Երեկ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը
եւ Վաճառողների միության նախագահ Ցոլվարդ Գեւորգյանը տղամարդավարի զրուցել են Հարկային
ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի հետ: Չգիտես ինչու, պարզեցված
հարկում կատարված փոփոխությունների շուրջ բուռն քննարկումները սկսվել են հիմա, երբ
ԱԺ-ն արդեն հաստատել եւ այս տարվա հունվարի 1-ից կիրառության մեջ է դրել դրանք: Հիշեցնենք,
որ, փոփոխությունների համաձայն, պարզեցվածով վճարող այն հարկատուները, ում տարեկան
շրջանառությունը գերազանցում է 50 մլն դրամը եւ կամ ստուգումների պահին նրանց մոտ
հայտնաբերվում է 15 մլն դրամից բարձր արժողության ապրանքային մնացորդ, դուրս են գալիս
պարզեցված հարկային դաշտից եւ պետք է վճարեն շահութահարկ, ավելացված արժեքի եւ այլ
հարկեր: Հունվարի 25-ին ավարտված հայտարարագրումից հետո պարզվել է, որ շատերը չեն
տեղավորվում սահմանափակված դրույքաչափերի մեջ եւ ստիպված են վճարել բարձր հարկերը
կամ ուղղակի փակվել: Խոսքը հիմնականում վերաբերում է մեծածախ առեւտրի կետերին եւ
փոքր արտադրամասերին: Տիկին Ցոլվարդը ոչ մի տրամաբանություն չէր տեսնում 15 միլիոնանոց
ապրանք ունենալու դեպքում մինչեւ տարեկան 50 մլն դրամ շրջանառություն ունենալու հաշվարկի
մեջ եւ գտնում էր, որ պետք է 50-ի փոխարեն սահմանվի 200 մլն դրամի շեմ: Առաջարկեց
նաեւ հարկային փոփոխությունը տարածել միայն առեւտրի ոլորտի վրա եւ հանգիստ թողնել
արտադրողներին: Վերջիններս հատկապես դժգոհում էին, որ ապրանքային մնացորդի մասին
կետում առանձնացված չէ վաճառքի ենթակա պատրաստի արտադրանքը հումքից, կիսահումքից
եւ սարքավորումներից՝ դրանք նույնպես իրենց ապրանքն են: Քննարկման մասնակից արտադրողներն
ասացին, որ այդ տարանջատման մասին պատկերացում չունեն նաեւ իրենց մոտ ստուգումների
եկած հարկային տեսուչները: Պարոն Ալավերդյանը դա համարեց բացթողում եւ խոստացավ քննարկել
խնդիրը «վերեւներում»: Իսկ առեւտրականների մասին բացահայտեց իրենց վաղուց իմացած
«գաղտնիքը»՝ բոլոր խոշոր ներմուծողներն ու արտադրողներն ունեն մանրածախ կետեր եւ
անձամբ են զբաղվում ապրանքի իրացմամբ, «ուրեմն թողնենք նրանք մնան մանր հարկատունե՞ր»:
Փոփոխություններով սահմանվում է նաեւ պարզեցվածից զրկել նույն բիզնեսում փոխկապակցված
անձերից՝ բաժնետերերից մեկին: Սակայն ներկաները միաձայն ասացին, որ հարկային տեսուչների
պատկերացմամբ, պետք է փակվի միմյանց հետ արյունակցական կապ ունեցողներից մեկի «պարզեցված
դաշտը»: Այնինչ, նրանք բոլորն էլ կարող են առանձին ընտանիքի ու գործի տեր լինել եւ
նույնիսկ չշփվել իրար հետ: Ա. Ալավերդյանը մի խոստում էլ տվեց՝ ճիշտ «ինստրուկտաժ»
անել տեսուչներին: Հարկային վերադասին մի կարեւոր գործ էլ կա անելու. փոփոխությունների
առիթն օգտագործելով՝ հարկային տեսուչները տարեսկզբից ստուգումներ են սկսել առեւտրի
եւ արդյունաբերական բոլոր կազմակերպություններում: Այնինչ, ստուգումների մասին օրենքով
դրանք պետք է սկսվեին ապրիլի 1-ից, ինչը չժխտեց նաեւ Ա. Ալավերդյանը: Այս փոփոխություններին
դեմ արտահայտվելով, ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը թարմացրեց հարկային պաշտոնյայի
հիշողությունը, ասելով. «Մենք մի բան էինք քննարկել ու պայմանավորվել, որ փոքր ձեռնարկատերերին
պարզեցված հաշվապահություն վարելու հնարավորություն տանք եւ հեշտացնենք նրանց գործը,
բայց տարիների ընթացքում դուք այնքան փոփոխեցիք այդ օրենքը, որ խոշոր բիզնեսը օգտվեց
ստեղծված արտոնությունից եւ մտավ փոքր եւ միջին բիզնես»: ՌՈՒԶԱՆ
ԱՐՇԱԿՅԱՆ