Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅԴ

Փետրվար 11,2005 00:00

«ԱՅԴ «ԵՎ ԱՅԼՆԸ» ՄԵ՛ՆՔ ԵՆՔ» «Ոգու փորձություն» կամավորականների միավորումը, որն արդարադատության նախարարությունում գրանցվել է հունվարի 27-ին, երեկ իր տարածքային բաժանմունքը հիմնադրեց Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ անդամագրված 154 ազատամարտիկներով: Սակայն Մալաթիայի հայորդաց տան դահլիճը, որտեղ անցկացվեց այս հավաքը, լեփ-լեցուն էր դարձել նաեւ այլ համայնքներից երկրապահների շնորհիվ: Եվ ելույթ էլ ունեցան «Ոգու փորձություն» կազմակերպության գրեթե բոլոր անվանի հիմնադիրները, որ ԵԿՄ վարչության նախկին անդամներ էին: Սասուն Միքայելյանն իր ելույթում նշեց, թե մի խումբ երկրապահների քայլը՝ ստեղծել այս կազմակերպությունը, շատերի համար կարող է զարմանալի թվալ. «Բայց կարծում եմ, բոլորիս համար ակնհայտ է, որ առավելապես վերջին տարիներին լրջորեն խաթարվել է մեր ժողովրդի հավատն ապագայի նկատմամբ: Կարծես չկա այլեւս այն հերոսական ոգին, որն ի զորու եղավ ոչ վաղ անցյալում բառիս բուն իմաստով հրաշքներ գործել արցախյան ազատամարտում: Այդ երեւույթն ունի բազմաբնույթ եւ բազմատեսակ խորքային պատճառներ, ու դրանց մանրազնին վերլուծությունն ու իրավիճակի շտկմանն ուղղված քայլերը պետք է հանդիսանային երկրի քաղաքական իշխանությունների խնդիրը»: Նա անհանդուրժելի համարեց, որ բոլորի աչքի առջեւ փոշիանում են այն արժեքները, որոնք եղել են հաղթանակի գրավականը, եւ մասնավորապես՝ «Համախմբվելու եւ սպասվող դժվարությունները միասնաբար հաղթահարելու փոխարեն, մեր հասարակությունն այսօր տարանջատված է տարբեր չափանիշներով»: Եվ դրանց շարքում նշեց «նախկիններ-ներկաներ» զատորոշիչը. «Մի՞թե կարելի է անընդհատ ետ նայելով ու այնտեղ սխալներ փնտրելով առաջ գնալ ու ապագա կերտել… Որեւէ անհատի գործունեությունը գնահատենք՝ առանց հաշվի առնելու նրա իշխանավոր կամ նախկին իշխանավոր լինելու պայմանները: Չի՛ կարելի ավանդույթ դարձնել, որ ամեն մի նոր իշխանավոր իր գործունեության հիմքում իր նախորդի լավ կողմերը վերցնելու, իսկ վատը փոխելու փոխարեն՝ ամեն ինչում մեղավոր համարի իր նախորդին: Չէ՞ որ վաղն ինքն էլ է դառնալու նախորդ ու արժանանալու նույն «պատվին»: Իսկ որ առջեւում մեզ դժվարին օրեր են սպասվում՝ կարծում եմ, ոչ մեկը չի կասկածում, մանավանդ միջազգային տարբեր ատյաններում վերջերս ընդունված հայտարարություններից ու բանաձեւերից հետո»: Սասուն Միքայելյանը նշեց, թե «Ոգու փորձությունը» չի հետապնդում քաղաքական նպատակներ, սակայն քաղաքականությամբ չզբաղվելը պատրվակ չի դարձնելու քաղաքական անցուդարձից հեռու մնալու համար: Ալբերտ Բազեյանը համոզմունք հայտնեց, որ «Ոգու փորձությանն» անդամագրվելու են հազարավոր ազատամարտիկներ. «Ինչո՞ւ առաջացավ այս անհրաժեշտությունը: Իմ կարծիքով, կային օբյեկտիվ դժգոհություններ մեզ միավորող կազմակերպության գործունեությունից: Շարքերը կարծես թե օտարված էին միությունից: Վերջինս, ցավոք, դարձել է վերահսկելի իշխանական որոշ մարմինների կողմից, իսկ մենք ձգտում ենք ազատության»: Նա ցանկություն հայտնեց, որ նորաստեղծ կազմակերպությունը զերծ լինի քաղաքական շահերից եւ շահարկումներից. «Բայց առաջին հերթին՝ մենք ունենք քաղաքացիական իրավունքներ, որոնք ամրագրված են մեր Սահմանադրության մեջ, եւ մենք պարտավոր ենք ամեն ինչ անել ոչ միայն մեր ու մեր ընկերների, այլ նաեւ հասարակության եւ մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության եւ առաջին հերթին՝ արդար ընտրությամբ իշխանություն ձեւավորելու իրավունքը պաշտպանելու համար»: Մուշեղ Սաղաթելյանն իր ելույթում նշեց, թե այն, ինչ այժմ անում են՝ նույնիսկ իրենց չի վերաբերում, այլ՝ հայրենիքին. «Մենք ցանկանում էինք ունենալ անկախ ու հզոր հայրենիք: Իսկ հիմա մենք զգում ենք, որ այդ ուղղությամբ չի գնում մեր հայրենիքը, որ հզորանա»: Նաեւ խոստովանեց. «Մենք մեր ընտանիքներում էլ ենք պարտվել, քանի որ մեր երեխաներն այլեւս մեզ՝ հայրերին, հզոր չեն տեսնում»: Հովսեփ Հովսեփյանի խոսքի պատկերավորությունը չկորցնելու համար՝ չենք խմբագրի այն. «Բազմաթիվ ազատամարտիկներ մոտենում են ինձ, ասում՝ բա, պարոն Հովսեփ, ե՞րբ պիտի լինի աս բնակարանների, աս ընտանիքի, աս գումարի հարցը: Եվ ես, ինչպես հրամանատար, ինչպես ընկեր ու ազատամարտիկ, մինչեւ հիմա ասում էի՝ բա մի քիչ համբերեք, Ռոմա կամ Փարիզ մի օրվան չի շինվեց, պետք է մի քիչ կարգավորվի՝ էսի, էնի: Բայց խորքից, ոնց որ դուք, զգում եմ, որ ինչքան ժամանակ անցնում է՝ ոչ մի բան մը մեր, այսինքն՝ ժողովրդի մի մասնիկի օգտին չի փոխվում»: Ըստ նրա՝ ազատամարտիկները կարծես «բորդուրա մնան»: Որեւէ միջոցառման մասնակցելուց, ըստ նրա՝ ասվում է «պարոն իքսը, պարոն իգրեկը, պարոն զեթը եւ այլն»: «Այդ «եւ այլն»-ի մեջ մե՛նք ենք»,- ազդարարեց պարոն Հովսեփը: Ըստ նրա՝ ազատամարտիկները չգիտեն ում դիմեն՝ թաղապետարաններին, սոցապ բաժնին եւ այլն՝ իրենց խնդիրները լուծելու համար. «Բա մինչեւ ե՞րբ աս մարդերը պիտի այսպես սաթելիտի, սոյուզի նման օրբիտայի վրա ֆռռան, որ մի քանի կտոր հաց ձեռք բերեն»: Հովսեփ Հովսեփյանը խոստովանեց, թե «ոչ սիրտը թեթեւ», շատ մտահոգված ու որոշ ժամանակ համբերելով թողեցին ԵԿՄ-ն (թեեւ «Ոգու փորձության» նախաձեռնողները շարունակում են մնալ նաեւ ԵԿՄ անդամներ.- Ա. Ի.): «Շատ ու շատ օգտագործել են մեզի՝ տրաֆարետի նման. մի քիչ փչում ա քամի՝ է՛ս կողմը պետք է կանգնեք, մի քիչ էն քամի փչում ա՝ է՛ն կողմ: Արա՛, կանգնենք մե՛զ, մե՛ր ընկերների համար՝ մեկ անգամ: Ստեղծենք էս կազմակերպությունը, որ մե՛ր շահերի համար է,- հայտարարեց Հովսեփ Հովսեփյանը:- Վերջիվերջո, յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է մե՛զ էլ հաշվի առնի, մեզ հաշվետվություն ներկայացնի՝ Հայրենիքի հանդեպ մեր նպատակների, մեր երկրի զարգացման մասին… Չեմ ուզում ասել՝ իշխանություն կամ ընդդիմություն, բայց պետք է բոլո՛րը հասկանան, որ աս ազատամարտիկներն այն մարդիկ են, որ պատմության մեջ մի տեղ ունեցել են, եւ այն խնդրանքն ու պահանջը որ դնում են՝ պետք է լսվի: Կլսվի աջ, կլսվի ձախ, կլսվի միջին՝ քաղաքական բոլո՛ր օղակներում մեզ պետք է լսեն, եւ մենք չպիտի լինենք էս ու էն թեւի զառը: Է՛ս ա մեր իսկական տեղը՝ է՛ս ա մեր իսկական նպատակն էս կազմակերպությունը ստեղծելով, որ պաշտպանի մեր շահը եւ ազատամարտիկների տեսանկյունը մեր Հայրենիքի ապագայի մասին»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել