Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բացառելով խելագարության կանխավարկածը

Փետրվար 12,2005 00:00

Ռաֆիկը, ՄԱԿ-ը եւ Արշակը քննարկում են սահմանադրական փոփոխությունները

«Խելագարության կանխավարկած» արտահայտությունը երջանկահիշատակ Վլադիմիր Նազարյանի սիրած արտահայտությունն էր, եւ երեկ, քննարկումների ժամանակ, Տիգրան Թորոսյանը բավականին դիպուկ հիշեցնելով այս արտահայտությունը՝ խոստացավ, որ մեր երկրի գլխավոր օրենքը փոփոխելիս ոչ ոք չի պատրաստվում առաջնորդվել խելագարության կանխավարկածով:

Խորհրդարանի եվրոինտեգրման հանձնաժողովում երեկ սկսվեցին սահմանադրական փոփոխությունների քննարկումները: Ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես եւ խոստացել էին, չէին մասնակցում քննարկումներին։ Միակ բացառությունը Արշակ Սադոյանն էր, որը եկել էր սեփական Սահմանադրությունը պաշտպանելու: Հանձնաժողովի առջեւ բավականին դժվար խնդիր է դրված, քանի որ պետք է քննարկվի միանգամից երեք փաթեթ՝ կոալիցիայինը, ՄԱԿ խմբակցությանը եւ Արշակ Սադոյանինը: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն ասաց, որ առաջարկելու են բոլոր երեք նախագծերն էլ մտցնել ԱԺ նիստերի քառօրյա օրակարգ: Երեկ հանձնաժողովականները սկսեցին քննարկել բոլոր երեք փաթեթների առաջին գլուխները:

Կոալիցիայի տարբերակը ներկայացրեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, որը չթաքցրեց, որ իրենց կողմից ներկայացված փոփոխությունները «հիմնականում համապատասխանում են 2001 թվականի ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովի եւ Վենետիկի հանձնաժողովի կողմից առաջարկված փոփոխություններին»: Փոփոխված տարբերակում ավելացել են 25 բոլորովին նոր հոդվածներ, որոնք, ըստ Ռաֆիկ Պետրոսյանի, բարելավել եւ կատարելագործել են Սահմանադրությունը: Հանձնաժողովի անդամ Խաչատուր Սուքիասյանը նկատեց, որ զեկուցողը պետք է խուսափի գնահատականներ տալուց. «Ասեք, որ կատարել եք այս կամ այն փոփոխությունը, մենք կհամեմատենք»: «Այսինքն՝ դուք բոլորդ ձեր կարծիքն ասելու իրավունք ունե՞ք՝ ես չունե՞մ»,- վիրավորվեց Ռաֆիկ Պետրոսյանը: Պատգամավոր Սուքիասյանը եւս մի նկատառում հայտնեց. «Կարո՞ղ է հինգ տարի հետո մեկ այլ իշխանություն գա եւ ասի, որ այն, ինչ պարոն Պետրոսյանը ներկայացնում էր որպես կատարյալ, իրականում շատ անկատար է, եկեք փոփոխենք»: Ռաֆիկ Պետրոսյանն այսպիսի իրավիճակը չբացառեց:

Սեփական Սահմանադրությունը ներկայացնող Արշակ Սադոյանը խոսեց արդեն հայտնի սադոյանական ծրագրային պետության մասին եւ բավականին պաթետիկ եզրահանգում կատարեց. «Մենք պետք է մտածենք մեր չծնված թոռների ապագայի մասին եւ պետության սահմանադրական կարգն այնպիսին պետք է ստեղծենք, որ նա (պետությունը- Մ. Ե.) դառնա դարերի մեջ ապրող գիտակից էակ»:

ՄԱԿ-ի սահմանադրական փոփոխությունների փաթեթը ներկայացնող Գրիգոր Ղոնջեյանը ասաց, որ իրենք կողմ են ոչ թե օրենքի գերակայությանը, այլ իրավունքի իշխանությանը, եւ որ պետությունը դառնա այդ իրավունքի կիրառման երաշխավորը: Հետաքրքիր մեկ ուրիշ փոփոխություն. ըստ ՄԱԿ-ի՝ պաշտպանության ուժերը, զինված ուժերը ոչ թե պետք է չեզոքություն պահպանեն, այլ ի սկզբանե պետք է լինեն ապաքաղաքականացված եւ պետք է գտնվեն հասարակական հսկողության ներքո:

Քննարկումներին մասնակցում էր նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, որն առաջարկեց Սահմանադրության մեջ որեւէ ձեւով գրել, որ Հայաստանի Հանրապետությունը քրիստոնեական պետություն է: Գրիգոր Ղոնջեյանն ասաց, որ նման միտք մտադիր չեն ամրագրել իրենց տարբերակում: Սրբազանի հաջորդ նկատառումը հետեւյալն էր. «Արդյոք այս ամրագրումը՝ պետությունը ճանաչում է Հայաստանյաց եկեղեցու պատմական բացառիկ դերը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում, բավարա՞ր մեկնակետ է, որպեսզի Հայաստանյաց սուրբ եկեղեցին, որն ունի 17 դարերի փորձառություն, չնույնականացվի կամ չհամահավասարեցվի 17 օրվա եւ կամ 17 տարիների կրոնական կազմակերպությունների հետ»: Ռաֆիկ Պետրոսյանը, որի կողմից ներկայացված կոալիցիայի փաթեթում այդքանն էլ չէր գրված եկեղեցու դերի մասին, չգիտես ինչ իրավունքով, համոզում էր ՄԱԿ-ին՝ իրենց տարբերակում ներառել սրբազանի առաջարկները:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել