Լրահոս
Օրվա լրահոսը

Թաց

Փետրվար 11,2005 00:00

Թաց ու չոր վկայագրեր Հակադիր կարծիքներ՝ ոչ պետական բուհերի հավատարմագրման գործընթացի առնչությամբ «Ես այն կարծիքին եմ, որ դատարանը երբեք իրավունք էլ չունի վճիռ կայացնելու եւ ասելու, թե հավատարմագիր տվեք, ինչպիսի դատարան էլ լինի: «Գլաձորն» էլ է դիմել դատարան՝ օտար լեզուների մասնագիտությունը հավատարմագրելու համար, եւ երբ կրթության եւ գիտության նախախարը փոխվեց, սկսվեց մի զրույց, որ քանի դեռ նոր չափորոշիչներ չկան հաստատված, հավատարմագրում չի լինի: Ես ընդամենը դատարանով պահանջեցի, որ նախարարությանը պարտավորեցնի՝ սկսել հավատարմագրման պրոցես: Եվ այդ գործողությունը չկատարվեց այնքան ժամանակ, մինչեւ պրն Երիցյանը չհաստատեց նոր չափորոշիչները՝ անգլերենի գծով: Հետո կազմվեց մի շատ պատկառելի հանձնաժողով, ամբողջ նախարարությունը «Գլաձորում» քննություն էր ընդունում, արդյունքում՝ 2 տարվա շրջանավարտները քննություն հանձնեցին, եւ մի անբավարար գնահատական չեղավ»,- պատմում է «Գլաձոր» համալսարանի ռեկտոր, Հավատարմագրված բուհերի միության նախագահ Ժորա Ջհանգիրյանը: Այս կարծիքին են նաեւ կրթության ոլորտի բոլոր պատասխանատուները՝ անխտիր: Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու նման դատական գործընթացի եւ ականատես լինելու, թե ինչ հիմքով է դատարանը վճիռ կայացնում. մոտավորապես այսպես՝ հաշվի առնելով ԿԳ նախարարության անգործությունը: Նախարարությունն իր հերթին պատճառաբանում է, թե չափորոշիչներ չկան, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում ուրիշ բուհերի նույն մասնագիտություններ հավատարմագրվում են: Իսկ ինչո՞ւ է դատարան դիմել «Անանիա Շիրակացի» համալսարանը՝ հավատարմագիր ստանալու, օրինակ, գերմաներեն մասնագիտության գծով: Բացատրում է բուհի ռեկտոր Վաղարշակ Մադոյանը. «Գերմաներենի ժամանակ լիցենզավորման վարչությունը պատճառաբանեց, թե բուհը 3 գիտությունների թեկնածու չունի, դրա համար չենք հավատարմագրում, այն դեպքում, երբ բուհին լիցենզիա տալու ժամանակ չէին առանձնացվում օտար լեզուների տեսակները: Այս դեպքում ասում են՝ ամեն լեզվի համար առանձին մոտեցում պետք է լինի: Մինչդեռ փաստաթղթերում օտար լեզուն ընդհանուր է ներկայացվում»: Պրն Մադոյանին հետաքրքրում էր նաեւ. ինչպե՞ս պատահեց, որ մի քանի բուհեր (այստեղ նշվում են Հր. Աճառյան համալսարանի, «Գլաձորի», «Գալիքի» անունները) շատ արագ ստացան հավատարմագիր, իսկ մնացածն ընկավ դատարանի դռները: Բանավեճը շարունակում է Ժ. Ջհանգիրյանը. «Եթե այսօր բուհը բացեցիր, վաղն արդեն բուհ է կոչվում, փառք ու պատիվ իրենց: Այսօր 9 բուհ, եթե ոչ ավելի, գործում է միայն պոլիտեխնիկական ինստիտուտի շենքում: Բուհը չունի ոչ իր շենքը, ոչ իր միջոցները, բայց հավատարմագրվում է եւ կոչվում է բուհ: Իհարկե, օրենքը թույլ է տալիս վարձակալել սենյակներ: Հիմա կմտածեն՝ իր ինչ գործն է, բայց փորձ է արվում վարկաբեկել մասնավոր կրթական համակարգի, մասնավոր կրթության գաղափարը: Թացն ու չորն իրար հետ վառում են մեր երկրում, 20-30 հավատարմագրված բուհ կա, ընդ որում՝ մեծ մասը դատարանների միջոցով»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել