Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԻՍՏ ԷՐ ՍԻՐՈՒՄ

Փետրվար 11,2005 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի
դատարանում, դատավոր Պարգեւ Օհանյանի նախագահությամբ, սկսվեց Տիգրան Մեծ պողոտայի
36 շենքի 51 բնակարանում դաժան սպանություններ իրականացրած Արտաշես Յուրիկի Հովհաննիսյանի
դատավարությունը: Նրա պաշտպանությունն իրականացնում են Հայաստանի փաստաբանների
միության փաստաբաններ Գագիկ Սարդարյանն ու Գագիկ Սոլոմոնյանը: Մեղադրողն էր Վլադիմիր
Աղամիրյանը: Այս գործով դատակոչվելու են 11 վկաներ, իսկ տուժողի իրավահաջորդ Վարդան
Հայրապետյանին գործով «ձեւակերպել» էին իբրեւ հայցվոր: Թե վկաները, թե տուժողի իրավահաջորդը
դատարան չէին ներկայացել: Մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ
մասը: Ըստ որի, 2003թ. հոկտեմբերի 22-ի գիշերը Տիգրան Մեծ պողոտայի 36 շենքի 51 բնակարանում
Արտաշես Հովհաննիսյանը, «շահադիտական դրդումներով, առանձին դաժանությամբ, ապօրինաբար
դիտավորությամբ» կյանքից զրկել է Գարիկ եւ Անահիտ Հայրապետյաններին, Հրաչյա Բերժյանին
ու Դավիթ Նիտալյանին: Ըստ մեղադրականի, Ա. Հովհաննիսյանը «շարունակաբար սիրո զգացմունքներ
տածելով» Իրինա Հակոբջանյանի նկատմամբ, նպատակ է ունեցել ամուսնանալ նրա հետ եւ հոկտեմբերի
26-ին կայանալիք վերջինիս ու Գարիկ Հայրապետյանի պսակադրությունը խափանելու համար
հոկտեմբերի 22-ի գիշերը, ժամը 3-ին մուտք է գործել բնակարան, առանձին-առանձին հարձակվել
բնակարանում գտնվող անձանց վրա, մուրճի բազմաթիվ հարվածներով սպանել 4 հոգու, հափշտակել
7284 ԱՄՆ դոլարին համարժեք 4.257.990 դրամի ընդհանուր արժողությամբ գույք՝ բնակարանում
եղած ոսկյա զարդերը, բջջային հեռախոսը ու հեռացել: Հետաքրքիր է, որ մինչ հանցագործությունը,
նա հոկտեմբերի 10-ին ինքնաթիռով մեկնել էր Մոսկվա, հաջորդ օրը ավտոբուսով ուղեւորվել
Թբիլիսի, ապա հոկտեմբերի 12-ին ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը եւ վերադարձել Երեւան
(ալիբի ստեղծելու համար): Այնուհետեւ, երբ մուտք էր գործել Գարիկենց բնակարան եւ
կատարել իր ոճրագործությունը, նույն օրը դարձյալ ապօրինի հատել էր պետական սահմանը
եւ Հայաստանից փախուստի է դիմել: (Ի դեպ, պարզվել էր նաեւ, որ նա Գ. Հայրապետյանի
գրպանում եղած գումարն է վերցրել): Երեկ Արտաշես Հովհաննիսյանը մասնակիորեն
իրեն մեղավոր ճանաչեց. նա չէր ընդունում, թե շահադիտական դրդումներով է սպանությունն
իրականացրել: Նա ասաց, որ ինքը վերջում կխոսի: 11 վկաների ցուցակում նկատեցինք, որ
չկա հիշատակված Իրինա Հակոբջանյանը, որը, մեր տեղեկություններով, գտնվում է Մոսկվայում:
Ամբաստանյալ Ա. Հովհաննիսյանին այս մեղադրականով սպասում է պատժի առավելագույն չափ՝
ցմահ ազատազրկում: Մեր տեղեկություններով, ամբաստանյալի մայրը արդեն մի քանի տարի
է՝ գտնվում է ԱՄՆ-ում, ամբաստանյալն ավարտել է Մանկավարժական համալսարանի ռեժիսորական
ֆակուլտետը, աշխատել է «Ծղոտներում»՝ որպես բարմեն: Երեկ սահմանվեց ապացույցների
հետազոտման կարգը, որոշվեց լսել նախ վկաներին, ապա ամբաստանյալին եւ հետո հետազոտել
ապացույցները: Եվ քանի որ վկաները չէին ներկայացել՝ հետեւաբար նիստը հետաձգվեց: Ի
դեպ, դատական նիստի ժամանակ մարդասպանը դժգոհեց սրտի ծակոցներից: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել