Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գողական յուրահատուկ ճաշակ

Փետրվար 12,2005 00:00

Գողերի
խումբը թռցրել է աչքի տեսածը՝ պտտվելով Գյումրիի մի քանի տասնյակ հիմնարկներով Շիրակի
մարզի առաջին ատյանի դատարանում օրերս մի յուրահատուկ ու հետաքրքիր գործ էր լսվում:
Հանցագործություն կատարելու հատուկ նպատակով գյումրեցի Յուրա Ֆիլիպովի ստեղծած հանցավոր
խմբի գործունեությունն այնքան բազմածավալ ներկայացվեց, որ թվում էր, թե երեկ ամբողջ
Գյումրին՝ որպես տուժող, ներկայանալու է դատարան: Ըստ մեղադրական եզրակացության,
2000-2004թթ. խմբի 5 անդամներից յուրաքանչյուրը թե առանձին-առանձին, թե խմբակային
ակտիվ գործունեություն է ծավալել. նրանք քաղաքում հիվանդանոց ու պոլիկլինիկա, դպրոց
ու մանկապարտեզ, հիմնարկ–ձեռնարկություն, անգամ փոքրիկ արհեստանոց (օրինակ՝ կոշկակարի
«բուդկա» ու վարսավիրանոց) չեն թողել: Ընդ որում՝ որոշ օբյեկտներում պարբերաբար են
հյուրընկալվել: Օբյեկտների թվից ոչ պակաս ճոխ էր նրանց թռցրած ապրանքների տեսականին.
համակարգիչներ, աման- չաման, բժշկական խալաթներ, սրբիչներ, շինարարական ներկեր, վարսահարդարիչներ,
սանրեր ու մկրատներ, անգամ հագուստ ու հագուստի կախիչներ, շտամպներ, կլոր կնիք, հայելի,
լաբորատոր կշեռք, գրքեր, 15 տուփ պատճենահանման թուղթ, անձնագիր, բջջային հեռախոս
եւ այլն, եւ այլն: Իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ հագուստ գողանալիս ամբաստանյալները
հին կամ նոր լինելուն ընդհանրապես ուշադրություն չեն դարձրել: Օրինակ, կոշիկի «բուդկա»
մտնելիս ուրիշների հազար տարվա՝ մի կերպ վերանորոգված կոշիկներն են թռցրել: Շիրակի
մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում էր դեռեւս հունվարի 12-ին սկսված դատավարությունը.
նրանք արդեն իսկ հասցրել էին լսել 32 տուժողի ու տուժողների ներկայացուցիչների, այսինքն՝
մոտ կեսին: Դատական պրոցեսի ընթացքում ամենատարօրինակն այն էր, որ ամբաստանյալ Արթուր
Հեբոյանը յուրատեսակ հպարտությամբ էր իրեն պահում: Նա մտաբերում ու հատ- հատ թվարկում
էր իր կատարածը՝ տուժողներին դրվագներ հիշեցնելով: Միաժամանակ, լրատվամիջոցների ներկայությունից
ոգեւորված, տուժողներից ներողություն էր խնդրում: Երբ հերթը հասավ Գյումրիի
էլեկտրակենցաղսարքեր գործարանից գողացված խիստ կարեւոր դետալի՝ էլեկտրական կամրջակի
գողությանը, ներկաներից ոմանք սկսեցին ամբաստանյալներին կշտամբել. «Ինչ մգլած սարքեր
ասես՝ չեն քանդել ու տարել, տանող էիք՝ յուվելիրնի սրահ մտնեիք»: ՆՈՒՆԵ
ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել