Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻՆՉԸ ԽԱՆԳԱՐԵՑ ՅՈԺԻ «ՏԺԺԱԼՈՒՆ»

Փետրվար 11,2005 00:00

Վերջին
շրջանում մոդայիկ է դարձել պրոֆեսիոնալ դերասանների՝ այս կամ այն հեռուստաընկերությունում
հաղորդում վարելը: Սերգեյ Դանիելյանը՝ նույն ինքը՝ Յոժը, եւս բացառություն
չէ: «Հեռուստատեսությունը կանոնավոր եկամուտ ստանալու հնարավորություն է ընձեռում:
Այն հոբբիի նման բան է, ինքնաարտահայտվելու միջոց, եւ ոչ մի կրիմինալ չկա, որ դերասանը
հաղորդում է անում… հեռուստատեսությանը պետք են արտիստներ: Թեպետ ես իմ թատրոնն
ունեմ՝ «Իոն», ամիսը 2 անգամ էլ իմ ներկայացումներն եմ խաղում»,- պարզաբանեց Սերգեյ
Դանիելյանը: Ներկայումս նրա աշխատանքային հասցեն Տիկնիկային թատրոնի բեմն է: Յոժը
տեղեկացրեց, որ մայիսից հանդիսատեսի դատին կհանձնվի հին խաղացանկը, այդ թվում՝ հանրահայտ
«Լոռեցի Սաքոն» (ռեժիսոր՝ Խ. Չալիկյան), կլինի նաեւ նոր ներկայացում: «Հիմնականում
ես եւ ռեժիսոր Միքայել Վաթինյանը աշխատում ենք մոնոներկայացումների վրա: Խմբակային
խաղը ընդունում եմ, բայց այն թատրոնները, որ այսօր կան, ինձ չեն բավարարում, ես այնտեղ
ինձ չեմ տեսնում: Նրանք հաճախ անում են այնպիսի բաներ, որ ես էլ կարող եմ անել, ու
հաստատ կանեմ իրենցից շատ ավելի լավ: Թող մեծամիտ չհնչի, ուզում եմ աշխատելիս ստեղծագործական
որեւէ պատնեշ, դժվարություն հաղթահարել: Թե չէ ես էլ կարող եմ ծայրից ծայր Համլետի
տեքստը սովորել, փառք աստծո, հիշողությունս տեղն է: Կարող եմ տեղ-տեղ արցունք թափել,
հետո ծիծաղել, տեղ-տեղ նստել, վեր կենալ…հետո՞ ինչ»,- այսպես հիմնավորեց «մենակ
աշխատող» դերասանը: «Իսկ ինչո՞ւ փակվեց ձեր «Փշալար» հաղորդաշարը, արդյո՞ք պատճառը
եթերում հնչած հայհոյանքն էր»,- հետաքրքրվեց «Առավոտը»: «Հաղորդումը փակելու ե՛ւ
պատճառներ, ե՛ւ առիթ՝ կար: Առիթն այն էր, որ հաղորդումս երկու անգամ եթեր գնաց չմոնտաժված
տարբերակով, ստացվեց, որ եթերում հայհոյել է հյուրերիցս մեկը: Դա ռեժիսորի՝ Վարդան
Յուզբաշյանի փնթիությունն էր: Իմ կարծիքով, նա էնպիսի տղա է, որ չպետք է աշխատի հեռուստատեսությունում:
Իհարկե, ես էլ իմ մեղքի բաժինն ունեի, պետք է ավելի հետեւողական լինեի, որովհետեւ
ամբողջ ծրագիրը վրաս էր, ես եւ վարողն էի, եւ ժուռնալիստը: Ռեժիսորն էլ պիտի լինեի,
թող ներող լինի հասարակությունը, որ չեմ հասցրել: Իսկ փակելու պատճառը տեսակի խնդիրն
է: Միշտ լսել եմ, որ «հաղորդումը հետաքրքիր չի, մի քիչ աշխուժացրու, մի երկու աղջիկ
բեր, թող կողքը պարեն, աշխույժ լինի, ժողովուրդը տժժա եւ այլն»: Ես էլ անընդհատ բացատրել
եմ, որ սա էն ֆորմատը չի, որ աղջիկ բերես: Ես, իհարկե, կարող եմ տժժացնել, եթե հարկ
լինի, բայց դա էն տեղը չի: Համ էլ լավ տժժալու համար լավ փող է պետք: Ճիշտ է, իրենց
պատկերացրած աղջիկների համար $50-ն էլ է բավական, իմ պատկերացրած տժժալը մի քիչ շատ
կարժենա: Ի դեպ, ոչ մի նման պրոյեկտ երկարատեւ չի կարող աշխատել Հայաստանում, ամեն
պրոյեկտ մեր TV-ները չեն հասկանում: Թեեւ հաղորդումը փակվեց, բայց ես 3 ամսում հասցրի
հասնել իմ նպատակներին: Ստիպեցի հայկական հեռուստատեսություն չնայողներին նայել իմ
հաղորդումը: Բացի այդ, հետաքրքիր մտքեր ունեցող արվեստագետներին հնարավորություն
տվեցի եթերում արտահայտվել: Իմ բուն նպատակը միտքը շարժելն էր, դա ինձ հաջողվեց:
Եվ մարդիկ սկսեցին մտածել՝ եթե այսօր միտքը շարժվեց, բա որ վաղն էլ ուրիշ բան շարժվի,
ի՞նչ պիտի անենք»,- պարզաբանեց Յոժը: Ի դեպ, նա ցանկացած փոքրամասնության հանդեպ
ոտնձգությունը ֆաշիզմ է որակում, եւ եթե «իմ հաղորդումը թեկուզ փոքր լսարան ուներ,
ապա դրանք մարդիկ էին, ում ուղեղն աշխատում էր»: «Երբ «Կենտրոն» հեռուստաընկերության
տնօրեն Պետրոս Ղազարյանն ասաց, որ իր շրջապատի մարդկանց կարծիքով իմ հաղորդումը լավը
չէ, ես հասկացա, որ հաղորդումս կայացել է: Իսկ ինքը այնպիսի՜ շրջապատում է լինում՝
էդպիսին չլինելով… Մի խոսքով, ընդամենը 3 ամիս եմ եղել եթերում ու հաստատ «դամա»
եմ թռել: Ապացույցը՝ հետաքրքիր ու իրարամերժ արձագանքները: Վերջին հաղորդումը դեկտեմբերին
էր, Լեւոն Իգիթյանի վրա փակվեց: Թեման էր մեկենասության հետ կապված օրենքի ընդունումը
եւ ալտերնատիվ մի օղակի, ալտերնատիվ մշակույթ ղեկավարող կառույցի ստեղծումը: Ափսոս,
կիսատ մնաց»,- զրույցի ավարտին ասաց Սերգեյ Դանիելյանը: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել