ԽԻՍՏ ԷՐ ՍԻՐՈՒՄ Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Պարգեւ Օհանյանի նախագահությամբ, սկսվեց Տիգրան Մեծ պողոտայի 36 շենքի 51 բնակարանում դաժան սպանություններ իրականացրած Արտաշես Յուրիկի Հովհաննիսյանի դատավարությունը: Նրա պաշտպանությունն իրականացնում են Հայաստանի փաստաբանների միության փաստաբաններ Գագիկ Սարդարյանն ու Գագիկ Սոլոմոնյանը: Մեղադրողն էր Վլադիմիր Աղամիրյանը: Այս գործով դատակոչվելու են 11 վկաներ, իսկ տուժողի իրավահաջորդ Վարդան Հայրապետյանին գործով «ձեւակերպել» էին իբրեւ հայցվոր: Թե վկաները, թե տուժողի իրավահաջորդը դատարան չէին ներկայացել: Մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Ըստ որի, 2003թ. հոկտեմբերի 22-ի գիշերը Տիգրան Մեծ պողոտայի 36 շենքի 51 բնակարանում Արտաշես Հովհաննիսյանը, «շահադիտական դրդումներով, առանձին դաժանությամբ, ապօրինաբար դիտավորությամբ» կյանքից զրկել է Գարիկ եւ Անահիտ Հայրապետյաններին, Հրաչյա Բերժյանին ու Դավիթ Նիտալյանին: Ըստ մեղադրականի, Ա. Հովհաննիսյանը «շարունակաբար սիրո զգացմունքներ տածելով» Իրինա Հակոբջանյանի նկատմամբ, նպատակ է ունեցել ամուսնանալ նրա հետ եւ հոկտեմբերի 26-ին կայանալիք վերջինիս ու Գարիկ Հայրապետյանի պսակադրությունը խափանելու համար հոկտեմբերի 22-ի գիշերը, ժամը 3-ին մուտք է գործել բնակարան, առանձին-առանձին հարձակվել բնակարանում գտնվող անձանց վրա, մուրճի բազմաթիվ հարվածներով սպանել 4 հոգու, հափշտակել 7284 ԱՄՆ դոլարին համարժեք 4.257.990 դրամի ընդհանուր արժողությամբ գույք՝ բնակարանում եղած ոսկյա զարդերը, բջջային հեռախոսը ու հեռացել: Հետաքրքիր է, որ մինչ հանցագործությունը, նա հոկտեմբերի 10-ին ինքնաթիռով մեկնել էր Մոսկվա, հաջորդ օրը ավտոբուսով ուղեւորվել Թբիլիսի, ապա հոկտեմբերի 12-ին ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը եւ վերադարձել Երեւան (ալիբի ստեղծելու համար): Այնուհետեւ, երբ մուտք էր գործել Գարիկենց բնակարան եւ կատարել իր ոճրագործությունը, նույն օրը դարձյալ ապօրինի հատել էր պետական սահմանը եւ Հայաստանից փախուստի է դիմել: (Ի դեպ, պարզվել էր նաեւ, որ նա Գ. Հայրապետյանի գրպանում եղած գումարն է վերցրել): Երեկ Արտաշես Հովհաննիսյանը մասնակիորեն իրեն մեղավոր ճանաչեց. նա չէր ընդունում, թե շահադիտական դրդումներով է սպանությունն իրականացրել: Նա ասաց, որ ինքը վերջում կխոսի: 11 վկաների ցուցակում նկատեցինք, որ չկա հիշատակված Իրինա Հակոբջանյանը, որը, մեր տեղեկություններով, գտնվում է Մոսկվայում: Ամբաստանյալ Ա. Հովհաննիսյանին այս մեղադրականով սպասում է պատժի առավելագույն չափ՝ ցմահ ազատազրկում: Մեր տեղեկություններով, ամբաստանյալի մայրը արդեն մի քանի տարի է՝ գտնվում է ԱՄՆ-ում, ամբաստանյալն ավարտել է Մանկավարժական համալսարանի ռեժիսորական ֆակուլտետը, աշխատել է «Ծղոտներում»՝ որպես բարմեն: Երեկ սահմանվեց ապացույցների հետազոտման կարգը, որոշվեց լսել նախ վկաներին, ապա ամբաստանյալին եւ հետո հետազոտել ապացույցները: Եվ քանի որ վկաները չէին ներկայացել՝ հետեւաբար նիստը հետաձգվեց: Ի դեպ, դատական նիստի ժամանակ մարդասպանը դժգոհեց սրտի ծակոցներից: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ