Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵՐԿԻՐԸ ՄԵԶ ՈՐՊԵՍ ԽՈՐԹԵՐԻ Է ՆԱՅՈՒՄ»

Փետրվար 12,2005 00:00

Հրանտ
Մաթեւոսյանը ոչ մեկին չուրացավ, նրան ուրացան շատերը Թերեւս բնական ու մարդկային
է ամենքիս ցանկությունը՝ զգալ ու շեշտել Մեծերի հետ մեր՝ թեկուզ հպանցիկ առնչությունը:
Միտքը, որ Հանճարի հետ նույն օդն ես շնչել, ապրել նույն ժամանակներում, առավել եւս՝
ինչ-որ պահի գտնվել նույն տարածքում՝ հպարտություն ու նաեւ՝ չարդարացված հրճվանք
է պատճառում: Չորս տարի առաջ Հրանտ Մաթեւոսյանին տեսնելու, նրան լուսանկարելու դրվագը
իմ կյանքի մեծագույն հարստություններից է: 2001թ., Գրողների միության հերթական համագումարի
ժամանակ, իր գրչընկերների (եթե, իհարկե, ներկաների մեջ այդպիսին կոչվելու արժանի
գեթ մեկը կար) վայրահաչոցներն ու լուտանքները անհավատալի քրիստոնեաբար, վեհությամբ
տանող Հրանտ Մաթեւոսյանին դիմեց ոմն «նորդարական», որի անունը Մաթեւոսյանի անվան
կողքին գրելը պարզապես անհարմար է՝ «տես, տես, էս քո լրագրողներն են»: «Էս»-ի մեջ
նաեւ ես էի ու երջանիկ էի դրանով: Ավելի ուշ, համատարած դավաճանության եւ ճղճիմության
այդ մթնոլորտից հանգստանալու համար, ԳՄ հարեւանությամբ գործող սրճարանում նստած,
հեռվից ըմբոշխնում էինք Հրանտ Մաթեւոսյանի գոյությունը, նա հանկարծակի մոտեցավ մեզ
ու հարցրեց՝ «Էս դուք իմն եք, հա՞»: Մինչեւ հիմա ես իմ հոգում փայփայում եմ այն հույսը,
որ այդ հարցը տալիս նա հենց ինձ էր նայում: Վստահ եմ՝ սեղանի շուրջը նստածներից յուրաքանչյուրն
այդ հայացքն իրեն է վերագրել: Այսօր այդ նույն «մտավորականները», ովքեր փորձում
էին թունավորել Հրանտ Մաթեւոսյանի կյանքը, ներբողներ են գրում, փորձում հավատացնել,
թե որքան մտերիմ էին նրա հետ, եւ որքան էր սիրում իրենց Հրանտ Մաթեւոսյանը: Այնինչ
նրանք ընդամենը մանր առեւտրականներ էին: Առաջ փողով հայհոյում էին Տեր-Պետրոսյանին,
հիմա փողով քծնում են Քոչարյանին: Այժմ կարելի է, թույլատրված է նաեւ փառաբանել Հրանտ
Մաթեւոսյանին: Այլեւս անվնաս է՝ գրողն արդեն չի կարող «քաղաքականապես սխալ» հայտարարություններ
անել, ասենք՝ ջերմ խոսքեր ասել Վանո Սիրադեղյանի մասին: Եվ մանավանդ այս տարի, հոբելյանի
առթիվ, մենք դեռ շատ քաղցր ու շողոմ խոսքեր կլսենք այն մարդկանցից, ովքեր պղծել են
իրենց շուրթերը Հրանտ Մաթեւոսյանի հասցեին լուտանքներով: Երբ նա ժամանակին,
անսալով Վանո Սիրադեղյանի հորդորին, ում նա վերաբերվում էր որպես զավակի, գնաց Գրողների
միություն՝ նախագահելու, երեւի չգիտեր՝ ինչ է իրեն սպասվում այնտեղ: Նույն առեւտուրն
ու դավաճանությունը: Հետագայում Վանո Սիրադեղյանը ինքն իրեն ու մեզ հավատացնում էր,
թե ԳՄ նախագահելու ուղարկելով՝ ինքը Վարպետին փորձանքը չի գցել, գրելուց չի զրկել:
Իսկ չգրելը բացատրում էր հետեւյալ կերպ. «Հրանտը հայրենիք է կորցրել, կորցրել է այն
երկիրը, որի մասին, որի համար գրում էր»: Գուցե եւ մասամբ ճիշտ է. հավանաբար, գրողի
համար կարեւոր է մթնոլորտը, օդը, որով նա շնչում է: Երբ այդ օդը պղտորվում է միջակությունների
դատարկ խոսքերով եւ գործերով, գրողը կարող է մտնել փակուղի: Բայց Մաթեւոսյանը կարծես
թե նշմարել է իր թեմաները, որոնց մասին նա կարող էր գրել, լրագրողներին տրված իր
գրավոր պատասխաններում, որոնք ամփոփվել են «Մի ուրացեք ձեր եղբորը» գրքույկում: Բոլոր
դեպքերում, Գրողների միությունը, երեւի թե, Վարպետի տեղը չէր: Նա Գրող էր: Աստված
նրան չէր ստեղծել Գրողների միության «նամշահոտ» շենքում նստելու եւ սրան՝ 10 օրով,
նրան 5 օրով Ծաղկաձոր ուղարկելու կամ տարբեր առիթների համար փող բաժանելու համար:
Աստված Հրանտ Մաթեւոսյանին ստեղծել էր, որ հայերիս 20-րդ դարավերջին չթողնի առանց
Խիղճ, առանց Միտք, առանց Վեհություն: Նա չափանիշ էր, ու մենք շատ հեռու էինք այդ
չափանիշից: Իր ողջունած անկախ երկիրը, պետականությունը փչանում էր՝ հոկտեմբերի 27-ով,
Վանոյի արտաքսմամբ, կիսատ-պռատությամբ, պետության, քաղաքացիության հարկը չհասկանալով
ու նրա երկիրը, նրա հայրենիքը ծվատելով: «Միմյանց դեմ տարած փայլուն հաղթանակներով
ասպարեզում մի ծվատված երկիր ենք թողել՝ որ մեզ որպես խորթերի է նայում, ու մենք
իրեն որպես օտարի: Որպեսզի այդպես չլիներ, որպեսզի մենք բոլորս գտնեինք միմյանց,
միմյանց պատկանեինք… Բայց դա չի եղել ու չի լինի. Վազգենը նրա համար չի սպանվել,
որ միմյանց հայացքներում դարձյալ հայրենիք կարդանք. Դեմիրճյանը, Տեր-Պետրոսյանը,
Սիրադեղյանը ասպարեզից նրա համար չեն քշվել՝ որ ասպարեզում դարձյալ բոլորիս հայրենիքը
լիներ եւ մենք բոլորս իր որդիները լինեինք»,- ասում էր Հրանտ Մաթեւոսյանը եւ ավելացնում.
«Ցավալիորեն տան սյուները ամեն մի նոր եկողի բուսնովի են թվում, ամեն մի հեռացող
իր հետ հնարավորություններ ու հեռանկարներ է տանում՝ որ իր սեփական հնարավորությունն
ու հեռանկարն են թվում եւ ոչ հանրապետությանն ու իր հաջորդինը»: Այսքան զգայուն,
այսքան մեծ Անհատականությունը չէր կարող հեշտությամբ տանել այդքան կորուստները, այդքան
չգրելը, ու նա խոստովանել էր. «Հոգեբանական փակուղի է իմ էս հիվանդությունը»: Ո՞վ
գիտե, եթե նա որպես մշակութային գործիչ՝ տեսներ իր լույսը, իր ճանապարհը, իր անհրաժեշտությունը,
նա դեռ կապրեր: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԼուսանկարը՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել