Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ

Փետրվար 11,2005 00:00

ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ Եթե ԼՂՀ իշխանություններն իրենք են «մանդատ տվել» Ռոբերտ Քոչարյանին Ղարաբաղի շուրջ բանակցություններ վարելու, ապա ինչո՞ւ են բողոքում, որ դուրս են մնացել այդ պրոցեսից: Անցյալ շաբաթ «Առավոտը» հրապարակել էր Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի Հայաստանի պարտավորությունների դիտարկման հանձնախմբի զեկույցը, որը պատրաստվել էր դեսպան Ռոլանդ Վեգեների գլխավորությամբ: Զեկույցը տեղեկացնում է, որ Ադրբեջանի նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի օրակարգում գրավյալ տարածքների հարցը ներառելու վերաբերյալ, ըստ Ռ. Քոչարյանի, մշակված էր բանակցային գործընթացը փակուղի մտցնելու համար: Ապա զեկույցում մեջբերված է Ռ. Քոչարյանի հայտարարությունը այն մասին, թե՝ «Ադրբեջանի հիշյալ նախաձեռնությունը վտանգեց այն մանդատը, որն ինքը ստացել էր ԼՂ իշխանություններից՝ բանակցություններ վարելու համար»: Մենք երեկ փորձեցինք նման մանդատ ունենալու մասին տեղեկությունը նախ ճշտել ԼՂՀ պաշտոնական աղբյուրներից: Մեր փորձերը՝ կապվել ԼՂՀ ԱԳՆ նախարարի հետ, որն, ի դեպ, երեկ Երեւանում էր, ապարդյուն էին: ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչությունից մեզ ասացին, որ նա խիստ զբաղված է: Փոխարենը այդ հարցով դիմեցինք ԼՂՀ նախագահի խորհրդական Գեորգի Պետրոսյանին: «Ես ծանոթ չեմ այդ զեկույցին եւ այդ հարցերին չեմ ուզում անդրադառնալ, որովհետեւ մեկնաբանություններ անելն իմ իրավասությունների մեջ չի մտնում: Այդ հարցի պաշտոնական պատասխանը կարող եք ստանալ պաշտոնական ճանապարհներով»,- պատասխանեց պարոն Պետրոսյանը՝ հավելելով, թե ԼՂՀ մի այլ խորհրդական էլ կա Հայաստանում (Մանվել Սարգսյանին նկատի ուներ- Ն. Մ.) եւ նման հարցերով պետք է նրան դիմել: Պարոն Սարգսյանն էլ իր հերթին ասաց, թե նման հարցերի պատասխանելու համար նա պետք է նախ խոսի ԼՂՀ նախագահի հետ: Իսկ մինչ այդ խնդրո առարկայի շուրջ իր տեսակետը հայտնեց Արամ Գ. Սարգսյանը, որը 1998-99 թվականներին (երբ այդ «մանդատը», ենթադրաբար, տրվել է) ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդականն էր արտաքին քաղաքականության հարցերով. – Մանդատ ասելն այս դեպքում շատ բարձր է հնչում, իհարկե: Բայց այն ժամանակ Ռ. Քոչարյանի սկսած քաղաքական գիծը ԼՂ հարցում բավարարում էր ԼՂՀ իշխանություններին, եւ բանակցություններին մասնակցության իմաստով որեւէ խնդիր չէր առաջանում: Փաստն այն է, որ ԼՂ մասնակցության հարցը բանակցություններին հայկական կողմերը չեն բարձրացրել: – Այդ դեպքում ինչո՞ւ են հիմա ԼՂ իշխանությունները դժգոհում, թե իրենք անմասն են բանակցություններից, եթե ժամանակին նման իրավունք իրենք են տվել Ռ. Քոչարյանին: – Կարծում եմ՝ իրադարձությունների զարգացումները հանգեցրին նրան, որ ԼՂ-ում արդեն հասկանում են, որ առանց իրենց մասնակցության հիմնախնդիրը չի լուծվի: 1998-ին էլ էին, իհարկե, նման հայտարարություններ լինում, բայց որովհետեւ այն ժամանակ դեռ բուն բանակցությունները չէին սկսվել, ուստի համարում էին, որ ԼՂՀ մասնակցության մասին խոսելը ժամանակավրեպ է: Բայց երբ սկսվեցին Քոչարյան-Ալիեւ հանդիպումները, պարզվեց, որ դրանք ընդամենը հանդիպումներ էին եւ այդպես էլ բանակցություններ չդարձան, ու այդ փուլին մասնակցելու հնարավորությունը ԼՂ-ն կորցրեց: Ժամանակին ԼՂ իշխանությունների ներկայացուցիչները պետք է մասնակցեին բոլոր գործընթացներին եւ բոլոր ատյաններում, բայց չարեցին: Հիմա հասկանում են, որ այսպես տանուլ են տալիս եւ ուզում են իրենց ճակատագիրն իրենք տնօրինել: – ԵԽԽՎ-ում Աթկինսոնի ներկայացրած զեկույցն ընդունվեց բանաձեւի տեսքով. Հայաստանում օրենսդիր եւ գործադիր իշխանությունները իրար էին մեղադրում՝ անհաջողության պատասխանատվությունը բարդելով մեկը մյուսի վրա, մինչդեռ ԼՂ իշխանությունների, դիվանագիտական կորպուսի մասին ընդհանրապես խոսք չկար: ԼՂ-ի մասնակցությունն այդ գործընթացներին չկար: Չե՞ք կարծում, որ ԼՂ իշխանություններն իրենք են մեղավոր բանակցություններից դուրս մնալու, նաեւ՝ նման անբարենպաստ բանաձեւերի ընդունման համար: – Այդ հարցում միանշանակ մեղքը ՀՀ արտգործնախարարությանն էր, իհարկե, ինչ-որ չափով նաեւ ԵԽԽՎ-ում ներկայացված մեր պատվիրակությանը: Բայց հիմնականում դա գործադիրի չկատարած աշխատանքի հետեւանքն էր: Այն ներկայացուցիչների, ովքեր ներկայացված են հենց ԵԽ-ում: Ինչ վերաբերում է ԼՂ իշխանություններին, ապա նրանք դրա հնարավորությունն անգամ չունեին: – Բայց նրանք չեն էլ փորձել ունենալ: – Նրանք, իհարկե, որոշակի ինքնուրույնություն պետք է ցուցաբերեին եւ համապատասխանաբար նաեւ քարոզչություն ծավալեին: Այդ իմաստով լրիվ համամիտ եմ: Բայց դրա պատճառն այն է, որ շատ է ամուր ԼՂ իշխանությունների ենթակայութունը Հայաստանի իշխանություններից, ուստի նրանք առայսօր զերծ են մնում ինքնուրույն քայլից: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել