Հակադիր
կարծիքներ՝ ոչ պետական բուհերի հավատարմագրման գործընթացի առնչությամբ «Ես
այն կարծիքին եմ, որ դատարանը երբեք իրավունք էլ չունի վճիռ կայացնելու եւ ասելու,
թե հավատարմագիր տվեք, ինչպիսի դատարան էլ լինի: «Գլաձորն» էլ է դիմել դատարան՝ օտար
լեզուների մասնագիտությունը հավատարմագրելու համար, եւ երբ կրթության եւ գիտության
նախախարը փոխվեց, սկսվեց մի զրույց, որ քանի դեռ նոր չափորոշիչներ չկան հաստատված,
հավատարմագրում չի լինի: Ես ընդամենը դատարանով պահանջեցի, որ նախարարությանը պարտավորեցնի՝
սկսել հավատարմագրման պրոցես: Եվ այդ գործողությունը չկատարվեց այնքան ժամանակ, մինչեւ
պրն Երիցյանը չհաստատեց նոր չափորոշիչները՝ անգլերենի գծով: Հետո կազմվեց մի շատ
պատկառելի հանձնաժողով, ամբողջ նախարարությունը «Գլաձորում» քննություն էր ընդունում,
արդյունքում՝ 2 տարվա շրջանավարտները քննություն հանձնեցին, եւ մի անբավարար գնահատական
չեղավ»,- պատմում է «Գլաձոր» համալսարանի ռեկտոր, Հավատարմագրված բուհերի միության
նախագահ Ժորա Ջհանգիրյանը: Այս կարծիքին են նաեւ կրթության ոլորտի բոլոր պատասխանատուները՝
անխտիր: Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու նման դատական գործընթացի եւ ականատես
լինելու, թե ինչ հիմքով է դատարանը վճիռ կայացնում. մոտավորապես այսպես՝ հաշվի առնելով
ԿԳ նախարարության անգործությունը: Նախարարությունն իր հերթին պատճառաբանում է, թե
չափորոշիչներ չկան, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում ուրիշ բուհերի նույն
մասնագիտություններ հավատարմագրվում են: Իսկ ինչո՞ւ է դատարան դիմել «Անանիա
Շիրակացի» համալսարանը՝ հավատարմագիր ստանալու, օրինակ, գերմաներեն մասնագիտության
գծով: Բացատրում է բուհի ռեկտոր Վաղարշակ Մադոյանը. «Գերմաներենի ժամանակ լիցենզավորման
վարչությունը պատճառաբանեց, թե բուհը 3 գիտությունների թեկնածու չունի, դրա համար
չենք հավատարմագրում, այն դեպքում, երբ բուհին լիցենզիա տալու ժամանակ չէին առանձնացվում
օտար լեզուների տեսակները: Այս դեպքում ասում են՝ ամեն լեզվի համար առանձին մոտեցում
պետք է լինի: Մինչդեռ փաստաթղթերում օտար լեզուն ընդհանուր է ներկայացվում»: Պրն
Մադոյանին հետաքրքրում էր նաեւ. ինչպե՞ս պատահեց, որ մի քանի բուհեր (այստեղ նշվում
են Հր. Աճառյան համալսարանի, «Գլաձորի», «Գալիքի» անունները) շատ արագ ստացան հավատարմագիր,
իսկ մնացածն ընկավ դատարանի դռները: Բանավեճը շարունակում է Ժ. Ջհանգիրյանը.
«Եթե այսօր բուհը բացեցիր, վաղն արդեն բուհ է կոչվում, փառք ու պատիվ իրենց: Այսօր
9 բուհ, եթե ոչ ավելի, գործում է միայն պոլիտեխնիկական ինստիտուտի շենքում: Բուհը
չունի ոչ իր շենքը, ոչ իր միջոցները, բայց հավատարմագրվում է եւ կոչվում է բուհ:
Իհարկե, օրենքը թույլ է տալիս վարձակալել սենյակներ: Հիմա կմտածեն՝ իր ինչ գործն
է, բայց փորձ է արվում վարկաբեկել մասնավոր կրթական համակարգի, մասնավոր կրթության
գաղափարը: Թացն ու չորն իրար հետ վառում են մեր երկրում, 20-30 հավատարմագրված բուհ
կա, ընդ որում՝ մեծ մասը դատարանների միջոցով»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ