸ-ն: Տվյալ դեպքում
զավեշտականը նաեւ այն էր, որ 10 116 000 դրամ մայր պարտքի հետ միասին՝ «Երեւանճանշին»
ԲԲԸ-ից բռնագանձվեց հավելյալ 20 501 040 դրամ տուգանք: Այս ամենի եւ լվացքարարի «տանիքների»
մասին վկայում են նաեւ «Առավոտի» 24.05.2003թ., «Հայկական ժամանակի» 19.07. 2003թ.
համարներում հրապարակված նյութերը: Պետության եւ քաղաքացիների նկատմամբ խոշոր
պարտավորություններից խուսափելու նպատակով՝ Փարվիզն ինքնասնանկացման եղանակով լուծարեց
քիմմաքրման «Շահաբ» ՍՊԸ-ն, փոխարենը ստեղծելով «Նյու Շահաբ» քիմմաքրման ՍՊԸ-ն: Տվյալ
դեպքում հետաքրքրական է, որ «Նյու Շահաբն» իր «լվացքը» կատարում է պարտքերից խուսափելու
նպատակով ինքնասնանկացված տխրահռչակ «Շահաբի» տարածքում եւ գույքով: Պարզեցինք,
որ Փարվիզ Ալամդարին իր «Տոմպակ» ՍՊԸ-ի միջոցով իրավաբանական տեսանկյունից կատարում
է խողովակային յուրօրինակ գործարքներ՝ ՀՀ-ից խոշոր քանակություններով արտահանումների
ձեւով: Պարզապես զարմանալ կարելի է, թե այդ հնամաշ խողովակներն ինչպե՞ս եւ որտե՞ղ
են դառնում բոլորովին նոր խողովակներ եւ արտահանվում Հայաստանից: Փարվիզը
տիրացավ նաեւ «Լուլուշոկ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Գրիգոր Լուսավորիչ
2 հասցեում գտնվող 317 քմ տարածքին: Փաստի առթիվ հարուցված քրեական գործը Փարվիզի
մասով զարմանալիորեն կարճվեց: Ուշագրավ է, որ Փարվիզ Ալամդարին իր գործարար
հարաբերություններում վերը թվարկված մեքենայություններից զատ՝ իր հետ առնչված անձանց
նպատակաուղղված գաղտնալսել եւ գաղտնատեսագրել է, եւ դեռ իրեն էլ ներկայացնում է որպես
անմեղ զոհ: Փաստորեն, Փարվիզի այս յուրօրինակ գործառնությունների արդյունքում
չվճարվեցին խոշոր հարկային եւ ֆինանսական բնույթի այլ պարտավորություններ, կործանվեցին
եւ իրենց գույքից զրկվեցին խոշոր ընկերություններ եւ տուժեցին բազմաթիվ քաղաքացիներ:
Մնում է պարզել, թե ովքեր են կանաչ ճանապարհ տալիս Փարվիզ Ալամդարիի «քիմմաքրմանը»:
ՎԱՀԵ ՍԻՄՈՆՅԱՆՀոդվածն արտահայտում է Փարվիզ Ալամդարիի
հետ դատական վեճ ունեցող կողմի կարծիքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել