Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՊԱ՛ՐԶ ԱՍԵՔ, ՈՐ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԳՈՐԾԱԴԻՐԻ
ԿՑՈՐԴ ԴԱՐՁՆԵԼ»

Փետրվար 12,2005 00:00

Իր
գործունեությունը սահմանափակելու փորձերին ի պատասխան առաջարկում է Մարդու իրավունքների
պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Կառավարության վերջին նիստում հավանություն տրվեց
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ
մի օրինագծի, որի հիմնական դրույթներն արդեն իսկ առկա են գործող օրենքում: Այսպես՝
պաշտոնական տեղեկատվության համաձայն, առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է, թե պաշտպանն
իրավասու չէ միջամտել դատական վարույթին, այլ միայն դիմողին տալ առաջարկություններ
կամ խորհրդատվություն՝ դատարանի որոշումը, վճիռը կամ դատավճիռը բողոքարկելու վերաբերյալ:
Մինչդեռ գործող օրենքի 7-րդ հոդվածով արդեն իսկ նույնը սահմանված է. «Պաշտպանն իրավասու
չէ միջամտել դատական վարույթին», ու նաեւ, որ պաշտպանն իրավասու է դիմողին տալ առաջարկություններ
կամ խորհրդատվություն՝ դատավճռի հիմնավորվածությունը բողոքարկելու վերաբերյալ։ Ուստի
կառավարության այս նախաձեռնությունը փաստորեն միայն վերաբերում է այդ հոդվածի մի
դրույթին, ըստ որի՝ պաշտպանը «կարող է տեղեկություններ պահանջել դատաքննության մեջ
գտնվող ցանկացած գործի մասին եւ առաջարկներ ներկայացնել դատարան` երաշխավորելով քաղաքացիների՝
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ միջազգային իրավունքի նորմերով նախատեսված
դատավարության իրավունքի պատշաճ ի կատար ածումը»: Լարիսա Ալավերդյանը հատկապես շեշտադրեց
այն հատվածը, որ վերաբերում է երաշխավորելուն. «Քանի որ Մարդու իրավունքների եվրոպական
կոնվենցիայի կարեւորագույն հոդվածներից մեկն արդար դատաքննության իրավունքն է»: Արդյոք
Մարդու իրավունքների պաշտպանից դատաքննության մեջ գտնվող գործերի մասին տեղեկություններ
պահանջելու իրավունքը վերցնելը պայմանավորվա՞ծ չէ արդարադատության նախարարի՝ ավելի
վաղ արտահայտված դիրքորոշմամբ, թե դատական համակարգը պիտի զերծ մնա այս հաստատության
վերահսկողությունից: «Այո՛, հենց դրանով է պայմանավորված,- ասաց Լարիսա Ալավերդյանը:-
Այս գործընթացը սկսվել է արդարադատության նախարարության կողմից մի պատճառով՝ փաստորեն
փորձ է արվում ոչ թե պաշտպանել Հայաստանում մարդու իրավունքները, այլ պաշտպանել դատավորներին՝
Մարդու իրավունքների պաշտպանից: Այնինչ մեզ ուղղված բողոքների մեծ մասն առնչվում
է հենց դատարանների որոշումներին եւ վճիռներին: Եվ գտնում եմ, թե դատավորները չունեն
նման պաշտպանության կարիք. մենք նրանցից բազմաթիվ շնորհակալություններ ենք ստանում,
որ մեր առաջարկություններով օգնել ենք կողմնորոշվել»: Պաշտոնական տեղեկատվության
համաձայն՝ այս փոփոխությունների ներկայացման ժամանակ վկայակոչվել էր միջազգային փորձը՝
համանման մոտեցում ամրագրած մի շարք երկրների օրինակը: «Այն փաստարկները, որոնք բերում
էր արդարադատության նախարարը՝ համարում եմ հարցի էությանը չվերաբերող,- ասաց Լարիսա
Ալավերդյանը:- Մենք չենք միջամտում դատական վարույթին, իսկ մնացյալը միջամտություն
չէ»: Նա կառավարության նիստում ցանկացել էր ներկայացնել հետեւյալ հակափաստարկները.
«Գտնում եմ, որ բոլոր գայթակղությունները՝ փոփոխություններ անել «Մարդու իրավունքների
պաշտպանի մասին» օրենքում, պետք է զսպվեն՝ մինչեւ սահմանադրական փոփոխությունները:
Սակայն այս մոտեցումն անմիջապես մերժվեց, թե ո՛չ՝ նպատակահարմար չենք գտնում: Որեւէ
կերպ չփաստարկվեց մերժումը: Ես ցանկանում էի նաեւ փաստարկներ ներկայացնել, որ եթե
նման փոփոխություններով ենք ավարտում այս հաստատության ձեւավորման առաջին տարին,
մեզ համար որոշ դռներ բացելը, որոնք առանց այն էլ դժվար բացվող են, ասենք՝ ՄԱԿ-ին
կից միջազգային համակարգային կոմիտեին անդամակցությունը, շատ ավելի կդժվարանան, ուստի
այս առումով պետք է շատ զգուշավոր լինենք: Եվ վերջապես՝ կարող էի փաստարկներ ներկայացնել,
որ նախարարի ներկայացրած հիմնավորումներն ուղղակի բառիս բուն իմաստով խեղաթյուրված
են»: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մեզ ներկայացրեց օմբուդսմենների գործունեության
միջազգային փորձի վերաբերյալ տեղեկատվություն, որին կանդրադառնանք առաջիկայում: «Մարդու
իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ պաշտպանն իրավունք ուներ
ելույթ ունենալ կառավարության նիստում. «Այնինչ պարզ հնչեցվել է, թե դուք միայն իրավունք
ունեք հարց տալ: Եթե օրենքի այս դրույթն էլ պիտի փոխվի՝ եկեք պարզ արտահայտվեք, որ
բոլոր այս փոփոխությունները կոչված են Մարդու իրավունքների պաշտպանին եւ իր աշխատակազմին
ուղղակի դարձնել գործադիր մարմիններից մեկը կամ դրանց կցորդը»: Նա բոլորովին չէր
պնդում, թե «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը պիտի մնա անփոփոխ. «Անշո՛ւշտ,
պետք է լինեն փոփոխություններ, բայց այնպիսի դրույթներ, որոնք կուժեղացնեն եւ կհստակեցնեն
մեր իրավասությունները»: Հայտնի է, որ Լարիսա Ալավերդյանը բացասաբար գնահատեց
նաեւ օրենքի այն փոփոխությունը, որի շնորհիվ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
անդամները համարվեցին քաղծառայողներ եւ պիտի ընտրվեն քաղծառայության խորհրդի կազմակերպած
մրցույթների միջոցով: Պաշտպանն ընդվզեց նաեւ այնժամ, երբ բյուջետային ոչ բավարար
հատկացումներ արվեցին իր ղեկավարած կառույցին՝ հնարավորություն չընձեռելով մասնավորապես
մեծացնել աշխատակազմը: Մեր հարցին՝ արդյոք այս ամենը մի շղթայի նույն օղակնե՞րը չեն
եւ չե՞ն վկայում, որ իր գործունեությամբ, այնուամենայնիվ, ոմանց «կոշտուկները» տրորել
է՝ Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Չեմ կարող գնահատել իմ գործունեության արդյունավետությունը:
Բայց հստակ է, որ մենք բավական ակտիվություն ենք ցուցաբերել եւ աշխատել ենք արձագանքել
ինչպես հասարակական հնչեղություն ստացած խնդիրներին, այնպես էլ մեզ ուղղված բողոքներին:
Եվ կարող եմ ասել, որ ոչ բոլոր պետական մարմինների առաջին դեմքերն են գոհ եղել մեր
կայացրած որոշումներից՝ թե տվյալ դեպքում առկա է մարդու իրավունքների ոտնահարում
եւ առաջարկում ենք վերականգնել խախտված իրավունքը: Առաջին իսկ նման նամակից հետո
զգացել եմ, որ նախկինում ունեցածս լավ հարաբերությունների դաշտը նեղանում է: Եվ դա
լավ եմ ընդունում»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել