Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՉԵՆ ՀԱՇՏՎՈՒՄ

Փետրվար 12,2005 00:00

Հարկային
վերջին փոփոխությունների եւ դրանց յուրովի մեկնաբանությամբ կիրառման վերաբերյալ գործարարների
դժգոհությունը ոչ մի կերպ չի նահանջում: Բիզնեսի վրա դրանց բացասական ազդեցության
պոտենցիալը, թվում է, անսպառ է: Այնուամենայնիվ, գործարարները շարունակում են այդ
հարցը տարբեր մակարդակներում բարձրացնել՝ հույս ունենալով շտկել իրավիճակը: Նրանց
հերթական դիմումը, որում նշվում է հարկային փոփոխությունների սխալ տրամաբանությունը,
ուղղված է Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանին: Մի խումբ գործարարների դիմումում
(որի պատճենն ուղարկված է «Առավոտին») մասնավորապես նշված է. «ԱԺ մեծարգո նախագահ,
տարեվերջին կառավարության՝ ԱԺ ներկայացրած փաթեթում պարզեցված հարկի մասին փոփոխություններ
էր նախատեսվում, որը առանց քննարկման ընդունվեց: Նշենք այդ փոփոխություններից մեկը՝
ամենաանտրամաբանականը: Պարզեցված հարկի մասին օրենքում կատարված փոփոխությամբ սահմանվում
է, որ այդ հարկատեսակով աշխատելու համար առեւտրի օբյեկտում ապրանքանյութական արժեքների
մնացորդը չպետք է գերազանցի 15 մլն դրամը՝ հաշվարկված վաճառքի գներով: Նախ, ո՞վ է
սահմանում վաճառքի գինը շուկայական տնտեսությունում, մանավանդ՝ արդյունաբերական ապրանքներ
(հագուստ, գործվածքեղեն, տրիկոտաժ եւ այլն) վաճառող խանութներում մեկ օրվա ընթացքում
վաճառքի գինը կարող է փոփոխվել մի քանի անգամ (սակարկման արդյունքում): Երկրորդ՝
նշված ապրանքատեսակները վաճառող խանութներում տարիներով կուտակված են այնպիսի ապրանքներ,
որ կարելի է վաճառել ցանկացած գնով՝ միայն թե վաճառվի: Երրորդ՝ եթե մնացորդ ապրանքը
պահանջարկ ունենար, ոչ մի տնտեսվարող ոչ թե 15 մլն-ի, այլ 5 մլն-ի մնացորդ էլ չէր
ունենա: Չորրորդ՝ չի բացառվում, որ, ասենք, 50 մլն, այսպես կոչված՝ «վաճառքի գնով»
գնահատված մնացորդ ունեցող խանութում մի քանի անգամ քիչ շրջանառություն կատարվի,
քան, ասենք, 5 մլն մնացորդ ունեցող խանութում (կախված է ապրանքատեսակից): Հինգերորդ՝
ասենք, խանութում գրանցվեց 15 մլն դրամի մնացորդ, իսկ հաջորդ օրը խանութը ստացավ
եւս 1 մլն դրամի ապրանք (ինչը շատ հավանական է): Ուրեմն, ըստ փոփոխված օրենքի ստացվում
է, որ խանութը մեկ օր պետք է աշխատի պարզեցված հարկով (3,5%), հաջորդ օրը՝ ԱԱՀ-ո՞վ
(16,67%): Պարոն Բաղդասարյան, մանր եւ միջին գործարարները վախից դատարկում
են խանութները, ընկել է ապրանքաշրջանառության ծավալը: Խնդրում ենք ժամանակավորապես
դադարեցնել պարզեցված հարկի մասին օրենքում կատարված փոփոխությունների կիրարկումը,
մշակել նոր օրինագիծ, որը կբխի մանր եւ միջին բիզնեսի շահերից, որը միաժամանակ մեխանիզմներ
կնախատեսի այդքան չարչրկված 40-50% ստվերայնության դեմ պայքարի համար: Առավել նպատակահարմար
ենք համարում հաստատագրված հարկի կիրառումը: Հավատացնում ենք, այսպիսի վարչարարությամբ
բյուջե չի լցվի, այն կլցվի միայն հաստատուն վճարներով: Պատգամավորներին խնդրում
ենք օրինագծերի քննարկմանը հրավիրել մասնագետների, պրակտիկ աշխատանքով զբաղվողների»:
Մանր ու միջին գործարարությամբ զբաղվողներն այս խնդիրները պարբերաբար քննարկում
են նաեւ Հարկային պետական ծառայության աշխատակիցների հետ: Օրերս այդպիսի մի քննարկումից
հետո ՀՊԾ պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը «Առավոտի» թղթակցի հարցին ի պատասխան չի
բացառել, որ քննարկումները կշարունակվեն, այս ամենի մասին հետեւություններ կարվեն,
եւ արդյունքները փետրվարի վերջին կներկայացվեն ԱԺ: Մինչ այդ, ավելի շատ ահազանգեր
ենք ստանում այն մասին, որ հարկային տեսուչներն սկսել են նորից կանխավճարներ հավաքել,
ինչի վնասակար ազդեցությունը մեր տնտեսության վրա ժամանակին արդեն ապացուցվել է:
Մի խումբ անհատ ձեռներեցներ, չնշելով իրենց անունները, դիմում են ԱԺ նախագահին,
վարչապետին եւ մարդու իրավունքների պաշտպանին՝ բողոքելով հարկային տեսուչների անփութությունից:
Նրանք նշում են, որ ժամանակին դիմել են հարկային ծառայություն՝ ձեռնարկության գործունեությունը
դադարեցնելու խնդրանքով, սակայն դրա փոխարեն 2 տարի անց հրավիրվել են հարկային տեսչություն
եւ դատարան՝ հաստատագրված եկամտահարկ վճարելու պահանջով: Հարկային տեսուչները իրենց
մոտեցումը պատճառաբանել են նրանով, որ գործարարները պետք է լուծարման, ոչ թե դադարեցման
հայտարարություն տային: Իսկ գործարարները պնդում են, որ արհեստական քաշքշուկի պատճառով
են այդ վիճակում հայտնվել: Այս ամենի մեջ ընդհանուրն այն է, որ վերջերս հաճախացել
են հարկային մարմինների գործունեությունից բողոքելու դեպքերը: ՎԱՐԴՈՒՀԻ
ԱՍԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել